Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները վկայում են, որ հրեական պետությունը Պաղեստինյան անկլավում զինված հակամարտությունը դադարեցնելու ցանկություն չունի: Նման հայտարարությամբ է հանդես եկել Եգիպտոսի արտգործնախարարությունը՝ մեկնաբանելով Գազայի դպրոցի վրա իսրայելական վերջին հարվածը։
«Ամեն անգամ, երբ միջնորդներն ակտիվացնում են ջանքերը՝ փորձելով հասնել Գազայի հատվածում հրադադարի, Իսրայելը քաղաքացիական անձանց հերթական կանխամտածված սպանությունն է կատարում, ինչը համոզիչ կերպով ապացուցում է, որ իսրայելական կողմը չունի իրական քաղաքական կամք՝ վերջ դնելու այդ դաժան պատերազմին»,- ասված է Եգիպտոսի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ:
Այսօր առավոտյան ՑԱՀԱԼ-ը հայտնել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված է հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման շտաբին՝ տեղակայված դպրոցի տարածքում: ՀԱՄԱՍ-ից էլ հայտարարել են, որ Իսրայելը պատրվակներ է հորինում՝ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներ իրականացնելու համար։ Հայտնի է, որ հարվածի հետևանքով առնվազն 93 մարդ է զոհվել, այդ թվում՝ 11 երեխա և 6 կին: