56 տարեկանում թոքերի քաղցկեղից կյանքից հեռացել է YouTube-ի նախկին գլխավոր տնօրենը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

YouTube-ի նախկին գլխավոր տնօրեն եւ Google-ի բազմամյա ղեկավար Սյուզան Վոջիցկին շաբաթ օրը վախճանվել է 56 տարեկան հասակում, թոքերի քաղցկեղի դեմ երկամյա պայքարից հետո։

«Խոր թախիծով տեղեկացնում եմ Սյուզան Վոջիցկու վախճանման մասին։ 26 տարվա իմ սիրելի կինը եւ մեր հինգ երեխաների մայրը լքեց մեզ այսօր թոքերի քաղցկեղի դեմ պայքարի երկու տարիներից հետո»,- գրել է Վոջիցկու ամուսինը՝ Դենիս Թրոպերը, Ֆեյսբուքի իր հաղորդման մեջ։

Տեխնոլոգիաների ոլորտում ամենահայտնի կանանցից մեկը Google է եկել 1999թ. եւ դարձել տեխնոլոգիական հսկայի առաջին աշխատակիցներից մեկը, մինչ ընկերությունը ձեռք կբերեր YouTube-ը։ Google-ը YouTube-ը գնել է 2006թ. 1,65 մլրդ դոլարով։

2014թ. YouTube-ի գլխավոր տնօրեն դառնալուց առաջ Վոջիցկին Google-ի գովազդային արտադրանքի գծով ավագ փոխնախագահն էր։

Աշխատանքի ինը տարիներից հետո Վոջիցկին 2023թ. հեռացել է YouTube-ում զբաղեցրած պաշտոնից, որպեսզի կենտրոնանա «ընտանիքի, առողջության եւ անձնական նախագծերի վրա»։ Նրան փոխարինել է տեղակալ Նիլ Մոհանը, որը գովազդի գծով ավագ մենեջերն էր եւ Google է եկել 2008թ.։




Լրահոս