Մեկնարկում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման շաբաթապահքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տաղավար տոներին նախորդում են շաբաթապահքեր: Տաղավար տոն է նաև Սուրբ Աստվածածնի Վերափոխումը, որն այս տարի նշվելու է օգոստոսի 18-ին, գրում է Qahana.am-ը։

Այսօրվանից` երկուշաբթիից, սկսվում է շաբաթապահքը, որը տևելու է մինչև ուրբաթ: Բոլոր ցանկացողները, կիրակնօրյա Սուրբ Պատարագին մասնակցելով և Սուրբ Հաղորդություն ստանալով, դուրս են գալիս պահքից:

Սակայն ի՞նչ է առհասարակ պահքը, ի՞նչ խորհուրդ ունի:

Պահք ասելով առաջին հերթին պատկերացնում ենք սննդի ու հոգևոր պահեցողության ընդհանուր դրույթները։ Իսկ գործնականում այն ենթադրում է հսկել, պահպանել։ Պահքն այն ժամանակն է, երբ մեր միտքը հսկում է հոգուն՝ այնտեղ պահված գանձը պահպանելու համար։

Մարդը հանուն շահի, սեփականության, դրամի պատրաստ է ցանկացած քայլի։ Եվ որքան ագրեսիվ է արտաքնապես, ակտիվ՝ նյութական արժեքները պահպանելու առումով, այնքան պասիվ է հոգևոր արժեքների պահպանման հարցում։

Եվ ահա պահքը հնարավորություն է` փոխելու իրավիճակը և նախանձախնդիր լինելու հոգևոր արժեքների պահպանմանը։

Ժամանակի մեջ իր հետքը թողնելու համար մարդը ստեղծել է օրացույց, որի ամեն օրն իր «անունն» ու խորհուրդն ունի։ Եկեղեցին էլ ունի իր օրացույցը, որը մարդուն հիշեցնում է, որ ինքը ոչ միայն աշխատուժ է, այլ նաև Աստծո զավակ, ոչ միայն հասարակության անդամ է, այլև երկնքի քաղաքացի։ Իսկ եկեղեցական օրացույցի մեջ առանձնահատուկ են պահոց օրերը ։

Պահքը տալիս է հնարավորություն և ժամանակ՝ վերագտնելու հոգու ազատությունը։ Այդ ազատությունը պայմանավորված է ոչ միայն մեղքից, մոլություններից, կախվածություններից ու պարապ զբաղմունքներից հրաժարվելով, այլ նաև հարատև աղոթքով, բարի ընթացքով ու պատվիրանապահությամբ:

Պահքին մշտապես հաջորդում է տոնն ու հոգևոր ուրախությունը: Շաբաթապահքի այս շրջանում խնդրենք Սուրբ Աստածամոր բարեխոսությունը ողջ սրտով, զղջանք և ապաշխարենք: Հիշենք՝ չապաշխարելով՝ մարդը քարանում է մեղքի մեջ․ ուստի՝ օգտագործենք մեզ տրված այս թանկ ժամանակը՝ մաքրագործվելու, ապաշխարելու։ Այսպիսով` մաքրված հոգիներով և մարմիններով տոնենք Տիրամոր վերափոխման տոնը` մասնակցելով այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագին: Նշենք, որ հավարտ Վերափոխման տոնի Սուրբ Պատարագի` բոլոր եկեղեցիներում կկատարվի Խաղողօրհնության կարգ:




Լրահոս