ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահնեը խուզարկել են Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանի հայրիկի, աներոջ տունը եւ աներոջ տանից տարել են 9900 դոլար, որն, ինչպես բացատրել են ընտանիքի անդամները, առևտրով են զբաղվում եւ իրենց տան գումարն է:
Ավելին, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, իրավապահները խուզարկել են նաեւ թաղապետարանն ու տարել այնտեղից մի քանի համակարգիչ:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության բողոքն ու Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանին տնային կալանքից տարել են բանտ: Փաստաբան Արթուր Պիվազյանից ArmLur.am-ը փորձեց պարզել տեղեկությունը, ի պատասխան նա հայտնեց, որ խափանման միջոցը փոխվել է:
Հայտնել էինք, որ երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը քննելու է դատախազության բողոքը, որով նա պահանջում է Արաբկիրի նախկին թաղապետ Արամ Ազատյանին տեղափոխել բանտ, եւ որ նա տանը չկրի կալանքը։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում համապատասխան քրեական վարույթը նախաձեռնվել և քննվում է քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի («Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը») 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 46(հանցակցություն)-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 435-րդ հոդվածի («Կաշառք ստանալը») 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի, 436-րդ հոդվածի («Կաշառք տալը») 2-րդ մասի 3-րդ կետի և 437-րդ հոդվածի («Կաշառքի միջնորդությունը») 1-ին մասի հատկանիշներով։ ՔՕ տարբեր հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել 8 անձանց, այդ թվում՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձանց: Նշված բոլոր անձինք ձերբակալվել են:
Մեղադրյալներից 4-ի, այդ թվում` երկու պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս պաշտոնատար անձի նկատմամբ՝ տնային կալանքը և համակցված` գրավը՝ 30 մլն դրամի չափով։ Եվս 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը»:
Փաստաբան Արթուր Պիվազյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հարգելի ընկերներ, գործընկերներ և մասնավորապես, ԶԼՄ ոլորտի գործընկերներ, այսօր տարբեր լրատվական կայքերից տեղեկացա, որ լուրեր են շրջանառվում, թե վարույթն իրականացնող մարմինը խուզարկություններ է իրականացրել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի հարազատների բնակարաններում, աշխատասենյակում, որոնց արդյունքում առգրավվել են մի քանի համակարգիչ և 9900 ԱՄՆ դոլլար գումար։
Նախ ցանկանում եմ տեղեկացնել, որ, վարույթն իրականացնող մարմինն Արամ Ազատյանի հարազատների բնակարաններում խուզարկություններ իրականացրել է, ոչ թե հիմա, այլ սույն թվականի հուլիսի 3-ին, այսինքն՝ մինչև Արամ Ազատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն դատարան ներկայացնելը։ Հուլիսի 3-ից սկսված մինչ այս պահը Արամ Ազատյանի հարազատների բնակարաններում ոչ մի խուզարկություն չի իրականացվել։ Այսինք, այս տեղեկությունը հայտնի է եղել նույնիսկ մինչև Արամ Ազատյանին ձերբակալելը, հետևաբար այն այս պահին տարածելու շարժառիթն անհասկանալի է։
Երկրորդ, Արամ Ազատյանի հարազատների բնակարաններում իրականացված խուզարկությունների արդունքում թե ինչ է առգրավվել, չեմ կարող ասել, քանի որ նշված քննչական գործողություններին չեմ մասնակցել և այդ մասով որևէ տեղեկություն չունեմ։ Նշված քննչական գործողությունների արձանագրությունները և դատարանների համապատասխան որոշումները տրամադրելու միջնորդություն եմ ներկայացրել վարույթն իրակամոնացնղ մարմնին։
Երրորդ, Արամ Ազատյանի աներոջ տան խուզարկությամբ, եթե իրականում հայտնաբերվել է 9․900 ԱՄՆ դոլլար, ապա պետք է նշեմ, որ Արամ Ազատյանի կնոջ հայրը գործարար է, ով բիզնես գործունեությամբ զբաղվում է դեռևս 90-ականների սկզբերից։
Չորրորդ,
ArmLur.am կայքում Արամ Ազատյանի մասին տպագրված հոդվածը ուղեկցվում է նաև մի տեսանյութով, որտեղ Արամ Ազատյանի աներոջ տան խուզարկությամբ 9․900 ԱՄՆ դոլլար առգրավվելու լուրը պատկերվում է 20․000 ՀՀ դրամանոցնեով մի նկար, որոնց վրա գրված է «կաշառք» և որը ոչ մի կապ չունի Արամ Ազատյանի քրեական վարույթի հետ։ Հարգելի ԶԼՄ ոլորտի գործընկերներ, իրականությանը չհամապատասխանող և ոչ ճիշտ տեղեկություններ, իրականության հետ որևէ կապ չունեցող նկարներ և տեսանյութեր խնդրում եմ մի տարածեք։ Միանշանակ Արամ Ազատյանի հարազատներից ոչ մեկի բնակարանի խուզարկությամբ «կաշառք» գումարներ չեն հայտնաբերվել»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան