Աթենքի մերձակայքում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունաստանում անտառային հրդեհները տարածվել են Աթենքի հյուսիսում, կրակի բոցերի բարձրությունը հասնում է մինչև 25 մետրի։ Հազարավոր մարդիկ տարհանվել են։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն։

Ըստ հրշեջ ծառայության՝ Վառնավաս քաղաքում այրվում են տներ։ Հրշեջները տարհանել են մարդկանց, որոնք 20-25 մեքենաներով փորձել էին փախչել հրդեհներից, սակայն հայտնվել էին ծուղակում։

Օգոստոսի 10-ից Հունաստանում 40 հրդեհ է բռնկվել, որոնցից մի քանիսը դեռ չի հաջողվել մարել։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է ավելի քան 500 հրշեջ և 150 միավոր տեխնիկա։

Կրակը տարածվում է դեպի Աթենքի հյուսիս-արևելքում գտնվող Պենտելի գյուղը, որտեղ առնվազն 3 հիվանդանոցից մարդկանց տարհանել են։ Կրակի արագ տարածմանը նպաստում են ուժգին քամիները։

Պատմական Մարաթոն քաղաքի բնակիչներին նույնպես տարհանվելու հրահանգ է տրվել։

Ստեղծված ճգնաժամով զբաղվելու համար Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ընդհատել է իր արձակուրդը և վերադարձել Աթենք։

Հունաստանում այս տարի գրանցվել են դիտարկումների պատմության ընթացքում ամենաշոգ հունիսը և հուլիսը։




Լրահոս