Կոբախիձեն հայտարարել է, որ վրաց-ամերիկյան հարաբերությունների վերագործարկման հարցն ԱՄՆ-ի ձեռքերում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաց-ամերիկյան հարաբերությունները, հնարավոր է, լիովին վերագործարկվեն հաջորդ տարվա ընթացքում. ամեն ինչ ամերիկացի գործընկերների ձեռքերում է, հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Այս մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Ամերիկացի սենատոր Ջին Շահինը և կոնգրեսական Մայք Թերները ժամանել են Թբիլիսի և հանդիպումներ են ունենում ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության, ոչ կառավարական   կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Օգոստոսի 10-ին  նրանց հետ հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեի խոսքով՝ սենատոր Շահինի և կոնգրեսական Թերների հետ հանդիպմանն ինքը հայտնել է այն հիասթափությունն ու անհանգստությունը, որ առաջացնում են այսօրվա երկկողմ հարաբերությունները վրացական իշխանությունների մոտ։

Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել է, թե ինչ է ակնկալում Թբիլիսին Վաշինգտոնից առաջիկա տարում։

Կոբախիձեի խոսքով՝ հանդիպմանը նշվել է, որ հարաբերությունների վերագործարկումը հավասարապես համապատասխանում է ինչպես Վրաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի շահերին:

Միացյալ Նահանգները հայտարարել է մայիսի 30-ից Վրաստանի հետ հարաբերությունների վերանայման մասին՝ երկրում   «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» ընդունված օրենքի պատճառով: Ըստ օրենքի՝ արտասահմանից  ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունները և զանգվածային լրատվամիջոցները պարտավոր են գրանցվել հատուկ գրանցամատյանում և լրացնել հայտարարագիր։

Ի պատասխան Վրաստանի իշխանությունների քաղաքականության՝ հունիսի սկզբին Միացյալ Նահանգները վիզային սահմանափակումներ է մտցրել մի քանի տասնյակ անձանց և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ՝ Վրաստանում «ժողովրդավարությունը խաթարելու» համար, իսկ հուլիսի սկզբին «Արժանի գործընկեր 2024» (Noble Partner) վրաց-ամերիկյան զորավարժություններն անժամկետ հետաձգվել են։

Բացի այդ, հուլիսի վերջին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է Վրաստանի կառավարությանը 95 մլն դոլարի օգնությունը դադարեցնելու մասին՝ Վրաստանի հետ հարաբերությունների վերանայման շրջանակներում։

Իր հերթին Եվրամիությունը որոշել է սառեցնել Վրաստանի պաշտպանության նախարարության համար նախատեսված 30 միլիոն եվրոն, ինչպես նաև դադարեցնել ԵՄ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացը։




Լրահոս