Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի մասնակիցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Բացահայտիր Հայաստանը» ծրագրին մասնակից երիտասարդ հայորդիներին՝ ուղեկցությամբ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ տիար Վազգեն Յակուբյանի։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, հանդիպմանը տիար Յակուբյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ընդգծել է, որ ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի նպատակն է ուխտագնացությունների, ճանաչողական և մշակութային ծրագրերի միջոցով զորացնել աշխարհասփյուռ հայ երիտասարդների կապը Հայրենիքի հետ, ծանոթացնել նրանց հայ մշակույթին և հոգևոր ժառանգությանը։ Տիար Յակուբյանը տեղեկացրել է նաև, որ ծրագրի շրջանակներում երիտասարդ հայորդիները Հայաստանում մասնակցում են կամավոր մարդասիրական ու համայնքային տարբեր ծրագրերին, այսօր էլ նախատեսում են կամավորական աշխատանքներ իրականացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Իր օրհնությունն ու հայրական պատգամը բերելով ներկաներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրորեն գնահատել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից իրականացվող նմանօրինակ ծրագրերը, որոնց շնորհիվ սփյուռքի հայ երիտասարդներին հնարավորություն է ընձեռնվում ճանաչելու Հայրենիքը, զորացնելու ազգային ոգին ու գիտակցությունը։

Հայոց Հայրապետը համոզմունք է հայտնել, որ երիտասարդները հաղորդ դառնալով հայրենի իրականությանը և հայրենիքով առավել ներշնչված՝ իրենց կարողություններն ի սպաս կդնեն հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը և լուսավոր ապագայի կերտմանը։

Վերջում Վեհափառ Հայրապետը հայորդիներին պատգամել է նաև հավատարիմ մնալ նախնյաց արժեքներին, նախանձախնդրություն դրսևորել ազգային ինքնության պահպանման գործում և ակտիվորեն ներգրավվել ազգային-եկեղեցական կյանքին:




Լրահոս