Երեկ երեկոյան Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում կայացավ հոգեհանգստյան արարողություն` հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհված, 19-ամյա զինծառայող` Արայիկ Ռոմիկի Բաբայանի հիշատակին:
Հոգեհանգստյան արարողությունից հետո` «Հայկի սերունդ» երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվեց մոմերով երթ` եկեղեցուց մինչև նահատակված զինվորի շենքի բակը:
Երթը երիտասարդների մասնակցությամբ միտված էր Բաբայանների ընտանիքի զորակցությանը:
«Ես շնորհակալություն եմ հայտնում այն երիտասարդներին, ովքեր մասնակցեցին երթին, այն կազմակերպել ենք մեկ ժամվա ընթացքում : Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում նահատակված զինվորի ընտանիքին»,- իր խոսքում նշեց «Հայկի սերունդ» ԵՀԿ փոխնախագահ Երվանդ Հաջիյանը:
Արայիկ Բաբայանը զոհվեց մարտի 27-ին` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի, պահպանության տեղամասի հենակետում` մարտական առաջադրանք կատարելու ժամանակ:
Գենադի Երեմյան
Ստեփանակերտ