ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ 24News.am կայքում «Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները եւ ո՞ւմ հրահանգով էին գործում» վերնագրի ներքո հրապարակված տեղեկությունների վերաբերյալ ներկայացված բողոքի կապակցությամբ
Ա․ ՓԱՍՏԵՐ
2024-ի հունիսի 10-ին Դիտորդ մարմին է դիմել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ խնդրելով գնահատել 24News.am լրատվական կայքում մայիսի 13-ին
«Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները եւ ո՞ւմ հրահանգով էին գործում» վերնագրի ներքո հրապարակված հոդվածում առկա տեղեկությունների համապատասխանությունը Հայաստանի լրագրողների եւ լրատվամիջոցների էթիկական սկզբունքների կանոնագրին։
Խնդրո առարկա հոդվածում, անդրադառնալով մայիսի 13-ին Երեւանի Թումանյան փողոցում ոստիկանների կողմից 24 Newsի լրագրող Մերի Մանուկյանի դեմ կիրառված բռնության դեպքին, խմբագրությունը կարծիք է հայտնում, որ տեղի ունեցածը հատուկ է արվել՝ քաղաքական հանձնարարությամբ։
«Հատկապես ուզում ենք առանձնացնել կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու ԱԺ պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի
նախագահ Անդրանիկ Քոչարյանի անունները, որոնք սկսել են վերջերս «անառողջ» հետաքրքրասիրությամբ հանդես գալ մեր լրատվամիջոցի նկատմամբ, միջնորդավորված սպառնալիքներ հնչեցնել։ Քանի դեռ այս ամենը կրում էր «բանավոր» բնույթ, մենք լուրջ չէինք վերաբերվում նրանց սպառնալիքներին, սակայն հիմա կարծում ենք, որ Մերի Մանուկյանի նկատմամբ բռնությունը, իշխանական տելեգրամ ալիքներում մեր լրատվամիջոցի ու նրա ղեկավար Նարեկ Գալստյանի նկատմամբ գրվող արատավոր «տեղեկությունները» իշխանական նույն քաղաքականության հիմքն են», – մասնավորապես ասվում է նյութի մեջ:
Արայիկ Հարությունյանը դիմումի մեջ պնդում է, որ հոդվածում իր վերաբերյալ հաղորդված տեղեկությունը կեղծիք է եւ ապատեղեկատվություն։ Դիմումում նշվում է, որ կայքի խմբագրակազմը նյութը հրապարակելիս չի փորձել կապվել Հարությունյանի կամ նրա ներկայացուցիչների հետ՝ տեղեկությունը ճշտելու կամ մեկնաբանության համար:
Ըստ Հարությունյանի՝ հրապարակումը լուրջ հարված է իր եւ իր ներկայացրած քաղաքական ուժի բարի համբավին։
Քննության առնելով Արայիկ Հարությունյանի դիմումը՝ Դիտորդ մարմինը կապ է հաստատել 24News.am կայքի խմբագրության հետ՝ տեղեկացնելով բողոքի բովանդակության մասին եւ ակնկալելով խմբագրության պարզաբանումներն ու դիրքորոշումը։ Ի պատասխան՝ 11.06.2024-ին 24News-ի տնօրեն
Նարեկ Գալստյանը ԴՄ-ին գրավոր տեղեկացրել է, որ հոդվածում ներկայացված կարծիքը ծագել է այն բանից հետո, երբ Մերի Մանուկյանի հետ կապված միջադեպից մոտ մեկ շաբաթ առաջ Արայիկ Հարությունյանը իր ծանոթի հետ զրույցում փոխանցել է լրատվամիջոցի ակտիվության վերաբերյալ իր «մտահոգությունները», ինչպես նաեւ
«ակնարկել», թե «այդ ամենն անհետեւանք» չի կարող մնալ։ Գալստյանը նաեւ նշել է, որ չի կարող բացահայտել իր աղբյուրը եւ խորհուրդ է տվել Հարությունյանին՝ դիմել դատարան։
Տեղեկությունները հրապարակելուց առաջ Արայիկ Հարությունյանից մեկնաբանություն հայցելու խնդրի վերաբերյալ 24News-ի ղեկավարը նշել է, թե դա անիմաստ է համարել, որովհետեւ «ակնհայտ է եղել, որ նա (Հարությունյանը) չի կարող հանրային կերպով ընդունել իր հետաքրքրասիրության ու ակնարկների մասին տեղեկատվությունը»:
Նարեկ Գալստյանը ԴՄ-ին ուղղված իր նամակում նաեւ մտահոգություն է արտահայտել, որ Մերի Մանուկյանի դեպքի հետ կապված՝ որեւիցե ոստիկանի նկատմամբ չի նշանակվել ծառայողական քննություն, իսկ լրագրողի դեմ բռնություն կիրառած ոստիկանները դեռ շարունակում են իրականացնել իրենց պարտականությունները։
Բ․ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԷԹԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ
I. ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք
I. Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիր
Խմբագրությունն ու լրագրողները պարտավոր են
1.1. Մինչեւ հրապարակումը ստուգել ցանկացած աղբյուրից ստացված տեղեկությունների հավաստիությունը, չկոծկել եւ չխեղաթյուրել փաստերը, չհրապարակել ակնհայտ կեղծ տեղեկություններ։
1.2. Հստակորեն ու լսարանի համար հասկանալի մատնանշել այն դեպքերը, երբ խմբագրությունը, ստանալով հանրային նշանակության տեղեկություններ, օգտագործել է բոլոր հնարավոր ողջամիտ միջոցները, սակայն չի կարողացել ճշտել փաստերը։
1.4. Փաստերի եւ տեղեկությունների շարադրանքը հստակ սահմանազատել կարծիքներից, վերլուծություններից եւ մեկնաբանություններից։
1.5. Վերլուծություններ եւ մեկնաբանություններ կատարելիս հիմնվել ստույգ փաստերի եւ հավաստի տեղեկությունների վրա:
1.6. Ձգտել, որ․․․ վերնագրերը բխեն նյութի բովանդակությունից․․․։
2.2. Հնարավորինս խուսափել տեղեկատվության խորհրդապահական աղբյուրներ օգտագործելուց, լրատվության աղբյուրը գաղտնի պահելու խոստումից առաջ միշտ պարզել շարժառիթները, սակայն, եթե տեղեկությունն այնուամենայնիվ տրվում է աղբյուրի գաղտնիության պայմանով, որեւէ պարագայում չբացահայտել այն։
II. ՄԻԵԴ-ի վճիռը «Սավվա Տերենտեւն ընդդեմ Ռուսաստանի» թիվ 10692/09, 28/08/2018 գործով
68. Ոճը հանդիսանում է արտահայտման եղանակ, ու դա որպես այդպիսին պաշտպանված է այնպես, ինչպես արտահայտված գաղափարների եւ տեղեկությունների բովանդակությունը։
III. ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի աշխատակարգ
5․3․ Ինքնակարգավորման նախաձեռնության (ԻՆ) անդամ չհանդիսացող ԶԼՄ-ների հրապարակումների վերաբերյալ բողոքները կարող են քննվել տվյալ լրատվամիջոցի համաձայնության դեպքում:
Այսուհանդերձ, տվյալ ԶԼՄ-ի համաձայնության բացակայության դեպքում ԴՄ-ն իրեն իրավունք է վերապահում ԻՆ ոչ անդամների հրապարակումների վերաբերյալ բողոքների քննությունից հետո ընդունել եւ հրապարակել փորձագիտական կարծիք կամ հայտարարություն:
Գ․ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ
24News.am կայքում «Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները եւ ո՞ւմ հրահանգով էին գործում» վերնագրի ներքո հրապարակված տեղեկությունների վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ներկայացված բողոքի համակողմանի քննության, ինչպես նաեւ 24News.am լրատվական կայքի տնօրեն Նարեկ Գալստյանից ստացված պարզաբանումների վերլուծության արդյունքում ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի՝ քննարկմանը մասնակից անդամների ձայները կիսվեցին Կարծիքի հիմնական արձանագրումների հարցում։
Ըստ այդմ՝ հաշվի առնելով նախադեպի բացառիկությունը եւ այն, որ երկու հակադիր տեսակետների օգտին տրված ձայների տարբերությունը (6-5) մեծ չէ, ինչպես նաեւ ընդունելով շահագրգիռ քննարկումների ընթացքում հնչած հիմնական տեսակետների հանրային կարեւորությունը՝ Դիտորդ մարմինը վճռեց Կարծիքում ներկայացնել երկու մոտեցումներն էլ։
1. Այդպիսով, Դիտորդ մարմնի՝ սույն գործի քննարկմանը մասնակցած անդամներից վեցը կարծում են, որ
«Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները եւ ո՞ւմ հրահանգով էին գործում» վերնագրով նյութում բերված փաստերի եւ տեղեկությունների անորոշությունը, մեջբերումների բացակայությունը հակասում են Կանոնագրի 1.4 կետի պահանջին։ Նյութի հեղինակը կարծիք է հայտնել՝ հիմնվելով փակ աղբյուրից ստացված չճշտված տեղեկության վրա, ինչը հակասում է Կանոնագրի 1.5 կետին։
Դիտորդ մարմինը հաշվի է առնում լրատվամիջոցի՝ կարծիք արտահայտելու ազատության սկզբունքը՝ հորդորելով կարծիքներն ամրապնդել ճշտված կամ ստուգելի փաստերով։
Հրապարակման հեղինակը չի փորձել կապ հաստատել նյութում հիշատակվող անձանց հետ եւ մեկնաբանություն կամ պարզաբանում ստանալ, ինչը հակասում է Կանոնագրի 1.1, 1.2 կետերով սահմանված սկզբունքներին։ Անգամ եթե լրագրողը կամ լրատվամիջոցը կարծում են, թե զրուցակիցը կարող է հիմքեր ունենալ թաքցնելու կամ աղավաղելու նյութում արծարծվող փաստերը, այդուհանդերձ, նրա հետ կապ հաստատելու փորձը լրագրողական էթիկայի համընդհանուր նորմերից բխող կանոն է։
Հաշվի առնելով նյութի հրապարակման օրվա առանձնահատկությունը (ոստիկանական հարկադրանքի գործադրմամբ լրագրողի աշխատանքի խոչընդոտում) եւ հրատապության գործոնը, կարելի կլիներ նյութում հրապարակված տեղեկությունները համարել իշխանության ոչ իրավաչափ միջամտությունից պաշտպանվելուն միտված հայտարարություն, որի դեպքում լրատվամիջոցը կարիք չէր ունենա ապահովելու 1.4 եւ 1.5 կետերի պահանջները, սակայն կոնկրետ անձանց անուններ նշելով՝ լրատվամիջոցն, ըստ էության, իրեն զրկել է այդ պաշտպանությունից։
Ինչ վերաբերում է դիմումատու Արայիկ Հարությունյանի պնդմանը, թե նյութում մեջբերված հատվածները կեղծիք են եւ հարված են հասցնում իր եւ իր ներկայացրած քաղաքական ուժի բարի համբավին, ապա ԴՄ-ն ձեռնպահ է մնում խնդրի իրավական կողմին անդրադառնալուց։
2. Դիտորդ մարմնի քննարկմանը մասնակցած անդամներից հինգը կարծում են, որ
«Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները եւ ո՞ւմ հրահանգով էին գործում» վերնագրով նյութում Կանոնագրի 1.4 եւ 1.5 կետերին հակասող վարք չի արձանագրվել։ 24news-ի հրապարակման հեղինակը հիմքեր ուներ ենթադրելու, որ իր լրատվամիջոցի նկատմամբ
իշխանության ներկայացուցիչների կողմից հրապարակայնորեն հնչեցված բացասական վերաբերմունքը հայտնի փաստ է
լսարանի համար: Ըստ այդմ՝ նյութի հեղինակը կարող էր անհրաժեշտ չհամարել կոնկրետ մեջբերումներ ներկայացնելը։
Բացի դրանից, ակներեւաբար, նյութը պատրաստվել է ոստիկանական կոշտ միջոցներով լրագրողի աշխատանքի խոչընդոտման, ինչպես նաեւ պաշտոնյաների կողմից իրավապահների գործողությունների արդարացմամբ պայմանավորված վրդովմունքի ֆոնին։
Հաշվի առնելով նշված հանգամանքները, թեկուզև հրապարակումն ընդհանուր առմամբ չի համապատասխանում որակյալ լրագրության բարձր չափանիշներին, Կանոնագրի մեջբերված դրույթները չպետք է միանշանակ կիրառվեն սույն տեղեկատվական վեճի դեպքում։
Ինչ վերաբերում է այն խնդրին, որ հեղինակը չի փորձել կապ հաստատել նյութում հիշատակվող անձանց հետ եւ մեկնաբանություն կամ պարզաբանում ստանալ, ապա սույն տեսակետը կիսող ԴՄ անդամները համարում են, որ թեեւ առկա է Կանոնագրի 1.1, 1.2 կետերով սահմանված սկզբունքների հետ ֆորմալ հակասություն, սակայն անգամ լրատվամիջոցի կողմից Կանոնագրի համապատասխան կետերին հետեւելը չէր կարող էականորեն ազդել հրապարակման բովանդակության վրա։
3. Դիտորդ մարմինը նաեւ կոչ է անում
պաշտոնատար անձանց՝ իրենց վերաբերող նմանատիպ նյութերին արձագանքել հրապարակավ եւ անմիջապես՝ մեկնաբանությունների, պարզաբանումների, հերքման կամ առարկությունների միջոցով ակտիվ պահելով լրատվամիջոցների եւ հանրության հետ պատշաճ հաղորդակցությունը։
քաղաքական իշխանության ներկայացուցիչներին՝ դրսեւորել այնպիսի վարքագիծ, որ լրագրողական հանրությունը կասկածներ չունենա մամուլի ազատության պաշտպանության նրանց հանձնառության վերաբերյալ։
իշխանության ուժային կառույցներին՝ բացառել ոստիկանական հարկադրանքի (երբեմն՝ բռնությամբ ուղեկցվող) միջոցով լրագրողների աշխատանքը խոչընդոտելու պրակտիկան, իսկ նման դեպքերի ի հայտ գալու պարագայում հրապարակայնորեն դատապարտել դրանք եւ հասարակությանն իրազեկել ձեռնարկված միջոցների եւ դրանց արդյունքների մասին։
Ինչ վերաբերում է 24News.am լրատվական կայքի տնօրեն Նարեկ Գալստյանի մտահոգությանը, թե ոստիկանի կողմից բռնության ենթարկված Մերի Մանուկյանի դեպքի հետ կապված պետությունը պատշաճ գործողություններ չի կատարել, ապա Դիտորդ մարմինը տեղեկացնում է, որ դեպքի առիթով լրագրողական մի շարք կազմակերպությունների հաղորդմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեն 22․06․2024թ․ գրությամբ տեղեկացրել է, որ հաղորդումը կցվել է նույնաբովանդակ այլ նյութերի հիման վրա նախաձեռնված թիվ 69117224 քրեական վարույթին։ Այդուհանդերձ, ԴՄ-ն բավարար հիմքեր չունի արձանագրելու, թե պետությունը բավարար եւ արդյունավետ միջոցներ է ձեռնարկել եւ իսկապես հետաքրքրված է իրողությունը բացահայտելու հարցում։
Դիտորդ մարմինն այս կապակցությամբ հիշեցնում է մայիսի 13-ին լրագրողական կազմակերպությունների տարածած հայտարարությունը նույն օրը Երեւանում ընթացող բողոքի ակցիաները ցրելիս ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների կողմից լրագրողների աշխատանքը խոչընդոտելու կապակցությամբ։
Դիտորդ մարմինը հորդորում է 24News.am կայքին եւ մյուս լրատվամիջոցներին՝ իրենց հասանելի միջոցներով տարածել սույն փորձագիտական կարծիքը։
Ընդունվել է 2024 թ. օգոստոսի 9-ին, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի հետեւյալ կազմով՝
Գնել ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
«Նյումեգ» հրատարակչության գլխավոր խմբագիր
Ռուբեն ԲԱԲԱՅԱՆ
ռեժիսոր, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի
պրոֆեսոր
Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ
Դավիթ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
«Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր
Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ
«Ալիք Մեդիա» լրատվական-վերլուծական կայքի հիմնադիր
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ռեգիոնս TV» կայքի տնօրեն
Նարինե ԱՎԵՏԻՍՅԱՆ
Վանաձորի «Լոռի» ՀԸ գործադիր տնօրեն
ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆ
Իրավաբան
Աշոտ ՄԵԼԻՔՅԱՆ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Նունե ՍԱՐԳՍՅԱՆ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն
Անժելա ՍՏԵՓԱՆՅԱՆ
Արմավիրի «ԱԼՏ» հեռուստաընկերության խմբագիր