ArmLur.am-ի խմբագրություն ահազանգեր են ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում գտնվող «Աղբյուր» ճամբարում երեխաների հետ լավ չեն վարվում։
Բանն այն է, որ որոշ ծնողների խոսքով վերը նշված ճամբարում իրենց երեխաներին հոգեբանական ճնշումների, ծաղրուծանակի, բուլինգի են ենթարկել, ընդհուպ մինչև՝ քնի ժամանակ մտել են սենյակներ և հարվածել անկողիններին՝ վախեցնելով երեխաներին։ Այս ամենից հետո էլ երեխաները զանգահարել են իրենց ծնողներին և խնդրել, որ փրկեն իրենց, ինչից հետո մոտ 40 երեխայի ծնող շտապել է իր երեխային հետ բերել տուն։
Ուշագրավն այն է, որ ArmLur.am-ին ահազանգած ծնողներից շատերն ասացին, թե իրենց երեխաների ուրախ ժամանցի համար միջնորդել, շահագրգռել է Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի կինը՝ Մերի Փարվանյանը։
Հիշեցնենք, որ խոսքը նույն այն ճամբարի մասին է, որի առնչությամբ 2023 թվականի հուլիսի 20-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տարածել էր տեղեկություն, ըստ որի` ճամբարի խոհանոցի աշխատանքը կասեցվել էր, քանի որ սանհանգույցի դուռը բացվել էր անմիջապես սննդամթերքի մշակման սենյակների մեջ։
Նշենք, որ երեխաների ծնողներից մեկն անգամ դիմել է ՀՀ ՆԳՆ՝ դեպքով պայմանավորված։
ArmLur.am-ը կապ է հաստատել «Աղբյուր» ճամբարի հետ, որտեղի ադմինիստրացիոն աշխատակազմից պատասխանել են մեր հարցերին։
Դիմել ենք նաև Աշտարակի քաղաքապետարան, որտեղից քաղաքապետի մամուլի խոսնակն ասաց, որ քաղաքապետն ու կինը ոչ մի առնչություն չունեն «Աղբյուր» ճամբարի հետ։
Դիմել ենք նաև ՀՀ ՆԳՆ, որտեղից մեզ հայտնեցին, որ ահազանգ իսկապես եղել է, որ երեխայի նկատմամբ վատ են վերաբերվել և նեղացրել են, արդյունքում` ոստիկանությունը ստուգել է ահազանգը, սակայն հանցափաստ չի հայտնաբերվել և դեպքին ընթացք չի տրվել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան