
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենությունը այդպես էլ չի ցանկանում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժման մասնակիցներին ընդունել իրենց հարկի տակ և տարածք տրամադրել միջոցառումը իրականացնելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալաստանյանը ցանկանում է սեպտեմբերին մեծ հանդիպում-միջոցառում կազմակերպել, որից հետո կտրվի պայքարի լայն մեկնարկը:
Ակնհայտ է, որ մարզահամերգային համալիրը այս քայլով փորձում է խոչընդոտել հանրահավաքի հնարավոր կազմակերպումը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հաստատեց տեղեկությունը, ինչպես նաև հավելեց, որ համալիրի տնօրենությունը ամեն ինչ անում է՝ տարածքը չտրամադրելու համար:
Նրա խոսքով՝ այդ տարածքը այնքանով էր լավ, որ մոտավորապես 10.000 հոգի կտեղավորվեր այնտեղ: Անդրադառնալով առաջիկա պլաններին՝ Գառնիկ Դանիելյանն ասաց, որ պլանավորում են այցեր կատարել վարչական շրջաններ և մարզեր:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հրաժարվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի անցկացման համար համալիրի մեծ դահլիճը տրամադրելուց, և համալիրից անընդհատ շրջանցողական պատասխաններ են տալիս շարժման կազմակերպիչներին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։