Գերմանիայի ոստիկանությունը հետաքննում է «Քյոլն-Վան» ավիաբազայի տարածք անօրինական մուտք գործելու և դիվերսիայի կազմակերպման հնարավոր փորձի հանգամանքները: Այդ մասին նշվում է երկրի զինված ուժերի՝ Բունդեսվերի տարածած հայտարարությունում:
Գերմանացի զինվորականների հաղորդմամբ՝ առավոտյան զորանոցի պարսպում վնասված հատված է հայտնաբերվել խմելու ջրի մատակարարման համակարգի մոտ։ Ջրի թունավորման հնարավոր հանգամանքը ստուգելու համար ներգրավվել են փորձագետներ: Այդ ընթացքում զորանոցի մուտքը փակվել է՝ հնարավոր օրինախախտի փախուստը կանխելու նպատակով:
Դեպքի վայրում կատարվել են քննչական գործողություններ: Հետաքննությանը ներգրավվել է ոստիկանությունը, ռազմական հակահետախուզությունը և ռազմական ոստիկանությունը։ Միջադեպին առնչվող հավանական կասկածյալների անուններ դեռ չեն հայտարարվել:
«Քյոլն/Բոն» օդանավակայանի մոտ գտնվող ռազմակայանում աշխատում է ավելի քան 4 հազար զինվորական ու շուրջ հազար քաղաքացիական անձ։