ՖՈՏՈ․ «Ստեղծող մանկանց», «Տաղք տաղավարաց». երիտասարդ մանկավարժը գրքեր է հրատարակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խմբավար, մանկավարժ, երաժշտագետ Գրիգոր Հարությունյանը հրատարակել է իր «ՍՏԵՂԾՈՂ ՄԱՆԿԱՆՑ» ժողովածուն, որն իր մեջ ընդգրկում է հայ հոգևոր երգասացությունների` տաղերի և շարականների խմբերգային մշակումներ։

Ժողովածուում ամփոփվում են 5-15-րդ դարերին վերագրվող 13 տաղ և շարական, որոնց հեղինակներն են սուրբ Մեսրոպ Մաշտոցը, սուրբ Մովսես Խորենացին, Ստեփանոս Ա Սյունեցին, Անանիա Շիրակացին, Բարսեղ Ճոնը, սուրբ Ներսես Շնորհալին։

ArmLur.am-ի հետ զրույցում Գրիգոր Հարությունյանն ասաց, որ ժողովածուն կարող է օգտակար լինել խմբավարներին, երաժշտագետներին, մանկավարժներին, առհասարակ երաժշտագիտության հարցերով հետաքրքրվողներին։

Մինչ գրքի շնորհանդեսը` Գրիգոր Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հեղինակել է «Խմբերգային պարտիտուրի վերադաշնակում» ուսումնական ձեռնարկը, որը համապատասխանեցված է դասավանդման նոր չափորոշիչներին, նրանում տեսական շարադրանքը հիմնավորված է թեմայից բխող գործնական նմուշ-օրինակներով։

«ՏԱՂՔ ՏԱՂԱՎԱՐԱՑ» ժողովածուն, որի շնորհանդեսը նույնպես առայժմ տեղի չի ունեցել, իր մեջ ընդգրկում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Սուրբ Պատարագի ընթացքում կատարվող տաղերի մշակումներ՝ ձայնի և երգեհոնի համար՝ կատարված հեղինակի կողմից: Այն ամփոփում է տարբեր ժամանակներին վերագրվող տաղավար տոների համար նախատեսված 12 տաղ, որոնց հեղինակներն են՝ սուրբ Գրիգոր Նարեկացին, սուրբ Ներսես Շնորհալին, Անանուն Անեցին, Կոստանդին Սսեցին, Առաքել Սյունեցին, Մխիթար Սեբաստացին:

 

Աննա Սրապիոնյան




Լրահոս