
ԱՀԿ-ի տվյալների համաձայն` աղի օգտագործումը օրական չպետք է գերազանցի 5 գրամ: ՀՀ բնակչության շրջանում աղի օգտագործումը գերազանցում է այդ սահմանային թիվը մոտ 2 անգամ (9,8 գրամ): Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Բացի այդ, ՀՀ բնակչության 35,4%-ը սնվելիս հաճախ աղ է ավելացնում կերակրին (տղամարդկանց 40.3% և կանանց 30.1%) առանց համտեսելու այն: Դա վարքագիծ է, որը կարող է նպաստել մի շարք հիվանդությունների առաջացմանը:
Աղի քանակի նվազեցումը կարևոր քայլ է սրտանոթային հիվանդությունների (հիպերտոնիայի, ինսուլտի, սրտի անբավարարության և սրտի այլ հիվանդությունների) և երիկամների քրոնիկ հիվանդության առաջացման ռիսկը նվազեցնելու համար:
Կրծքով կերակրվող և հավելյալ սնունդ ստացող (6-24 ամիս) երեխաների սննդին խորհուրդ չի տրվում աղ ավելացնել»,-ասված է հաղորդագրության մեջ: