Ազատագրված տարածքները կվերաբնակեցվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազատ տարածքները դատապարտյալներով բնակեցնելու մասին օրենքի նախագիծ է մշակվում. այն առաջիկայում կներկայացվի նախագահին ու ԱԺ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Զորավիգ” թերթի խմբագիր, “Օգոստոսի 23 ազգային դաշինք” իրավապաշտպան կազմակերպության նախագահ Պուշկին Սերոբյանը։ “Այն, որ ազատ գոտիները տնտեսապես ամրացնելու նպատակով կարելի է դրանք բնակեցնել կալանավորներով, դա շատ կարևոր է, և շատ դրական արդյունքներ կունենա”,- ասաց նա: Սերոբյանի խոսքով` մեր անկախ պետությունը առաջ է գնում բարեփոխումների ճանապարհով, սակայն կալանավայրերը, քրեակատարողական հիմնարկները մնացել են դեռ կոմունիստական դարաշրջանում, և որ ամենակարևորն է` Հայաստանն այսօր չունի հանցանք գործած մարդկանց մեղքը քավելու համակարգ: “Մարդուն ազատությունից զրկելուց հետո էլ չենք հատաքրքրվում` ինչի՞ է նա վերածվելու այնտեղ՝ շփվելով համասեռամոլների ու հանցագործ աշխարհի հետ, դուրս գալուց հետո ինչպե՞ս է հարմարվելու կյանքին: Ինձ հիմա ուրախացնում է, որ դեռ կան մարդիկ, որոնք հետաքրքրված են նման հարցերով ու այդ կալանավորներին նայում են ոչ թե որպես այլմոլորակայինների, այլ որպես մեր հարազատի, մեր հայի”,- կարծիք հայտնեց Պուշկին Սերոբյանը: Նրա համոզմամբ՝ այսօր հասարակության վերաբերմունքը կալանավորների հետագա ճակատագրի հանդեպ զրոյական է, նույն իրավիճակն է` 5000-ից ավելի ՀԿ-ների և 80 կուսակցությունների պարագայում: “Այնտեղ՝ կալանավայրերում, մարդիկ պարապությունից խելագարվում են կամ դիմում նոր հանցանքների, բայց չէ՞ որ նրանք պոտենցիալ աշխատուժ են, այն էլ` էժան աշխատուժ, եկեք նրանց ազատենք այդ վիճակից, դեմքով շուռ գանք դեպի գաղութ, օգնենք նրանց, որ դառնան մեր բարեկամը և հասարակության համար պիտանի մարդ, ընդունենք համապատասխան օրենք, որով նրանք կգնան, իրենց ընտանիքի հետ կբնակվեն այն բաց, ազատ տարածքներում, որոնք տնտեսապես ամրանալու անհրաժեշտություն ունեն”,- ասաց Սերոբյանը: Ըստ նրա` ազատազրկումից հետո վեց-յոթ տարիներն են, որ ազդում են կալանավորի վրա պատիժ կրելու առումով, դրանից հետո նա հարմարվում է, և պատիժը ֆունկցիոնալ առումով էլ չի գործում: “Ընտանիքը պետության կապող օղակն է, այս դեպքում մարդուն իր ընտանիքի հետ բնակեցնելով ազատ գոտիներում` մենք թույլ չենք տալիս, որ այդ ընտանիքը վերջնականապես քայքայվի, ամրանում է ընտանիքը, իսկ, օրինակ, սահմանամերձ վայրերում էլ բնակեցնելով` ամրացնում ենք սահմանն իր ենթակառուցվածքներով: Այսօր մենք հնարավորություն ունենք վերոնշյալի վերաբերյալ օրինագիծը ներկայացնել ՀՀ նախագահին և ԱԺ-ին, որպեսզի այդ ամենը իրականացվի խորքային և ճիշտ օրենսդրական հիմքով”,- ասաց Պուշկին Սերոբյանը:գրող, հրապարակախոս, Հանրային խորհրդի Արցախի հարցերով աշխատանքային խմբի համակարգող Բակուր Կարապետյանն իր հերթին ասաց, որ ինքը զրուցել է կալանավորների հետ, և նրանք ողջունում են այս գաղափարը։ «Մոտ 1000 ընտանիք կարելի է բնակեցնել տարբեր ազատ գոտիներում կամ սահմանամերձ շրջաններում, նախ դա մարդասիրական քայլ է, որով այդ մարդիկ կվերակենդանացնեն այդ վայրերը և հանօրգուտ աշխատանք կկատարեն, ոչ թե 20 տարի փտեն բանտում: Ես զրուցել եմ բազմաթիվ կանանավորների հետ, նրանք միանշանակ համաձայն էին բնակվել և աշխատել այն վայրերում, որտեղ իրենց համար հարմար կգտնի պետությունը”,- ասաց Բակուր Կարապետյանը։




Լրահոս