Նախկին քաղաքապետի օրոք ապօրինի շինարարություն է եղել, որը մինչ օրս շարունակվում է․ բնակիչներն ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն հերթական ահազանգն է ստացվել։ Այս անգամ ահազանգողները Արաբկիր վարչական շրջանի Օրբելի 67/2 հասցեում գտնվող 15 հարկանի նորակառույց շենքի բնակիչներն են։

Բանն այն է, որ նորակառույց բազմաբնակարան շենքի տանիքին ապօրինի շինարարություններ են տեղի ունենում։

Մեզ հետ զրույցում բնակչները ասացին, որ ոչ մի համաձայնություն չեն տվել կառուցապատողներին այդ շինարարությունները սկսելու համար։

«Սիտուացիան այսպես է, շենքի տանիքը սեփականաշնորհված է, այդպես է վաճառվել շենքը, բայց ի սկզբանե էլ քաղաքապետարանն այս շենքն ընդունել է առանց տանիքի։ Հիմա շենքի տանիքին ապօրինի շինարարություն է ընթանում, թվով արդեն երկրորդը, ինչի համար կառուցողը  չունի շինթույլտվություն և ի սկզբանե շենքի ճարտարապետական տեսքի մեջ ներառված չեն այդ կառույցները։ Այս ամենը պետք է լինի բնակիչների թույլտվությամբ, սակայն կառուցապատողները չունեն ոչ մի բնակչի թույլտվություն»,- նշեցին բնակիչները։

ArmLur.am-ը հետաքրքրվեց՝ դիմե՞լ են ինչ-որ տեղ այս խնդրի հետ կապված, ինչին ի պատասխան մեզ ասացին․

«Բազմիցս դիմել ենք քաղաքապետարան, բողոքել ենք այդ ապօրինի շինարարություններից, անգամ նշել ենք, որ այդ շինարարությունները ազդում են շենքի սեյսմիկ վիճակի վրա, բայց այդ բոլոր բողոքներն ապարդյուն են եղել։ Քաղաքապետարանն ընդամենը տուգանել է այդ կառուցապատողներին 200-500 հազար դրամի չափով, բայց ապօրինի այդ շինություն օգտագործվում է։ Հիմա արդեն երկրորդն է կառուցվում, մոտավորապես 1 ամիս է, որ այդ շինարարությունն ընթանում է, բայց կառուցապատողները կրկին չունեն բնակիչների համաձայնությունը, այսինքն՝ ամեն բան կրկին կատարվում է առանց բնակիչների համաձայնության»։

Բնակիչները նշեցին, որ առաջին ապօրինի շինարարությունը սկսվել է Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի օրոք, և այդ ժամանակվանից սկսած էլ քաղաքապետին անգամ անձնական նամակով հաղորդագրություններ են ուղարկել։

«Քաղաքապետարանի թեժ գծին ենք բողոքել բազմիցս, առաջ, որ Հրաչյա Սարգսյանն էր քաղաքապետը, իրեն անձնական նամակներով, նկարներով ուղարկել ենք այս ամենը, դիմել ենք։ Հիմա ուզում ենք հանրային աղմուկ բարձրացնել, որ քաղաքապետը ուշադրություն դարձնի էլի»,- ասացին բնակիչները՝ եզրափակելով զրույցը։

Այս հարցով ArmLur.am-ը դիմեց Երևանի քաղաքապետարան։

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ArmLur.am-ին հայտնեց, որ կխոսի Երևանի քաղաքապետարանի հասարակության կարգի ծառայության և քաղաքաշինության և հողի վերահսկողության հետ։

Նշենք, որ Կոստանյանը մեզ հետ զրույցում ասաց, եթե իրոք շինարարական աշխատանք է իրականացվում նշված վայրում, որին որևիցե փաստաթղթով թույտվություն չի տրվել, ապա վերը նշված վարչությունները համապատասխան միջոցներ կձեռնարկեն։

Հավելենք, որ մեր հղած հարցի պատասխանը ստանալու դեպքում, այն կհրապարակենք։

Աննա Սրապիոնյան




Լրահոս