Այսօր երգչուհի, երգահան Էլվինա Մակարյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլվինա Մակարյան (օգոստոսի 16, 1950, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ – հուլիսի 9, 2007, Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ երգչուհի, երգահան։

Կենսագրություն

Էլվինա Մակարյանը ծնվել է 1950 թվականի օգոստոսի 16-ին Երևանում։ Արմատներով Արևմտյան Հայաստանից էր։ Վաղ տարիքից Էլվինան մեծ սեր և ձգտում է ունեցել երաժշտության նկատմամբ։ Մայրը, նկատելով աղջկա սուր լսողությունը, նրան տանում է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց։

12 տարեկան հասակում մասնակցում է դպրոցական քաղաքային օլիմպիադային, որտեղ առաջին հաղթանակն է ունենում։ Էլվինան հիմնականում կատարում էր Շառլ Ազնավուրի և Ռոբերտինո Լորետիի երգերը՝ դաշնամուրով նվագակցելով ինքն իրեն։ Նկատելով երգչուհու տաղանդը՝ Մարտին Վարդազարյանը նրան հրավիրում է իր նորաստեղծ ջազային քառյակ, որի կազմում Էլվինան առաջին անգամ ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ։ Հետագայում կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանից առաջարկ է ստանում երգել նրա «Կռունկ» վոկալ-գործիքային անսամբլում։ Էլվինա Մակարյանը «Կռունկում» կատարելագործվում է որպես ջազային երգչուհի։

Երկու տարի անց Հայաստանի պետական էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, լսելով աղջկա հզոր ձայնը, նրան հրավիրում է անսամբլ։ Օրբելյանի նվագախումբը դարձավ Էլվինայի թռիչքը երգարվեստում։ Սկսվեցին արտասահմանյան շրջագայությունները։ Երգչուհին տիրապետում էր անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և իտալերեն լեզուներին, առնչվում էր համաշխարհային մշակույթի և օտարազգի երաժիշտների հետ։ Սիրահարված էր ամերիկյան ջազին։

Աշխատելու հետ մեկտեղ Էլվինան սովորում էր Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում։ 1970-ականներից երգչուհին մասնակցում է միջազգային բազմաթիվ փառատոնների, ելույթ ունենում աշխարհի տարբեր բեմերում և օտարազգիներին ևս մեծ հիացմունք պատճառում։ 1973 թվականին Օստանկինոյում կայացած «Երիտասարդ ձայներ» համամիութենական մրցույթում Էլվինան արժանանում է գլխավոր մրցանակի՝ Ռոբերտ Ամիրխանյանի «Ու՞ր եք, տղաներ» երգի կատարման համար։

Խորհրդային տարիներին երգիչները պայքարում էին երգելու իրավունքի համար, իսկ Էլվինա Մակարյանը՝ երգելու ձևի, ոճի և թեմատիկայի համար։ 1980-ականներին Կոմկուսի Կենտկոմը փաստորեն «տնային կալանքի» է ենթարկում նրան՝ վճարելով աշխատավարձ՝ աշխատանքի չգնալու պայմանով։ Նույնիսկ այդ տարիներին՝ 1986-1989 թվականներին, նա չի դադարել ստեղծագործել։

Այդ ժամանակ ԱՄՆ-ից հրավեր է ստանում, տղայի հետ մի քանի շաբաթով զբոսաշրջության մեկնում։ Այդ օրերին ստորագրում են Հեռուստառադիոպետկոմից նրան ազատելու հրամանը։ Մայրը զանգահարում է և ասում, որ կարող է հետ գալու մասին չմտածել, մնալ ԱՄՆ-ում։ Երգչուհին հարկադրաբար հաստատվում է ԱՄՆ-ում։ Թողարկել է երեք ձայնասկավառակ, բացել է սեփական ստուդիան, նկարահանել տեսահոլովակներ, գրել երգեր։

1990-ականների սկզբներին վերադարձավ Հայաստան։ Նորանկախ հայրենիքում երգչուհին ունեցավ մի քանի հիթեր՝ «Յարո ջան», «Երևան»։ Մինչև 90-ականների վերջ Էլվինան մնաց և ստեղծագործեց հայրենիքում, որից հետո ընդմիշտ մեկնեց ԱՄՆ, որտեղ շարունակեց իր գործը սեփական ստուդիայում մինչև 2007 թվական։

Մահ

2007 թվականի հուլիսի 9-ի առավոտյան Էլվինա Մակարյանին հայտնաբերում են անշնչացած սեփական բնակարանում։ Պաշտոնապես նրա մահվան պատճառը համարվեց սրտի կաթվածը։ Միայն մի քանի շաբաթ անց Գլենդելի ոստիկանությունը հայտարարեց, որ երգչուհին ինքնասպան է եղել և կյանքին վերջ է դրել ատրճանակի օգնությամբ։

Էլվինա Մակարյանը կտակել էր իրեն այրել ու մոխիրը հանձնել օվկիանոսին։ Կտակով նա խնդրել էր նաև հոգեհաց չկազմակերպել, չհավաքվել։ Ուղղակի հիշել իրեն՝ յուրաքանչյուրն ինքն իր համար։




Լրահոս