Երեկվանից քննարկվում է, որ ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում ՀՀ իշխանություններին թույլ չտալ 8-րդ դասարանի պատմության դասագրքի օգտագործումը դպրոցներում։ Ըստ ռուսական կողմի՝ նոր ձեռնարկի գլուխներից մեկում՝ «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրի ներքո, խեղաթյուրված են ներկայացված 18-րդ դարի վերջի-19-րդ դարի սկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները:
ArmLur.am-ի հետ զրույցում ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն, անդրադառնալով այս քննարկումներին, ասաց․
««Ստացել ենք տարբեր անհանգստություններ արտահայտող ահազանգեր, որից հետո հեղինակային խմբի հետ աշխատանք է իրականացվել, առաջարկվել է վերանայել այդ մոտեցումը, արդյունքում հեղինակային խումբը վերնագիրը վերանայել է և համապատասխանեցրել այն ձևակերպումներին, որն ունենք «Հայոց պատմություն» առարկայի առարկայական ծրագրում: Այս պահին դասագրքի խմբագրված տարբերակն ուղարկվել է ԴՇՀ, որից հետո փոփոխված տարբերակը կտեղադրվի կայքում և կուղարկվի տպագրման»,-ասաց նա:
Հարցին՝ տեղի ունեցածը վրիպո՞ւմ էր, վարչության պետն ասաց.
«Սա ոչ այդքան վրիպում էր, այդ տեսանկյունից գուցե չէին դիտարկել հարցը: Մենք շատ կարևոր կարգավորում ունենք, դասագիրքը երաշխավորելուց հետո տեղադրվում է նախարարության պաշարների շտեմարանում կամ ԴՇՀ-ի կայքում, տրվում է 2 շաբաթ ժամանակ, որպեսզի դասագիրքն օգտագործող ուսուցիչները, ծնողները, հասարակությունը կարողանան ծանոթանալ դասագրքերի հետ: Սա մեզ հնարավորություն է տալիս լրացուցիչ աչք ունենալ, և եթե կան որոշ վրիպումներ, վերանայել, մինչև տպագրության գնալը»,-ասաց Սարգսյանը:
Վերջինս ընդգծեց, որ հիմնական բողոքները կապված էին վերնագրի հետ, ոչ թե բովանդակության, քանի որ բովանդակության մեջ արտահայտված են այն իրադարձությունները, որոնք հաջորդաբար տեղի են ունեցել 19-րդ դարում:
Էմմա Մարտիրոսյան