ArmLur.am-ը երեկ գրել էր, որ Արաբկիր վարչական շրջանի Օրբելի 67/2 հասցեում ապօրինի շինարարություն է տեղի ունենում 15 հարկանի բնակարանի հենց տանիքին։
Հիշեցնենք, որ ապօրինի շինարարությունը սկսվել է դեռևս Հրաչյա Սարգսյանի՝ Երևանի նախկին քաղաքապետի օրոք, և տեղի բնակիչները բազմիցս են բողոքներով դիմել քաղաքապետարանին։
Նշենք, որ այս հարցով դիմել էինք Երևանի քաղաքապետարանին՝ պարզելու՝ արդյո՞ք թույլտվություն ունի կառուցապատողը շենքի տանիքին շինարարություն սկսելու համար։
Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ կխոսի Երևանի քաղաքապետարանի հասարակության կարգի ծառայության ու քաղաքաշինության և հողի վերահսկողության պետերի հետ, և եթե իրոք շինարարական աշխատանք է իրականացվում նշված վայրում, որին որևիցե փաստաթղթով թույլտվություն չի տրվել, ապա վերը նշված վարչությունները համապատասխան միջոցներ կձեռնարկեն։
ArmLur.am-ն այսօր ևս կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ՝ պարզելու՝ արդյո՞ք շինթույլտվություն ունեն կառուցապատողները, թե ոչ։
Մեզ հետ զրույցում Կոստանյանն ասաց․
«Հասարակական կարգի ծառայության ղեկավարի հետ եմ խոսել, նախ ասեմ, որ օգոստոսի 5-ին Արաբկիր վարչական շրջանի համապատասխան բաժինը եղել է տվյալ հասցեում, արձանագրություն են կազմել շինարարական աշխատանքներն իրականացնող անձի վրա»։
Քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տանիքում իրականացող շինարարությունն իրականացվել է առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի։
«Նշված հասցեում՝ Օրբելի 67/2 շենքի տանիքում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացել է տանիքի վերակառուցման շինարարական աշխատանքներ և դրա վերաբերյալ կազմվել է արձանագրություն՝ օգոստոսի 8-ին ժամը 11-ի սահմաններում, և արձանագրության տուգանքի չափը համարվում է 750 հազարից մինչև 1․5 միլիոն դրամի չափով։ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասով է արձանագրություն կազմվել»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Կոստանյանը։
Հայկ Կոստանյանը նաև նշեց, որ խոսել է հասարակական կայքի ծառայության ղեկավարի հետ, որի աշխատակիցները եղել են նշված հասցեում, սակայն տանիք մուտք գործել չի հաջողվել, քանի որ տանիքը փակ է։
«Քիչ առաջ խոսել եմ մեր հասարակական կայքի ծառայության ղեկավարի հետ, իր աշխատակիցներն այցելել են նշված հասցե, բայց տանիք մուտք գործել չի հաջողվել, որովհետև տանիքը փակ է։ Աշխատակիցները կապ են հաստատել համատիրության հետ, ինչպես նաև ոստիկանություն պետք է դիմեին, որպեսզի հասկանային՝ ովքեր են իրականացնում այդ աշխատանքները, որպեսզի կարողանային հերթական՝ որպես այդպիսին, երկրորդ արձանագրությունը կազմեին»,- ասաց Հայկ Կոստանյանը։
Հետաքրքրվեցինք նաև՝ շինարարություն սկսած քաղաքացիները միայն տուգանվելո՞ւ են, թե այլ միջոցառումներ էլ է ձեռնարկվելու ապօրինի շինարարությունների դեմ, ինչին ի պատասխան մեզ ասացին․
«Ինձ փոխանցված լուսանկարների համաձայն՝ տանիքին ինչ-որ ձողեր են ամրեցված։ Արձանագրությունը կազմվել է, քանի որ տանիք մուտք գործել հիմա չի ստացվում, հետևաբար այս պահի դրությամբ այլ բան չենք կարող իրականացնել։ Առհասարակ տվյալ դեպքում կա՛մ տնտեսվարողն է իր ուժերով ապամոնտաժում և քանդում, կա՛մ հակառակ պարագայում քաղաքապետարանն է գործողություններ իրականացնում»։
Աննա Սրապիոնյան