Երեկվանից ակտիվ քննարկվում է ՌԴ ԱԳՆ-ի կոչը ՀՀ իշխանություններին, ըստ որի պետք է թույլ չտալ 8-րդ դասարանի պատմության դասագրքի օգտագործումը դպրոցներում։ Ըստ ռուսական կողմի՝ նոր ձեռնարկի գլուխներից մեկում՝ «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրի ներքո, խեղաթյուրված են ներկայացված 18-րդ դարի վերջի-19-րդ դարի սկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները:
Հայտարարությանն ի պատասխան՝ ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ հեղինակային խմբի հետ աշխատանք է իրականացվել, առաջարկվել է վերանայել այդ մոտեցումը, արդյունքում հեղինակային խումբը վերնագիրը վերանայել է և համապատասխանեցրել այն ձևակերպումներին, որն ունենք «Հայոց պատմություն» առարկայի առարկայական ծրագրում: Այս պահին դասագրքի խմբագրված տարբերակն ուղարկվել է ԴՇՀ, որից հետո փոփոխված տարբերակը կտեղադրվի կայքում և կուղարկվի տպագրման:
Հարցին՝ տեղի ունեցածը վրիպո՞ւմ էր, վարչության պետն ասաց.
«Սա ոչ այդքան վրիպում էր, այդ տեսանկյունից գուցե չէին դիտարկել հարցը: Մենք շատ կարևոր կարգավորում ունենք, դասագիրքը երաշխավորելուց հետո տեղադրվում է նախարարության պաշարների շտեմարանում կամ ԴՇՀ-ի կայքում, տրվում է 2 շաբաթ ժամանակ, որպեսզի դասագիրքն օգտագործող ուսուցիչները, ծնողները, հասարակությունը կարողանան ծանոթանալ դասագրքերի հետ: Սա մեզ հնարավորություն է տալիս լրացուցիչ աչք ունենալ, և եթե կան որոշ վրիպումներ, վերանայել, մինչև տպագրության գնալը»,-ասաց Սարգսյանը:
Այս թեմայով ArmLur.am-ը զրուցել է պատմաբան Էդգար Հովհաննիսյանի հետ՝ հասկանալու, թե ինչքանով էր ճիշտ վերանայել և փոխել վերնագիրը ՌԴ-ի կոչով:
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Մարտիրոսյան