Օգոստոսի 17-ը նշվում է որպես անտուն կենդանիների պաշտպանության միջազգային օր։
Այն սահմանվել է Կենդանիների պաշտպանության միջազգային կազմակերպության կողմից 1992 թվականին, երբ առաջարկված նախագիծը ստացել է աշխարհի կենդանապաշտպան կազմակերպությունների աջակցությունը։ Որոշվել է, որ օգոստոս ամսի ամեն երրորդ շաբաթը նվիրված է լինելու անտուն կենդանիներին, սակայն այս օրը նշվում է ոչ թե որպես տոն, այլ որպես այդ խնդրի մասին ավելի բարձր խոսելու հնարավորություն։
ArmLur.am-ը կապ է հաստատել «Դինգո թիմ» հասարակական կազմակերպության հինադիր-նախագահ Օվսաննա Հովսեփյանի հետ՝ պարզելու՝ ի՞նչ է արվում Հայաստանում անտուն կենդանիների համար, քանի որ դրանց քանակը փողոցներում ավելանում է։
«Ընդհանուր առմամբ անտուն կենդանիների հարցում մենք ունենք շատ-շատ մեծ բացեր, քանի որ չունենք օրենսդրություն, որով ամբողջ հանրապետությունում ամբողջ հարցը կկարգավորվի։ Տեսեք, մենք անդադար խոսում ենք թափառող կենդանիների մասին, բայց չենք խոսում, թե որտեղից են այդ թափառող կենդանիները առաջանում, որովհետև, եթե մենք այսօր բոլոր թափառող կենդանիներին վերացնենք՝ տան շների սերունդները շատ արագ և լքված շների սերունդները շատ արագ լրացնելու են այդ քանակը։ Այսինքն՝ մենք առաջին հերթին խնդիր ունենք կարգավորելու տերով կենդանիների բազմացումը, որովհետև թափառողն առաջանում են տերով կենդանիներից»,- այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Դինգո թիմ» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Օվսաննա Հովսեփյանը։
Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ կենդանիներին լքելը օրենքով պետք է կարգավորվի, որ կենդանին չհայտնվի դրսում, դրսում չբազմանա և այդպիսով քանակը չշատանա, իսկ հետո կարելի է խոսել թափառող կենդանիների հարցից։
«Երկրորդ կարևոր խնդիրը թափառող կենդանիների մասին, որն էլի օրենքով չի կարգավորվում, ամբողջ պետությունով՝ մարզերով, գյուղերով, քաղաքներով պետք է կատարվի մեծաքանակ ստերջացման ծրագիր։ Նման ծրագիր գործում է միայն Երևանում, այդ պատճառով էլ Երևանում համեմատաբար ստաբիլ վիճակ է։ Շների մեծ մասը կլիպսով են, որն էլ նշանակում է, որ արդեն տարիների ընթացքում թափառող շների քանակը նվազման է գնալու։ Իսկ մարզերում այլ պատկեր է, այնտեղ օրենքով ոչինչ չի նախատեսվում, չնայած նրան, որ սպանդն արգելվում է, բայց նաև ոչինչ չի պարտադրվում համայնքներին, համայնքներն էլ ոչինչ չեն անում և կենդանիներն էլ շատանում են։ Մարզերում, բնականաբար, ստերջացում չեն ապահովում, ոհմակներ են կազմվում և առաջացնում են բազմաթիվ խնդիրներ։ Պետք է լինի մեկ ընդհանուր համալիր օրենք, որով կկարգավորվեն բոլոր կետերը»,- ասաց Օվսաննա Հովսեփյանը։
Օվսաննա Հովսեփյանից նաև հետաքրքրվեցինք՝ ըստ իրեն, ինչո՞ւ Հայաստանում նման օրենք չի գործում թափառող կենդանիների վերաբերյալ։
Օվսաննա Հովսեփյանը պատասխանեց՝ ավարտին հասցնելով խոսակցությունը․
«Ես կարծում եմ, որ այդ հարցը պարզապես այդքան էլ կարևոր չեն համարում, թե չէ օրենքի նախագիծը եղել է, գրեթե պատրաստ էր։ Լենա Նազարյանի և Մերի Գալստյանի նախաձեռնած օրենքի նախագիծն էր, որի մշակմանը նաև «Դինգո թիմն» է մասնակցել։ Ես գիտեմ, որ այդ նախագիծը ամբողջությամբ պատրաստ էր, սակայն մինչ օրս չի մտնում օրակարգ և մղված է հետին պլան»։
Աննա Սրապիոնյան