Քննարկում` Երևանի միջնադարյան եկեղեցիների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 29-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ «Արարատյան քննարկումներ» ծրագրի հանդիպումը՝ «Երևանի միջնադարյան որոշ եկեղեցիների շուրջ» խորագրով: Հանդիպմանը ներկա էին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու արարողապետ Տ. Կարապետ քահանա Կարապետյանը: Բանախոսությամբ հանդես եկավ «Ծիրանի» մշակութային հանգույցի նախագահ Նարեկ Աշուղաթոյանը:

Նա խոսեց Երևանի միջնադարյան որոշ եկեղեցիների մասին, որոնք խորհրդային կարգերի զոհ են դարձել, քանդվել են և հիմա դրանց տեղում այլ կառույցներ են վեր խոյանում: Դրանցից էին Գեթսեմանի մատուռը, Ս. Պողոս-Պետրոս եկեղեցին, Կոզեռնի մատուռը:

Քննարկման ընթացքում Ն. Աշուղաթոյանը խոսեց նաև Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցու մասին, որը ևս մեծապես տուժել էր հակաաթեիստական քարոզչության արդյունքում: Ցուցադրեց Լեզվի ինստիտուտի  ապամոնտաժման ժամանակ շենքի տանիքից ու պատերից դուրս եկած խաչքարերի լուսանկարները: Քննարկման ընթացքում Տ. Պետրոսը պատմեց Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու վերակառուցման մասին, թե ինչպես Վազգեն Ա Կաթողիկոսի ջանքերով այն դարձավ խորհրդային տարիներին կառուցված առաջին եկեղեցին: «Եկեղեցին, իհարկե, վերակառուցվեց. դրա տեղում հին եկեղեցին էր, սակայն այն, ինչ հիմա ունենք, ավելի շատ նոր եկեղեցի է, որի ճարտարապետը Ռաֆայել Իսրայելյանն էր»,- ասաց Տ. Պետրոսը:

Հիշեցնենք, որ «Արարատյան քննարկումները» Արարատյան Հայրապետական թեմի և «Ծիրանի» ՀԿ-ի համատեղ նախագիծն է, որը անց է կացվում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ու աջակցությամբ:   Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան




Լրահոս