2024 թ. օգոստոսի 14-ին ԻԻՀ զբոսաշրջային և ավտոմոբիլային ակումբի և ՀՀ ավտոմոբիլային ֆեդերացիայի միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր: Այդ մասին հայտնում են Հայաստանում ԻԻՀ դեսպանությունից։
Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը: Իրանի կողմից համաձայնագիրը ստորագրել է ԻԻՀ զբոսաշրջային և ավտոմոբիլային ակումբի գործադիր տնօրեն Մոհամմադ Հոսեյն Սուֆին, իսկ Հայաստանի կողմից՝ ՀՀ ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանը:
Այս համաձայնագրի հիմնական նպատակն է դյուրացնել Հայաստանի քաղաքացիների անձնական ավտոմեքենաներով այցը Իրան և «Կառնետ դե Պասաժ»-ի տրամադրումը:
Համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ է երկու երկրների միջև զբոսաշրջության և տրանսպորտային հարաբերությունների ամրապնդման գործում և կարող է նպաստել Հայաստանի քաղաքացիների զբոսաշրջային ուղևորությունների ավելացմանը, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև մշակութային և տնտեսական փոխհարաբերությունների զարգացմանը։