Եւ այսպես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կողմ կքվեարկի 2012թ. պետական բյուջեի նախագծին: Այս մասին երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը` նաեւ հավելելով. «Կողմ ենք քվեարկելու, եւ մենք որեւէ մեկին լավություն չենք անելու: Մենք լավություն ենք առաջին հերթին անում մեր հասարակությանը, մեր ժողովրդին ենք լավություն անում»: Փաստորեն, հասարակությունն ու ժողովուրդը դեռ մի բան էլ շնորհակալ պիտի լինի ԲՀԿ-ին, որ նա հերթական անգամ ընկրկեց Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի առջեւ եւ ի հեճուկս մինչ այդ հնչեցվող գնահատականների` նորից որոշեց պարել կոալիցիոն մեծ եղբոր դուդուկի տակ:
Դրան, իհարկե, նախորդեցի մի շարք զարգացումներ, այդ թվում պաշտոնանկությունների եւ կադրային փոխատեղումների տեսքով: Խոսակցություններ կային անգամ, որ Բարգավաճ Հայաստանը պատրաստվում էր տապալել 2012թ. պետական բյուջեի ընդունումը` այդպիսով հանգեցնելով կառավարության հրաժարականին: Սակայն ինչպես տեսանք, իրադարձությունները հանգուցալուծվեցին այլ կերպ, եւ ԲՀԿ-ն հերթական անգամ կուլիսային սպառնալիքներից այն կողմ չանցավ:
Անկեղծ ասած, ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությանը հետեւելիս դժվար է հասկանալ, թե ինչն է այդ երկու ուժերին միմյանց դեմ դուրս գալուց պահում: Այն, որ ներքին հակակրանքն ավելի քան առկա է, կողմերից ոչ մեկն առանձնապես չի էլ թաքցնում: Հետեւաբար` կա՛մ նրանց միավորում է պահի քաղաքական շահը, կա՛մ էլ փոխադարձ քաղաքական վախը: Առաջինի մասով այս փուլում արդեն իսկ կարելի է հստակ ասել, որ «Բարգավաճ Հայաստանի» քաղաքական շահը միանշանակ տուժում է նրա ներկա կեցվածքից: Ընդ որում, «Բարգավաճ Հայաստան»-ում շատ լավ են հասկանում, որ ՀՀԿ-ի հետ մերձենալու ամեն քայլ փոշիացնում է իրենց ձայները:
Հետեւաբար Հանրապետականի հետ ԲՀԿ-ի կոալիցիոն համագործակցությունն առավելապես պայմանավորված է քաղաքական եթե չասենք վախով, ապա լուրջ զգուշավորությամբ: Մինչդեռ, իրականում հաշվի առնելով ԲՀԿ ունեցած ռեսուրսներն ու երկրի ներքաղաքական իրավիճակը` այս փուլում ԲՀԿ-ն Հանրապետականից զգուշանալու առանձնապես մեծ պատճառ չունի: Ավելին, հենց այս փուլում ՀՀԿ-ից կտրուկ տարանջատվելով` ԲՀԿ-ն կարող էր շատ լուրջ հարված հասցնել ինչպես մասնավորապես ՀՀԿ-ին, այնպես էլ Սերժ Սարգսյանի իշխանությանն ընդհանուր առմամբ: Սակայն «Բարգավաճ Հայաստան»-ը, փաստորեն, քաղաքական շահը ստորադասեց իր առաջնորդի տնտեսական շահին, որը կոալիցիայից դուրս գալու դեպքում կարող էր եւ որոշակի կորուստներ ունենալ: Մի խոսքով` կատվի խաղը մինչեւ մարագի դուռն է:
ԿՈԱԼԻՑԻՈՆ ՈՒԺԵՐԸ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՅՈՒՐՈՎԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ