Խայտառակ ընտրություն. ով դարձավ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում Հայաստանի հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանն իր տված տասնյակ հարցազրույցներում շարունակ պնդում էր, որ ՀՀ հանրային հեռարձակողի խորհուրդը չպետք է ինքն ընտրի հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործադիր տնօրեններին, այլ պետք է վերականգնի անկախ մրցութային հանձնաժողովների պրակտիկան: Հիմնական պատճառաբանությունն այն է, որ այս խորհուրդն իր որոշումներում ազատ չէ, նրա անդամներից շատերն այս կամ այն կերպ փոխկապակցված են իշխող կուսակցության հետ, և խորհուրդը կատարում է վերևից իջեցրած հրահանգները: Դե, իսկ մրցութային հանձնաժողովն անկախ է և կկայացնի զուտ մասնագիտական որոշում տնօրենների ընտրության հարցում:

Օգոստոսի 16-ին Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովն ապացուցեց, որ պարոն Խումարյանը սխալվում էր: Ոչ մի հանձնաժողով անկախ չէ իր որոշումներում: Գոնե այն դեպքերում, երբ խոսքը հանրային հեռարձակողների ղեկավարների կամ խորհրդի կազմի մասին է:
Այս մրցույթին մասնակցում էին 7 թեկնածու (օրենքի պահանջի համաձայն բոլորը կանայք էին): Մրցույթում հաղթեց ոմն Իրինա Շահնազարյան, ով գիտաշխատող է մի մասնավոր գիտահետազոտական ինստիտուտում: Այնպիսի տպավորություն է, որ հանձնաժողովն առաջադրված թեկնածուներից ընտրել է նրան, ով ամենահեռուն է լրատվությունից, հեռարձակումից, հեռուստատեսությունից և ռադիոյից: Ըստ ՀՀ ՙՏեսալսողական մեդիայի մասին՚ օրենքի 27-րդ հովածի (Խորհրդի իրավասությունները) 1-ին կետի, հանրային հեռարձակողի խորհուրդը, հետևաբար նրա անդամներն ունեն 19 իրավասություն (ենթակետ): Ընտրված թեկնածուն ակնհայտորեն այս ենթակետերից որևէ մեկում իրավասու չէ:

Իր աշխատանքային գործունեության ողջ կարճատև ընթացքում Շահնազարյանը երբևէ չի առնչվել ո՛չ հեռուստատեսության, ո՛չ էլ ռադիոյի հետ: Գուցե նա անկրկնելի է ՙՍտալինյան մշակութային հեղափոխությունը 1920-ականների երկրորդ կեսին՚ իր հետազոտությունում, սակայն ո՞վ կարող է ասել, թե դա ի՜նչ կապ ունի հանրային հեռարձակման հետ: Ի՞նչ հիմունքներով է նա վաղը որոշելու հանրային հեռարձակողների լրատվական, մշակութային, մանկական, երաժշտական քաղաքականությունը:

Ի դեպ, տեղին է նշել, որ «ՙանկախ» մրցութային հանձնաժողովի նախագահ ՙՄատենադարան՚ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՚ հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանն ուղղակիորեն կապակցված է այն ինստիտուտի հետ, որտեղ աշխատում է Շահնազարյանը լինելով նաև ինստիտուտի խորհրդի կազմում: ՙԱշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի՚ ինտերնետային կայքի ՙԳործընկերներ՚ էջում նշված է Մատենադարանը, իսկ ՙԸնկերներ՚ էջում՝ Արա Խզմալյանը: Անկախության ահա այսպիսի դրսևորում:

Իհարկե, միամտություն կլինի պնդել, որ պարոն Խզմալյանը հանձնաժողովի անդամների վրա ճնշում է գործադրել, պարտադրելով ընտրել նրան: Ակնհայտորեն պարտադրանքը եկել է այլ աշխատավայրերից: Սակայն գոնե արտաքին պատշաճությունը կարելի էր պահպանել:

Ի դեպ N 2: ՙԱշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի՚ համահիմնադիր Վարդան Ազատյանը (Շահնազարյանի նախկին գործընկերն ու ղեկավարը) 2024 թվականի մայիսից Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորն է: Մրցութային հանձնաժողովի անդամ Սառա Նալբանդյանը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը: Քույր (կամ էլ եղբայր) ԲՈՒՀ-երի այս երկու ռեկտորներն անկասկած ունեն շփման և հետաքրքրությունների եզրեր: Սակայն իհարկե, սա էլ անտեսենք:

Ի դեպ N 3: ՀՀ ՙՏեսալսողական մեդիայի մասին՚ օրենքի 25-րդ հովածի (Խորհրդի անդամների նշանակման կարգը և լիազորությունների դադարումը) 18-րդ կետում գրված է. ՙՄրցութային հանձնաժողովի նախագահի հրավերով նիստերին կարող են մասնակցել հեռարձակման ոլորտի մասնագետներ՚: Իհարկե, օրենքը սա չի պարտադրում: Այն ասում է ՙկարող են՚: Հաշվի առնելով, որ հանձնաժողովը ոչ միաժամանակ ժամանակավոր է, այլև ազատ, անկախ և պրոֆեսիոնալ, նրա նախագահը՝ հիշեցնեմ, թեկնածուի աշխատավայրի ՙգործընկերն՚ ու ՙընկերը՚, բնականաբար նպատակահարմար չի գտել նիստերին հրավիրել հեռարձակման ոլորտի որևէ մասնագետի: Պարզ է, չէ՞, որ հանձնաժողովականներն իրենց ընտրությունը կատարել են հաշվի առնելով թեկնածուների բացառապես մասնագիտական կարողությունները այդ նույն հեռարձակման ոլորտում: Պարզ է, չէ՞, որ նրանք հատկապես այս թեկնածուին ընտրել են խղճի մտոք և առաջնորդվել են միայն ու միայն նրա պրոֆեսիոնալ գործունեությամբ, հարուստ կյանքի փորձով, և ստալինյան մշակութային հեղափոխության վերլուծությամբ:

Ի դեպ N 4: Թե՛ այս և թե՛ հանրային ռադիոյի տնօրենի ընտրություններն ունեին ընդհանուր սցենար, երկու դեպքում էլ թեկնածուն ընտրվում է միանգամից և միաձայն՝ մեկ ձայնի բացառությամբ: Ռադիոյի պարագայում 6 անդամներից 5-ը կատարեցին ՙազատ և անկախ՚ ընտրություն, այս դեպքում՝ 5-ից 4-ը:

Իրականում ամեն ինչ փայլուն է և տրամաբանական: Հանրային հեռարձակողի խորհրդի անդամները գտան իրենց արժանի գործընկեր. նույնքան սկզբունքային, նույնքան անկախ և նույնքան պրոֆեսիոնալ: Երբ նրանք միաձայն (-1) քվեարկում էին, պետք է գիտակցեին, որ այդ ուղտը նույնքան միաձայն (-1) իրենց դռանն էլ է չոքելու:

Ս. Գրիգորյան




Լրահոս