Հայտնի են լավագույն ուսանող-շախմատիստները (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս մեկնարկել են Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերը։ Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա ապրիլի 14-ին։ Ընդհանուր առմամբ ուսանողական մարզական խաղերում կանցկացվի 14 առաջնություն։

Առաջինը տեղի են ունեցել շախմատի մրցումները։ Խաղերն անցկացվել են մարտի 26-28-ը շախմատի տանը։ Մասնակցել են տղաների 16 և աղջիկների 10 թիմեր՝ ՀՀ տարբեր բուհերից։ Ընդհանուր առմամբ, շախմատի տախտակի շուրջ ուժերը չափել է շուրջ 100 ուսանող՝ ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ ոչ պրոֆեսիոնալ շախմատիսներ։

Տղամարդկանց թիմային հաշվարկում առաջինը Հայաստանի ամերիկյան համալսարանն էր, երկրորդ հորիզոնականում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, երրորդում՝ Երևանի պետական համալսարանը։ Աղջիկների պայքարում լավագույնն է ճանաչվել ԵՊՀ-ն ներկայացնող թիմը, երկրորդ տեղում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, իսկ երրորդ մրցանակային տեղում՝ ճարտարապետաշինարարական համալսարանը։

Տղամարդկանց անհատական առաջնությունում առաջին տեղում է Արտավազդ Հայրապետյանը (ագրարային համալսարան), երկրորդում՝ Զոհրակ Ապրեսյանը (Հայաստանում ֆրանսիական համալսարան), երրորդում՝ Հայկ Ազիզբեկյանը (ԵՊՀ)։ Աղջիկների մրցաշարում լավագույն շախմատիստուհի ճանաչվեց Նարե Առաքելյանը (ճարտարապետաշինարարական համալսարան), այնուհետև՝ Լուսինե Թորոսյանը (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) և Լիլիթ Մաթևոսյանը (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան)։

Շախմատի մրցաշարը կարևորվում է հատկապես այն տեսանկյունից, որ 2015թ. աշնանը Հայաստանում կանցկացվի շախմատի անդրանիկ Եվրոպայի համալսարանական առաջնությունը։

Հայաստանի ուսանողական մարզական խաղերը կազմակերպում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Հիմնադրամի առաջարկությամբ այս տարվա բոլոր հաղթող ուսանող մարզիկները, որպես պարգև, եռօրյա հանգիստ կանցկացնեն Ծաղկաձորում։




Լրահոս