Պաղեստինյան ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» խմբավորումները ստանձնել են Թել Ավիվում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը և սպառնացել նոր գրոհներ նախապատրաստել։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական Telegram ալիքում։
««Իզեդդին ալ Քասամի բրիգադ»-ի (ՀԱՄԱՍ-ի ռազմական թև) և «Սարայ ալ-Քուդս»-ի («Իսլամական ջիհադ»-ի ռազմական թև) մարտիկները հաստատում են, որ երեկ՝ կիրակի օրը, Թել Ավիվում գործողություն էին նախապատրաստել մահապարտի մասնակցությամբ», – հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Արմատականները հայտարարել են, որ այսուհետ կանոնավոր կերպով մահապարտ ահաբեկիչների մասնակցությամբ ահաբեկչություններ կկազմակերպեն Իսրայելի տարածքում «մինչև օկուպանտները չդադարեցնեն իրենց ագրեսիան քաղաքացիական բնակչության դեմ», ինչպես նաև` մինչև հրեական պետությունը «չդադարի պաղեստինցիներին փորձել վտարել իրենց տարածքներից»։
Զինյալներն Իսրայելի տարածքում ակտիվ ահաբեկչական գործողությունների վերսկսման ևս մեկ նախադրյալ են անվանել Իսրայելի իշխանությունների կողմից անցկացվող «մահափորձերի քաղաքականությունը» արմատական շարժումների պարագլուխների նկատմամբ։
Օգոստոսի 19-ին Իսրայելի ոստիկանությունը հաստատել է, որ օգոստոսի 18-ին Թել Ավիվում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն էր, և միջադեպի հետևանքով զոհվել է ահաբեկիչն ինքը՝ Հորդանան գետի արևմտյան ափի Նաբլուս քաղաքի բնակիչը։ Ռադիո Kan-ի տվյալներով՝ արմատականը մի քանի տասնյակ կիլոգրամ կշռող հզոր պայթուցիկ սարքը կրում էր մեծ ուսապարկի մեջ։ Հնարավոր է` նա պլանավորել էր գնալ սինագոգ կամ առևտրի կենտրոն։ Պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել Թել Ավիվի մի բնակիչ, որը տուն գնալու ճանապարհին էլեկտրահեծանվով անցնում էր այդ շրջանով։