«Աթենք» ՍՊԸ-ն չի լուծել քաղաքացու խնդիրը. մարդիկ անքուն գիշերներ են անցկացնում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Աթենք» ընկերությունը, թեեւ խոստացել էր լուծել քաղաքացու խնդիրը՝ ապագայում նոր գործարան կառուցել, սակայն տեսանելի ոչինչ չի անում այդ ուղղությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը օգոստոսի 13-ին գրել էր, որ «Աթենք» ՍՊԸ-ն դատարանում պարտվել է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին:

Պաշտոնական աղբյուրներից՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել էր, որ քաղաքացի Ալինա Խուդոյանը բողոք է ներկայացրել այն մասին, որ Երեւան քաղաքի Ծարավ Աղբյուր թաղամասի 59/1 հասցեում գործող «Աթենք» մսամթերքի գործարանի սարքավորումների աշխատանքի հետեւանքով առաջացող աղմուկը թափանցում է բնակարան եւ խանգարում իր ընտանիքի գիշերային անդորրը:

Իրականացված զննության արդյունքում պարզվել է, որ «Աթենքի» գործունեության հետեւանքով իրապես կարող է դիմումատուի բնակարանում աղմուկ լինել. դա հաստատվել է նաեւ պաշտոնական չափման արդյունքում: ՀՀ առողջապահական աշխատանքի տեսչական մարմինը որոշել է «Աթենք» ՍՊ ընկերությանը՝ ի դեմս տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանի, կարգադրել 15-օրյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ ապահովելով սանիտարական նորմերով սահմանված պահանջները: Սակայն «Աթենք» ՍՊԸ-ն համամիտ չի եղել տեսչական մարմնի որոշման հետ եւ բողոքարկել է ակտը դատարանում:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ տեւական ժամանակ ընթացող դատական պրոցեսների արդյունքում «Աթենք» ՍՊ ընկերությունը պարտվել է դատարանում։ Մենք փորձեցինք կապ հաստատել «Աթենք» ՍՊԸ-ի հետ, սակայն մեր բոլոր հեռախոսազանգերը մնացին անպատասխան, եւ չկարողացանք պարզել, թե աղմուկից դժգոհող քաղաքացու հարցերը ինչպես են լուծվել։

Տեւական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը փորձում է ընկերությունից խնդրի մասով մեկնաբանություն ստանալ, սակայն ՍՊԸ-ից պարզաբանում ստանալ չի հաջողվում: Այնուամենայնիվ հետեւողական կլինենք»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս