«ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՈՉ ՄԻ ԷԱԿԱՆ ԲԱՆ ՉՏՎԵՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով Ռուբինյան-Քըլըչ հանդիպմանը, նշում է՝ ոչինչ չտվող հանդիպում էր, միայն՝ ժպիտներ, լուսանկարներ ու վերջ:

 

-Միակ «օգուտը» եղավ այն, որ Նիկոլ Փաշինյանը, Ռուստամ Բադասյանը նոր ասֆալտի ֆոնին վիդեո կունենան, – ասում է ընդդիմադիր պատգամավորը։

-Պարո՛ն Մանուկյան, երեքշաբթի օրը՝ շուրջ երկու տարվա ընդմիջումից հետո, տեղի ունեցավ Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Ինչպես ասվում է տարածված հաղորդագրության մեջ՝ կողմերը բավականին դրական են գնահատել հանդիպման արդյունքները, պայմանավորվել են շարունակել սահմանի բացման աշխատանքները, հեշտացնել վիզաների ընթացքը։ Սակայն այսօր լրիվ հակառակ պատկերը տեսանք։ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ սահմանի բացումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե  Հայաստանը եւ Ադրբեջանը հարաբերությունները կարգավորեն եւ պայմանագիրը վերջապես կնքվի։ Ամփոփելով հանդիպման արդյուներն ու վերոնշյալ հայտարարությունը՝ ի՞նչ կարող ենք արձանագրել։

-Երեկ մի հարցազրույցում նշել եմ, որ դեռեւս սպասողական վիճակի մեջ եմ, քանի որ դեռեւս բոլոր հայտարարությունները չեն եղել։ Ճիշտն ասած՝ հարցազրույցի էի շտապում, երբ հրապարակվեց Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը։

Հիմա քաղաքական գործչի տեսանկյունից հարց Ռուբեն Ռուբինյանին՝ «բա ու՞ ր մնաց առանց նախապայմանների բանակցությունների մասին մի քանի անգամ արված գրավոր հայտարարությունն ու այդ հարցում ունեցած իրենց հպարտությունը, երբ Թուրքիան ամեն օր նախապայմաններ է առաջադրում, իսկ Հայաստանի Հանրապետության իշխանությունը կատարում է Թուրքիայի՝ նախկինում հնչեցրած բոլոր նախապայմանները»։

Ինչ վերաբերում է  հանդիպմանը, ապա համոզված չեմ, որ հաղորդագրության տեքստում սահմանները բացելու վերաբերյալ խոսք է եղել։ Աննորմալ իրավիճակ է ստեղծվել։ Մարգարայի կամրջի վրա, որը ամբողջությամբ վերանորոգվեց՝ արժենալով միլիարդավոր դրամներով, Նիկոլ Փաշինյանի «Փի Ար»-ի մաս է դարձել. կանգնում եւ խոսում են երկաթուղու մասին։ Եվ ո՛չ թե երկաթուղու շահագործման, այլ Աքիաքափ-Ախուրիկ հատվածի տեխնիկական հնարավորությունների մասին։ Նախ՝ կա՞ մարդ, դիվանագիտական կորպուս, որը պատկերացնում է, թե ինչի մասին է խոսքը։

Դեռեւս 2012 թվականին տեսաֆիլմով մանրամասն անդրադարձել եմ սրան։ Աքիաքափից հետո կա Դոլուքափ կայարանը, որը վերջինն է։ Այստեղից հետո երկաթուղին մտնում է Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածք։

Աքիաքափից մինչեւ Դոլուքափը եւ Դոլուքափից մինչեւ Ախուրիկ երկաթուղին ամբողջությամբ ավերված է։ Իրենք պայմանավորվում են պարզապես տեխնիկական կարիքներն ապահովելու մասին, ո՛չ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին խոսք կա, ո՛չ սահմանները բացելու մասին խոսք կա, փոխարենը խոսք կա դիվանագիտական անձնագրով երրորդ երկրի քաղաքացիների համար մուտքի ազատության։ Սակայն այստեղ հարց է, թե երրորդ երկրի քաղաքացի ասելով՝ ում նկատի ունեն։ Սա Թուրքիայի համար մի փոքր կույրաղիքային հատված է. Կարսից հետո անգամ տուրիստների համար հետաքրքրություն չներկայացնող հատված է, ուր մնաց՝ երրորդ երկրի քաղաքացիները այստեղով անցնեն։

Թուրքիան այս հանդիպումներն ու բանակցություններն օգտագործում է արտաքին հարաբերությունների դաշտում սեփական իմիջի բարձրացման համար՝ ցույց տալու, որ կոնստրուկտիվ է, որ հարեւանների հետ ցանկանում է հարցեր լուծել։ Սակայն, քանի որ այստեղ կոմունիկացիոն հարցի լուծումը Թուրքիայի շահից չի բխում, ապա բացարձակ չի կարող դրական ազդեցություն թողնել Թուրքիայի տնտեսության վրա։

Բացի դրանից՝ երկաթուղին տնտեսապես մեծ ծախս է։

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

Վերջին շրջանում Մերձավոր Արեւելքում օրեցօր լարվածությունը մեծանում է, ինչը կարող է նաեւ տարածաշրջանային լուրջ հետեւանքներ թողնել, եւ, այդ թվում, բացասաբար ազդել Հարավային Կովկասում առկա ռազմաքաղաքական իրադրության վրա։

 

Մերձավոր Արեւելքում բուն պատերազմական գործողությունները սկսվեցին 2023 թվականի հոկտեմբերի 7-ին եւ այդ օրվանից ի վեր զոհվել է ավելի քան 39 հազար պաղեստինցի: Սա պատերազմ է, որը կոտրեց Իսրայելի անխոցելիության մասին կարծրատիպը:

Շարունակվող լարվածության ֆոնին 2024 թվականի հուլիսի 27-ին Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքները հրթիռակոծվեցին Լիբանանի կողմից, որի հետեւանքով ավելի քան 10 զոհ եւ բազմաթիվ վիրավորներ կան։ Նույն օրը ԱՄՆ-ում գտնվող Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն հայտնեց, որ շտապ վերադառնում է։

Հուլիսի 30-ին Իսրայելն անցավ բացահայտ գործողությունների եւ հարվածներ հասցրեց Լիբանանում «Հըզբալլահ» կուսակցության կայաններին` մեղադրելով երեք օր առաջ տեղի ունեցած հրթիռակոծության համար։

«Հըզբալլահ»-ն իր հերթին հայտարարեց, որ այդ գործողություններն անպատիժ չեն մնալու։

Հուլիսի 31-ի առավոտյան Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում սպանվեց «Համաս»-ի ղեկավար Իսմայիլ Հանիեն: Շարժումն իր առաջնորդի սպանության համար պատասխանատու է համարում Իսրայելին եւ ԱՄՆ-ին։

Խոսելով վերջին օրերին ստեղծված իրավիճակի մասին՝ պետք է նշել, որ դեռեւս հուլիսի 28-ին ավիաընկերությունները Լիբանանից դուրս են բերել իրենց ինքնաթիռները, իսկ արդեն հուլիսի 30-ին բազմաթիվ թռիչքներ հետաձգվել եւ չեղարկվել են:

Ինչու՞ Իսրայելը բացահայտ ռազմական գործողությունների անցավ: Հարկ է նշել, որ իշխանության գալուց ի վեր՝ Բենիամին Նաթանյահուի դեմ պայքար է սկսվել. նրա նկատմամբ բազմաթիվ մեղադրանքներ են հնչում՝ պետական դիրքի չարաշահման վերաբերյալ: Այս պահին Իսրայելի վարչապետն իր առջեւ դրված խնդիր ունի՝ հնարավորինս երկար մնալ պաշտոնին՝ հակառակ դեպքում կալանավորումն անխուսափելի կլինի:

«Հըզբալլահ»-ի դեմ ռազմական գործողությունները հիանալի առիթ են երկրում լարված իրադրություն ստեղծելու, քաղաքական ներքին բախումները ժամանակավորապես հետաձգելու եւ հաջողության դեպքում՝ փառքի արժանանալու համար: Հետեւաբար, անհասկանալի է՝ վերջին օրերին սկսված ռազմական գործողությունները անձնական ամբիցիաների՞, թե՞ տարիների հիմնախնդրի հերթական պոռթկման արդյունք են:

 

 

 

ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ ԵՐԵԿ ՀԵՌԱՑԱՆ

Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ներկայացուցիչները հայկական կողմի պահպանությանն են հանձնել «Զվարթնոց» օդային անցակետի պետական սահմանը։

Արձանագրությունը ստորագրել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը եւ Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին:

 

 

 

 

ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հանդիպումները շարունակվում են, մենք նաեւ պետք է պատրաստենք մեր սցենարը ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման դեպքում։

Այս մասին Sabah թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Նրա խոսքով՝ այս ուղղությամբ աշխատանքները ներկայում շարունակվում են:

«Ի վերջո, մենք կկարողանանք իրականացնել դրական սցենար, այն է՝ բացել Հայաստանի հետ սահմանը», – նշել է Ֆիդանը։

 

 

 

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ  ԸՆԹԱՑՔԸ

Հայաստանը եւ Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի վերջնական ձեւակերպման հարցում. այս մասին Հադսոնի ինստիտուտում տեղի ունեցած քննարկումների ժամանակ ասել է այցով ԱՄՆ-ում գտնվող Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Խոսելով խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավոր ժամկետների մասին՝ Ամիրբեկովը նշել է, որ դա մեծապես կախված է լինելու հայկական կողմի պատրաստակամությունից՝ վերացնելու միակ մնացած խոչընդոտը՝ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված «տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ»:

«Խաղաղության համաձայնագրի տեքստի մեծ մասը համաձայնեցված է։ Մնացած բոլոր հարցերը կարող են լուծվել, բայց մենք չենք կարող ավելի հեռուն գնալ եւ խաղաղության պայմանագիր կնքել՝ աչք փակելով այս հակամարտության բուն էկզիստենցիալ պատճառի վրա, այն է՝ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված «տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ»։ Մենք դեռ վստահ չենք Հայաստանի իշխանությունների անկեղծությանը, երբ նրանք ասում են, որ հրաժարվել են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, քանի որ ակնհայտ հակասություն կա նրանց պաշտոնական հրապարակային հռետորաբանության եւ սահմանադրական եւ իրավական դաշտի հետ առկա իրավիճակի միջեւ։ Այս հակասությունը պետք է լուծվի, որպեսզի ճանապարհ բացվի դեպի հնարավոր խաղաղություն», – ասել է նա:

 




Լրահոս