«ԻՍՐԱՅԵԼԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄ ՀՐԱՀՐԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին 2 օրվա ընթացքում Մերձավոր Արեւելքում գործողություններ են սկսվել եւ ընթանում, որից շատերը հետեւություններ են անում, որ այդ ամենն իրենից անվտանգայնության մեծ հարց է ներկայացնում եւ կարող է ազդել մեր իսկ տարածաշրջանի վրա։

 

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ Իսրայելի գործող վարչապետ Նեթանյահուի ցանկությունն այն է, որ մեծ եւ արյունալի պատերազմ հրահրի՝ Իրանի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ, սակայն մեծ լավատեսություն ունի, որ Նեթանյահուի այդ ցանկությունն իրականություն չի դառնա։

«Անցած տարվա հոկտեմբերի 7-ից սկսած, երբ տեղի ունեցավ սկզբում Համասի հարձակումը Իսրայելի վրա, հետո Գազայի հատվածում արյունոտ պատերազմը՝ Իսրայելի իրականացրած, ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ Իսրայելի գործող վարչապետ Նեթանյահուի ցանկությունն այն է, որ մեծ պատերազմ հրահրի Իրանի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ, սակայն կարծում եմ, մի փոքր լավատեսություն ունեմ, որ Նեթանյահուի այդ ցանկությունն իրականություն չի դառնա, որովհետեւ, նախ, Իրանի Իսլամական Հանրապետությունում հասկանում են դա, եւ հույս ունեմ՝ զգուշավորություն կցուցաբերեն, իսկ երկրորդը, ԱՄՆ-ի իսթաբլիշմենթում (գերիշխող սոցիալական խումբը, վերնախավը, որը վերահսկում է քաղաքականությունը, կազմակերպությունը կամ հաստատությունը) շատ մեծ դիմադրություն կա Նեթանյահուի այդ մտադրության հետ կապված»,- ասաց քաղաքագետը։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ այս լարվածությունը շարունակվելու է, եւ մեծ վտանգ կա, որ ինչ-որ կետից վերահսկողությունը կարող է դուրս գալ։

«Հիմա շատ ուշադիր պետք է հետեւել զարգացումներին։ Հույս ունենանք, որ դիվանագիտական մեթոդներով եւ առաջին հերթին Թեհրանի եւ Վաշինգտոնի էլիտաների ողջամտության շնորհիվ հնարավոր կլինի խուսաբել մեծ պատերազմից, իսկ եթե այնուամենայնիվ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից՝ ոչ միայն Մերձավոր Արեւելքը, այլեւ Հարավային Կովկասը կներքաշվեն շատ արյունոտ պատերազմի մեջ, որի հետեւանքները շատ սարսափելի են, ուղղակի չեմ էլ ուզում կանխատեսել»,- ասաց քաղաքագետը։

Սուրենյանցը, անդրադառնալով այն հարցին՝ արդյո՞ք Իսրայելը գերտերությունների կողմից աջակցություն կստանա, ասաց. «Իսրայելի հույսն այն է, որ պատերազմի մեջ կներքաշի Իրանին, մյուս կողմից՝ կստանա ԱՄՆ-ի աջակցությունը։ Միացյալ նահանգներում Նեթանյահուի այս մտադրությանը, հատկապես Գազայի իրադարձություններից հետո, շատ մեծ դիմադրություն կա։ Հույս ունեմ, որ այնուամենայնիվ, գործը մեծ պատերազմին չի հասնի։ Մյուս կողմից՝ ցանկացած իրադարձություն կարող է իրավիճակը դարձնել անվերահսկելի։ Առայժմ այն կարծիքին եմ, որ թե՛ Թեհրանում, թե՛ Վաշինգտոնում ողջամտությունը կհաղթի եւ հնարավոր կլինի խուսաբել այնպիսի մի պատերազմից, որի ֆոնին ուկրաինական պատերազմը կարող է խամրել»։

Քաղաքագետի կարծիքով՝ Իրանում շատ լավ հասկանում են, որ Իսրայելի ցանկությունն իրեն պատերազմի մեջ ներքաշելն է, եւ, բնականաբար, պետք է այնպիսի ողջամիտ ու հավասարակշիռ քաղաքականություն վարել, որպեսզի այդ սցենարն իրականություն չդառնա, սակայն 100 տոկոսանոց ոչ մի երաշխիք չկա, որ պատերազմ չի լինելու։

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

 

274 ԴԻՄՈՒՄ՝ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հաշվետու ժամանակահատվածում ստացել է հայտարարագրերում փոփոխություն կատարելու վերաբերյալ 274 դիմում, որից 208 դիմումը ստացել է հայտարարատու պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների կողմից, 64-ը՝ հայտարարատու պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների կողմից, 2 դիմում ստացվել է կուսակցությունների ղեկավար մարմնի անդամների կողմից։

Հայտարարագրերում փոփոխություն կատարելու վերաբերյալ ատացված դիմումներից 2-ը մերժվել են։

1-ին դիմումը մերժվել է, քանի որ դիմումատուի ներկայացված հայտարարագրերը ճանաչվել են արտավարույթային փաստաթղթեր, իսկ 2-րդ դիմումը մերժվել է, քանի որ հայտարարատուի հայտարարագրում առկա անհամապատասխանություններն այլ կերպ բացահայտված էին եղել մամուլի ուսումնասիրությամբ։

Հանձնաժողովի հաշվետվությունից տեղեկանում ենք, որ մյուս դիմումների հիման վրա համապատասխան փոփոխությունների կատարման գործընթացն ամբողջությամբ հնարավոր չի եղել ապահովել, քանի որ այդ դիմումների մի մասի վերաբերյալ է հայտարարագրման նախկին էլեկտրոնային համակարգում առկա հայտարարագրերին։ Նախկին համակարգի հայտարարագրերի ուղղման գործընթացը հնարավոր կլինի իրականացնել 2024 թվականի երկրորդ կիսամյակում, իսկ նոր համակարգում հայտարարագրված տվյալներում փոփոխությունների կատարման գործընթացն արդեն իսկ մեկնարկել է։

 

 

ԻՐԱՆԱԳԵՏԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ

Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է վերջին օրերին Մերձավոր Արեւելքում առկա իրավիճակին:

Նա մասնավորապես գրել է. «Իրանը հազարամյակների պետականության ավանդույթ ունեցող երկրներից է, եւ վերջինիս լայնածավալ ուղղակի պատերազմի մեջ ներքաշելու, իսկ այնուհետեւ զոհի կարգավիճակով ԱՄՆ-ից համակողմանի եւ լիարժեք աջակցություն ստանալու փորձերը չեն կարող խիստ իրատեսական դիտարկվել։

Ներքաշման նման հերթական գործելաոճի դրսեւորում պետք է համարել նաեւ «Համասի» քաղաքական թեւի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունը Թեհրանում՝ իսրայելական հատուկ գործողության հետեւանքով։

Բանն այն է, որ Իրանն առանց այն էլ բավական հաջող կարողանում է անուղղակի կերպով պայքարել տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային իր ախոյանների ու թշնամիների դեմ՝ Մերձավոր Արեւելքում ստեղծելով արբանյակ կառույցների եւ կազմակերպությունների նմանը չունեցող ցանց, որն էլ անհրաժեշտության դեպքում ուղղակի բախումների մեջ է մտնում հակաիրանական ուժերի հետ։

Նման անուղղակի ցանցային գործելաոճը ոչ միայն հնարավորինս խնայում է հենց Իրանի մարդկային ներուժը, այլ նաեւ հնարավորություն ստեղծում միանգամից մի քանի ճակատներով իր ախոյաններին ու թշնամիներին ներքաշելու անվերջանալի եւ խիստ ռեսուրսատար բախումների մեջ։

Այնպես որ, Իրան-Իսրայել ուղղակի լայնածավալ պատերազմի մասին կանխատեսումներն առայժմ այդքան էլ իրական չեն թվում, չնայած վառոդի տակառի նմանվող Մերձավոր Արեւելքում ցանկացած կայծ հղի է պատերազմական հրդեհի բռնկման վտանգով»:

 

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ

Վրաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա գործակալների մասին օրենքը:

Սա նշանակում է՝ օրենքով, երկրից դուրս 20 տոկոսից ավելի ֆինանսավորվող շահույթ չհետապնդող կազմակերպությունները եւ լրատվամիջոցները պետք է գրանցվեն որպես կազմակերպություններ՝ «օտար տերության շահերը հետապնդող կազմակերպություններ»:

Կանոնները չպահպանող կազմակերպությունները կտուգանվեն մինչեւ 25 հազար լարիով:

ԵՄ-ն կասեցրել է Վրաստանի ինտեգրացիան՝ վիճահարույց օրենքի ընդունման պատճառով։

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել վրացի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մասնակցել են օրենքի ընդունմանը։

 

 

ՄԱԴՈՒՐՈՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՄԲ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նախազգուշացրել է, որ չի վարանի բնակչությանը «նոր հեղափոխության» կոչ անել, եթե նրան ստիպեն «հյուսիսամերիկյան իմպերիալիզմը եւ ֆաշիստ հանցագործները»:

Մադուրոյի մեկնաբանությունները հնչել են երկրում շարունակվող զանգվածային ցույցերի ֆոնին, որոնք տեղի են ունենում նախագահական ընտրություններում նրա վիճելի հաղթանակից հետո:

«Ես չէի ցանկանա գնալ հեղափոխություն անելու ուղիով: Մենք ցանկանում ենք շարունակել այն ճանապարհը, որը նախանշել է Չավեսը: Բայց եթե հյուսիսամերիկյան իմպերիալիզմը եւ ֆաշիստ հանցագործները մեզ ստիպեն, իմ ես չեմ վարանի՝ ժողովրդին նոր հեղափոխության կոչ անելու համար», – ասել է Մադուրոն Կարակասում միջազգային լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

 

 

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՍԱՌԵՑՎԵՆ

Իսրայելի կառավարության եւ արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջեւ պատանդների վերաբերյալ բանակցությունները, ամենայն հավանականությամբ, շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ շարունակ կսառեցվեն:

Նշվում է, որ Իսրայելի կաբինետի անդամներին հայտնել են կանխատեսման մասին, ըստ որի՝ Բեյրութում շիական «Հըզբալլահ» շարժման ռազմական առաջնորդ Ֆուադ Շոկրի եւ Թեհրանում արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը կհանգեցնի բանակցությունների դադարեցմանը։

Միաժամանակ չի բացառվել, որ Իրանն իր տարածքից կհրթիռակոծի Իսրայելը։

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ի առավոտյան հայտարարվեց ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Իսմայիլ Հանիեի մահվան մասին, ինչը հաջորդել էր Իսրայելի կողմից «Հըզբալլահ» կուսակցության կենտրոնակայաններին հարվածելուն։




Լրահոս