Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրոջ ու այլ անձանց մասով գործն արդեն Հակակոռուպցիոն դատարանում է, եւ երեկ առաջին դատական նիստն էր։
Հիշեցնենք, որ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանին «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել, եւ նա տեւական ժամանակ կալանքի տակ էր ու վերջերս ազատ արձակվեց։ Բանն այն է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայություն ձեռք բերելու մրցույթի ընթացքում՝ կատարված առերեւույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ։
Մասնավորապես՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի շարք պաշտոնատար անձինք, իրենց ղեկավար պաշտոնատար անձի հանձնարարությամբ, մրցույթի ընթացքում հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են ունեցել «Ս» ընկերության ներկայացուցիչների հետ, նրանց հետ քննարկել մրցույթի պայմանները, ընդհուպ՝ նրանց տրամադրել մրցակից «Հ» հիմնադրամի կողմից հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը եւ նրանց օժանդակությամբ մրցույթի ընթացքում սահմանել այնպիսի նոր կամ փոփոխված պայմաններ, որոնց հիմնադրամի ներկայացրած փաստաթղթերը կարող են դիտվել չհամապատասխանող՝ հնարավորություն տալով ընկերությանը հեռացնել մրցույթից:
Սույն քրեական գործով մեղադրյալ էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, որը խոստովանեց, որ հանցանք է գործել, ու գործուն զղջալու հիմքով՝ նրա եւ եւս մի քանի անձի մասով գործը կարճվեց, իսկ ահա հայտնի հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրը՝ «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը, ինչպես նաեւ նախկին նախարար Վահան Քերոբյանը դեռ կռիվ կտան դատարանում»:
Դատական նիստի սկսվելուց առաջ՝ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց ուղղեց Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին՝ մասնավորապես խնդրեց ցույց տալ իր, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրագրությունը։
Նշենք, որ էկոնոմիկայի նախկին նախարարը դատարանում խնդրանքով դիմել է դատավոր Մերի Մոսինյանին: Վահան Քերոբյանը նշել է, որ որդին ընդունվել է Միսիսիպիի համալսարան եւ ցանկանում է թույլտվություն ստանալ՝ որդուն համալսարան ճանապարհելու նպատակով երկրից դուրս գալու համար:
ՔՐԳՈՐԾԵՐ՝ ԿԱՇԱՌՔԻ ՄԱՍԻՆ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներ Գ. Փ.-ն եւ Վ. Ք.-ն, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, տարբեր տնտեսվարող սուբյեկտների օգտին դրսեւորած թողտվության եւ հովանավորչության համար նրանցից պահանջել եւ ստացել են յուրաքանչյուր դեպքում մինչեւ 90.000 ՀՀ դրամ կաշառք:
Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված պաշտոնատար անձինք 2023 թվականի օգոստոսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում՝ իրենց գործառույթներն իրականացնելու ընթացքում, ավտոգազալցման կայանների տնօրենների, հասարակական սպասարկման օբյեկտների սեփականատերերի, որոշ դեպքերում՝ դրանց պատասխանատու անձանց օգտին թողտվության, հովանավորչության եւ այլ ապօրինի գործողություն կատարելու, մասնավորապես՝ հիշյալ կառույցներում առկա հրդեհային անվտանգության կանոնների խախտումները չարձանագրելու, հակահրդեհային անվտանգության կանոններին համապատասխանելու վերաբերյալ դրական եզրակացություն տալու դիմաց որպես կաշառք պահանջել եւ ստացել են տարբեր չափերի գումարներ:
Գ. Փ.-ին եւ Վ. Ք.-ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով /8 դրվագ /, իսկ վերը նշված ընկերություններից մեկի տնօրեն Մ. Ս.-ին՝ 436-րդ հոդվածի 2- րդ մասի 3-րդ կետով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննվելու համար:
ԱՊՕՐԻՆԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔ
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները տեղեկություններ են ստացել, որ սահմանափակ ընկերություններից մեկի տնօրենի ցուցումով Մասիս համայնքի տարածքում՝ Սեւջուր կոչվող գետի ափերին, իրականացնում են ավազակոպճի ապօրինի հանքարդյունահանման աշխատանքներ: Ստուգմամբ պարզվել է, որ ՍՊԸ տնօրինությունը կամ իրավասու անձինք նույն ընկերությանը պատկանող տարածքում 2023 թ. դեկտեմբերի 28-ից մինչ օրս, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելով, օրական ապօրինի արդյունահանել եւ վաճառել են ավազակոպիճ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Ստուգմամբ հայտնաբերվել են գետի հունի վիճակի եւ կայունության փոփոխություններ, ընկերության գործողություների հետեւանքով ընդերքին եւ շրջակա միջավայրին պատճառվել է էական վնաս, այն է՝ հանգեցրել է հողի որակի վատթարացման, արդյունահանվող օգտակար հանածոների կորստի, ինչն էլ առաջացրել է տվյալ վայրում առկա օգտակար հանածոների հետագա շահագործման դժվարացում:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարույթի շրջանակում ՍՊ ընկերության չորս աշխատակից ձերբակալվել եւ տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում վերոհիշյալ ՍՊ ընկերության կողմից, որպես պետությանը պատճառված վնաս, վերականգնվել է 10 միլիոն դրամ:
Կատարվում է նախաքննություն:
ՎՐԱԵՐԹԻ ԳՈՐԾՈՎ
Հուլիսի 29-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 12:50-ի սահմաններում, 27-ամյա անձի կողմից վարած «Մերսեդես» մակնիշի բեռնատարը Երան քաղաքի Աճառյան փողոցում, կանգառի մոտ, վարերթի է ենթարկել 3 հետիոտնի։ Վրաերթի հետեւանքով Երեւան քաղաքի բնակիչներ 75-ամյա եւ 73-ամյա ամուսինները տեղում մահացել են, իսկ նրանց որդին՝ 48-ամյա տղամարդը, դիմել է բուժօգնության։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են ականատեսներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ բեռնատարի 27-ամյա վարորդին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ համակցված 1մլն դրամի չափով գրավի եւ բացակայելու արգելքի հետ։ Նախաքննությունը շարունակվում է։
Բուժկենտրոնում գտնվող 48-ամյա տուժողի վիճակը բավարար է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ԵՆ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ՝ կալանավորված անձը տեղափոխվել է այլ քրեակատարողական հիմնարկ՝ ընտանիքի հետ տեսակցությունները հնարավոր դարձնելու նպատակով», – տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։
«Կալանավորված անձի փաստաբանը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը` իր վստահորդին կալանքի կրումը շարունակելու նպատակով այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցում:
Ըստ փաստաբանի՝ մեղադրյալի ընտանիքը, այդ թվում՝ երկու անչափահաս երեխաները, բնակվում են մարզում: Հետեւաբար, հաշվի առնելով ընտանիքի սոցիալական վիճակը, ընտանիքի բնակության վայրի եւ քրեակատարողական հիմնարկի հեռավորությունը, առկա են էական դժվարություններ վստահորդի եւ նրա անչափահաս երեխաների տեսակցությունները կազմակերպելու հարցում: Հաշվի առնելով նշված հանգամանքները, ինչպես նաեւ երեխայի լավագույն շահի սկզբունքը, Մարդու իրավունքների պաշտպանը խնդրի լուծման առաջարկով դիմել է պետական իրավասու մարմիններին։ Իրավասու մարմինների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում փաստաբանի կողմից բարձրացված հարցը ստացել է լուծում. կալանավորված անձը տեղափոխվել է այլ քրեակատարողական հիմնարկ»,-նշված է հաղորդագրության մեջ։