ԳԱԶԱԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի (ԳԳՄ) կողմից ամբողջությամբ վերականգնվել են գազաբաշխման ցանցի գազատարները, որոնք վնասվել էին մայիսի 26-ին տեղի ունեցած գետերի վարարման արդյունքում ստեղծված աղետի հետեւանքով։

 

Լոռու ԳԳՄ Թումանյանի տարածքային տեղամասի (ՏՏ) սպասարկման գոտում վնասվել էին միջին եւ ցածր ճնշման գազատարներ Ալավերդի, Ախթալա քաղաքներում, Հաղպատ, Քարկոպ եւ Նեղոց բնակավայրերում։

Թումանյանի ՏՏ պետի տեղակալ Արթուր Իսրայելյանի տվյալներով, վթարավերականգնողական աշխատանքները մեկնարկել էին մայիսի 27-ին, ընդհանուր առմամբ վերականգնվել է շուրջ 5000 գծամետր գազատար։

Աշխատանքներին ներգրավված էր ավելի քան 85 մարդ Լոռու ԳԳՄ բոլոր տարածքային տեղամասերից, սեղմ ժամկետներում տեղափոխվեց 15 միավոր անհրաժեշտ շինարարական տեխնիկա։

Աղետից անմիջապես հետո վարարումներից տուժած տարածքներ այցելեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական ապարատի աշխատանքային խումբը, տեղում ուսումնասիրվեց գազաբաշխման ցանցին հասցված վնասը, որից հետո Թումանյանի տարածքային տեղամասին օպերատիվ կերպով տրամադրվեցին վթարավերականգնողական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ նյութերը՝ խողովակներ, փականներ, ներկանյութ եւ այլն։

«Թումանյանի տարածաշրջանում վթարավերականգնողական աշխատանքներն տեւել են շուրջ 20 օր։ Աշխատանքներին մասնակցել է մեր տարածքային ծառայության ողջ անձնակազմը։ Մինչ վթարային բրիգադները վերականգնում էին վնասված գազատարները, մեր մյուս գործընկերները աջակցում էին նյութերի բեռնաթափմանը, տեղափոխմանը, այլ աշխատանքներին։ Աշխատել ենք գրեթե շուրջօրյա, որպեսզի կարողանանք հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնել գազամատակարարումը, քանի որ մեր տարածաշրջանում գազազրկված էր շուրջ 3 000 բնակիչ-բաժանորդ», – նշում է Ա.  Իսրայելյանը։

Թումանյանի ՏՏ պետի տեղակալի խոսքով, գազաբաշխման ցանցը տարածաշրջանի աղետից տուժած բնակավայրերում ամբողջությամբ վերականգնված է, բաժանորդների գազամատակարարումն իրականացվում է անխափան եւ բնականոն ռեժիմով։ Որոշ հատվածներում կառուցվել են ժամանակավոր գազատարներ, որոնք կվերատեղադրվեն վարարումներից վնասված ճանապարհային ենթակառուցվածքի վերականգնումից հետո։

 

 

 

ՏԱՆ ՊԱՅԹՅՈՒՆ ԵՎ ՓԼՈՒԶՈՒՄ

Օգոստոսի 1-ին՝ ժամը 06:16-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոսկեհասկ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Նախնական, դեռեւս ստուգման ենթակա տվյալներով պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազի բալոնից արտահոսքի պատճառով՝ տան բնակչի կողմից գազօջախը միացնելու ընթացքում։

Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայր են մեկնել Ախուրյանի քննչական բաժնի քննիչներ՝ անհետաձգելի, առաջնային քննչական գործողություններ կատարելու նպատակով։

Պարզվել է, որ, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ, ինչի հետեւանքով Ն. Խ.-ն (ծնված 1993 թ.) եւ Փ. Խ.-ն (ծնված 1967 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական եւ վարութային այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։

Փրկարարները փլատակներից դուրս են բերել Լ. Խ.-ի (ծնված 2012 թ. ) մարմինը, շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վերջինիս մահը. փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

 

 

ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է ՇՏԿԵԼՈՒ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն անդրադարձել է ՍԲ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ կառուցվող շատրվանների եւ տարածքի բարեկագման աշխատանքներին ու նոր տնկված տույաների չորացմանը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ կառուցվող շատրվանների եւ տարածքի բարեկագման, ինչպես նաեւ տույաների չորացման եւ տույաների գնի վերաբերյալ տեղեկացնում եմ՝ Տույաների գնի հետ կապված Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունն իրականացնում է ուսումնասիրություն, որի ավարտից հետո կտրվի համապատասխան մեկնաբանություն։

Տույաների չորացման, ինչպես նաեւ շինարարության ընթացքում եւ երաշխիքի ժամկետի շրջանում առաջաջած թերությունների դեպքում շինարարը պարտավոր է վերականգնել այն եւ բերել պատշաճ տեսքի։

Նշեմ, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն եւ Երեւանի քաղաքապետարանին հանձնված չեն։ Հավելեմ նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչությունում դեռ նախորդ շաբաթ տեղի է ունեցել շինարարի հետ հանդիպում, վերջինս պատրաստակամ է շտկել բոլոր այն թերությունները, որոնք առաջացել են շինարարական աշխատանքների ընթացքում, այդ թվում ծառերի մասով»։

Նշենք, որ Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանն այցելել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ քաղաքապետարանի հիմնած նոր այգին ու բացահայտել, որ տնկած տույաները չորացել են։

«Երկու ամիս առաջ Երեւանի քաղաքապետարանը մեծ շուքով բոլորիս նվիրեց այս բարեկարգված տարածքը։ Արտակարգ ստացվել է Տույաների հիշատակի պուրակը, շնորհակալ ենք։ Հաստատ, էն ժավելով բիձուկն է այրել արմատները, արագ փորձաքննություն արեք ու մամուլը ողողեք, լավ ստացվում է։ Հավելեմ, մեկ տույան արժե 20000-40000 դրամ, ի դեպ, բացարձակ կարեւոր չէ՝ ով է վճարել, գրագետ ընտրեիք, սա չէիք ստանա, կրթվեք, ամոթ է», – գրել էր նա։

 

 

 

ԳՈՒՄԱՐ ՉԵՆ ՀԱՏԿԱՑՆՈՒՄ՝ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՆՈՐՈԳԵԼՈՒ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում ենք ուղարկել՝ հարցնելով, թե մարզի պետական առողջապահական հիմնարկներից քանի՞սն ունեն վերանորոգման կամ հիմնանորոգման կարիք։ Մարզպետարանից պատասխանել են. «ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայության 21 բուժհիմնարկներից (ինչպես նաեւ նրանց կազմում գործող 39 բուժակամանկաբարձական կետերից) վերանորոգման, հիմնանորոգման եւ նորի կառուցման կարիք ունեն հետեւյալ բուժհիմնարկները եւ նրանց կազմում գործող բուժակա-մանկաբարձական կետերը.

1) Հաղարծինի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի Ներքին Գոշի ԲՄԿ-ները՝ կառուցման կամ նոր վագոն-տնակի կարիք։ 2) Գետահովիտի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ը՝ նոր շենքի կառուցման կարիք։ 3)Իջեւանի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի Լուսաձորի ԲՄԿ-ն՝ հիմնանորոգման կարիք։ 4) Այգեհովիտի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի Կայանավանի ԲՄԿ-ն՝ հիմնանորոգման կարիք։ 5) Խաշթառակի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի Լուսահովիտի ԲՄԿ-ն՝ հիմնանորոգման կարիք։ 6) Սեւքարի ԳԲԱ ՊՈԱԿ-ի Աճարկուտի եւ Սարիգյուղի ԲՄԿ-ները՝ հիմնանորոգման կարիք 7) Նավուրի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի Իծաքարի ԲՄԿ-ն՝ հիմնանորոգման կարիք։ 8) Նոյեմբերյանի ԲԿ ՓԲԸ-ի մանկական եւ ինֆեկցիոն բաժանմունքների շենքը՝ կառուցման կարիք եւ Ջուջեւանի ԲՄԿ-ն՝ հիմնանորոգման կարիք: 9) Այրումի ԳԲԱ ՊՈԱԿ-ը՝ նոր շենքի կառուցման կարիք։ 10) Ոսկեվանի ԳԲԱ ՊՈԱԿ-ի Ոսկեպարի ԲՄԿ-ն՝ հիմնանորոգման կարիք։ 11)Կողբի ԳԲԱ ՀՈԱԿ-ը՝ նոր շենքի կառուցման կարիք։ 12)Բագրատաշենի ԳԲԱ ՊՈԱԿ-ի Դեբեդավանի ԲՄԿ-ն՝ հիմնանորոգման կարիք: 13) Զորականի ԳԲԱ ՊՈԱԿ-ի Հաղթանակի ԲՄԿ-ն՝ հիմնանորոգման կարիք»: Մարզպետարանից տեղեկացել ենք նաեւ, որ Տավուշի  մարզի 76 հանրակրթական դպրոցներից 10-ն ունեն հիմնանորոգման, 32-ը՝ վերանորոգման կարիք:  Մարզի պետական առողջապահական հիմնարկների, հանրակրթական դպրոցների շենքերը նորոգելու համար պետական բյուջեից գումարներ չեն հատկացվում,  իսկ Տավուշի  մարզպետարանի պաշտոնյաներին պարգեւատրելու համար պետական սուղ բյուջեից տասնյակ միլիոնավոր դրամներ են հատկացվում։ Տավուշի մարզպետարանից ստացված տվյալներով՝ մարզպետարանի պաշտոնյաները 2023 թվականի ընթացքում պարգեւատրվել են 71 միլիոն 960  հազար դրամի չափով, իսկ տարվա հուլիսի 15-ի դրությամբ մարզպետի աշխատակազմի աշխատակիցները ստացել են 33 միլիոն 484 հազար 235 դրամ պարգեւավճար: Հավելենք, որ  Տավուշի մարզպետարանի ենթակայության տակ ընդամենը երկու ոլորտներ են գործում՝ մարզի հանրակրթական դպրոցները եւ մարզի պետական առողջապահահական հիմնարկները։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս