ՈՍԿՈՒ ԳՆԻ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոսկու գինը Comex բորսայում (Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանում) սակարկությունների ընթացքում թարմացրել է իր պատմական առավելագույն ցուցանիշը՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 2500 դոլարի։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: Երեւանի ժամանակով 05:28-ի դրությամբ թանկարժեք մետաղի գինը մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմել է 2501 դոլար (+1,65 %)։

Երեւանի ժամանակով 05:31-ի դրությամբ ոսկու արժեքը աճն արագացրել է՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 2502 դոլարի (+1,56 %)։

 

 

ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՐԳԵԼՎԵԼ Է

Ռուսաստանում օգոստոսի 1-ին ուժի մեջ է մտել բենզինի արտահանման արգելքը, որը կտեւի մինչեւ հոկտեմբերը ներառյալ։ Դիզվառելիքի մասով նմանատիպ միջոց չի ձեռնարկվել:

ՌԴ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Պավել Սորոկինի խոսքով՝ կառավարությունն այդ որոշումը կայացրել է շուկան կայունացնելու, այն առաջարկով հագեցնելու եւ գների, այդ թվում՝ մեծածախ գների կտրուկ աճ թույլ չտալու նպատակով։

Ռուսաստանի Դաշնությունից բենզինի արտահանման արգելքը գործել է 2023 թվականի սեպտեմբերի 21-ից մինչեւ նոյեմբերի 17-ը՝ շարժիչային վառելիքի ներքին շուկայում գնային իրավիճակի կայունացման նպատակով։ Նմանատիպ միջոցը տարածվել է նաեւ դիզելային վառելիքի վրա։

Ընդ որում, ՌԴ կառավարությունը 2024 թվականի մարտի 1-ից մինչեւ  օգոստոսի 31-ը կրկին սահմանել էր բենզինի (բայց ոչ դիզվառելիքի) արտահանման ժամանակավոր արգելք, որը, սակայն, դադարեցվել էր մայիսի վերջից մինչեւ հուլիսը ներառյալ։

 

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Հայաստանը կմասնակցի Չինաստանի Շանհայ քաղաքում նոյեմբերի 5-10-ն անցկացվելիք Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին (CIIE), որի նպատակն է նպաստել փոքր եւ միջին բիզնեսի կայուն զարգացմանը։

Այս մասին հայտնում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը։

Նշվում է, որ մինչեւ այժմ ցուցահանդեսին մասնակցել են 60 երկրների ավելի քան 800 ընկերություններ։




Լրահոս