Արցախի եւ Հայաստանի հանրապետությունների սահմանագլխին գտնվող «Մեծ եւ Փոքր Սյունիքներ» հուշակոթողի կարգավիճակի վերաբերյալ, ինչպես տարբեր լրատվականներ ու անհատներ, այնպես էլ Monumentwatch նախաձեռնությունը ահազանգել են դեռեւս 2023 թվականի ապրիլին։
Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 29-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նախկին երթուղու փակումից եւ արդեն ապրիլի սկզբին՝ նոր երթուղու արեւմտյան հատվածի (Կոռնիձոր եւ Տեղ գյուղերով անցնող) գործարկումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ նաեւ Սյունիքի եւ Արցախի սահմանագլխին կառուցված «Մեծ եւ Փոքր Սյունիքներ» կամ «Մայր Հայրենիք» կոչվող հուշակոթողը:
Հուշարձանը կառուցվել է 2004 թվականին Մեծ եւ Փոքր Սյունիքների միասնության գաղափարով։ Հուշարձանի ճարտարապետը Սեւադա Զաքարյանն է, կառուցվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանի ֆինանսավորմամբ։ 2007 թվականին հուշարձանի տարածքում կանգնեցվել է նաեւ խաչքար։
Սուղ ժամկետներում հուշահամալիրի տեղափոխության անհնարինությունը հաշվի առնելով՝ հայկական կողմը 2023 թվականի ապրիլի 3-ին տեղափոխեց միայն խաչքարը , եւ սա կարելի է համարել եզակի բացառություն, երբ հուշարձանը հանվում է իր պատմական լանդշաֆտից, կտրվում իր ամբողջականությունից՝ հանուն փրկության։
Ինչպես եւ եզրակացվում էր, «Գուգլ»-ի արբանյակային քարտեզի 2024 թվականի ապրիլ ամսի թարմացումով արդեն երեւում է, որ հուշարձանը հողին է հավասարեցվել։
Հայաստանի արձագանքը
1954 թվականի Հաագայի կոնվենցիան, որը նաեւ մյուս միջազգային պայմանագրերի հիմքն է, իր առաջին հոդվածով սահմանում է. «Մշակութային արժեքը անկախ ծագումից կամ սեփականատիրոջից, յուրաքանչյուր ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգությունն է, ինչպիսիք են ճարտարապետության, արվեստի կամ պատմության հուշարձանները, անկախ դրանց կրոնական կամ աշխարհիկ բնույթից»։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի եւ հաշվեհարդարի ցանկացած գործողություն։
«Մեծ եւ Փոքր Սյունիքներ» հուշակոթողը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո, պետք է պաշտպանված լիներ վերոնշյալ կոնվենցիայի Առաջին Արձանագրությամբ, որը նախատեսված է գրավյալ (օկուպացված, յուրացված) տարածքներում մշակութային կամ հոգեւոր արժեքների պաշտպանության համար։ Արձանագրության 1-ին կետը նշում է, որ «Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է կանխել զինված հակամարտության ժամանակ իր կողմից գրավված տարածքից մշակութային արժեքների վնասը, արտահանումը, կամ փոխանցումը երրորդ երկիր»։ Նկատենք, որ Ադրբեջանը, 1993 թվականի սեպտեմբերի 20-ից ընդունել է այս արձանագրությունը եւ պարտավորվել հետեւել դրույթներին:
Այնուամենայնիվ, ինչպես եւ ցույց են տալիս այս եւ դրան նախորդած բազմաթիվ դեպքերը, Ադրբեջանն իրականացնում է մշակութային ցեղասպանություն՝ ոտնահարելով միջազգային կոնվենցիաներով ստանձնած իր պարատավորությունները։
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԱՇԽԱՐՀԻ 5 ԱՄԵՆԱՄԱՔՈՒՐ ԵՐԿՐՆԵՐԸ
Ամեն տարի Յեյլի համալսարանի, Կոլումբիայի եւ Համաշխարհային տնտեսական ֆորումի հետազոտողները կազմում են աշխարհի ամենամաքուր երկրների ցանկը՝ հիմնվելով 40 ինդիկատորների վրա, 11 կատեգորիաներում՝ կենտրոնանալով էկոհամակարգի կենսունակության, կլիմայի փոփոխության եւ շրջակա միջավայրի առողջության վրա:
2024 թվականին աշխարհի ամենամաքուր երկրների հնգյակում՝ ըստ World Population Review-ի հետեւյալներն են.
Դանիա
Դանիան պաշտոնապես ճանաչվել է աշխարհի ամենամաքուր երկիրը 2024 թվականին։ Ընդհանուր բնապահպանական կատարողականի ինդեքսով (EPI) այն նաեւ լիովին էկոլոգիապես մաքուր է։ Դանիան այս տեղը վաստակել է իր կեղտաջրերի մաքրման տպավորիչ կայանների, ծովային պահպանվող տարածքների եւ ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու եւ կլիմայի փոփոխությունը կանխելու համապարփակ ու արդյունավետ քաղաքականության շնորհիվ:
Միացյալ Թագավորություն
Միացյալ Թագավորությունն ունի մոտավորապես 67.5 միլիոն բնակչություն, բայց նաեւ համարվում է աշխարհի երկրորդ ամենամաքուր երկիրը: Այս վարկանիշը պայմանավորված է Մեծ Բրիտանիայի՝ խմելու ջրի, սանիտարական մաքրման եւ աղտոտող նյութերի արտանետումների ցուցանիշներով:
Ֆինլանդիա
Ֆինլանդիան եւս ունի բնապահպանական կատարողականի ինդեքսի բարձր ցուցանիշ, ինչին նպաստել է երկրի սանիտարական վիճակը, խմելու ջուրը եւ անտառների եւ վայրի բնության պահպանության առաջնահերթությունը: Ֆինլանդիան նույնպես իր ռեսուրսների մեծ մասը տրամադրում է վերականգնվող էներգիային եւ զգալիորեն կրճատել է ծանր մետաղների ազդեցության ենթարկվածությունը:
Մալթա
2020 թվականին Մալթան աշխարհի ամենամաքուր երկրների շարքում զբաղեցնում էր 23-րդ տեղը։ Զարմանալի է, որ իր գեղեցիկ լողափերով, ժայռային գոյացություններով, խմելու ջրով եւ ազոտի օքսիդի արտանետումներով Մալթան 2024 թվականին աշխարհի ամենամաքուր երկրների վարկանիշում ներկայումս չորրորդ տեղում է:
Շվեդիա
2024 թվականին Շվեդիան աշխարհի հինգերորդ ամենամաքուր երկիրն է՝ EPI=72.7 էկոլոգիական կատարողականի ինդեքսով: Շվեդիան կայուն զարգացումը համարում է իր հիմնական նպատակներից մեկը եւ հետեւաբար ունի ցածր ածխաթթու գազի արտանետումներ: Այս երկիրը առաջնահերթություն է տալիս բնությանը՝ պահպանելով հազարավոր հեկտար անտառներ:
ՀՀ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
Ներկայացնում ենք հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը Փարիզի օլիմպիական խաղերում.
Բռնցքամարտ
Դավիթ Չալոյան – քառորդ եզրափակիչ՝ օգոստոսի 3, Երեւանի ժամանակով՝ 00:08, կիսաեզրափակիչ՝ օգոստոսի 9, Երեւանի ժամանակով՝ 00:02, եզրափակիչ՝ օգոստոսի 11, Երեւանի ժամանակով՝ 00:51:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Մալխաս Ամոյան (77 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ) – մեկնարկային 1/8 եզրափակիչներ՝ օգոստոսի 6, Երեւանի ժամանակով՝ 13:30, եզրափակիչներ՝ օգոստոսի 7, 77 կգ քաշային կարգ՝ Երեւանի ժամանակով՝ 21:55, 97 կգ քաշային կարգ՝ 22:05:
Սլավիկ Գալստյան (67 կգ) – մեկնարկային 1/8 եզրափակիչ՝ օգոստոսի 7, Երեւանի ժամանակով՝ 11:30, եզրափակիչներ՝ օգոստոսի 8, Երեւանի ժամանակով՝ 21:55:
Աթլետիկա
Երվանդ Մկրտչյան (800 մ վազք) – որակավորման փուլ՝ օգոստոսի 6, Երեւանի ժամանակով՝ 13:55, եզրափակիչը՝ օգոստոսի 10, Երեւանի ժամանակով՝ 21:25:
Ազատ ոճի ըմբշամարտ
Արսեն Հարությունյան (57 կգ) – մեկնարկային 1/8 եզրափակիչ՝ օգոստոսի 8, Երեւանի ժամանակով՝ 13:30, եզրափակիչը՝ օգոստոսի 9, Երեւանի ժամանակով՝ 21:55-ին:
Ծանրամարտ
Անդրանիկ Կարապետյան (89 կգ) – օգոստոսի 9, Երեւանի ժամանակով՝ 17:00:
Ազատ ոճի ըմբշամարտ
Վազգեն Թեւանյան (65 կգ) – մեկնարկային 1/8 եզրափակիչ՝ օգոստոսի 10, Երեւանի ժամանակով՝ 13:30, եզրափակիչը՝ օգոստոսի 10, Երեւանի ժամանակով 14:25:
Ծանրամարտ
Գարիկ Կարապետյան (102 կգ) – օգոստոսի 10, Երեւանի ժամանակով՝ 13:30, Վարազդատ Լալայան (+102 կգ) – օգոստոսի 10, Երեւանի ժամանակով՝ 22:30:
ՋՈԿՈՎԻՉԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉ
Աշխարհի երկրորդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջկոկովիչը դուրս է եկել Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի թենիսի անհատական մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Երկրորդ շրջանի խաղում սերբ մարզիկը 7:5, 6:3 հաշվով հաղթել է աշխարհի 70-րդ ռակետ, գերմանացի թենիսիստ Դոմինիկ Կյոպֆերին, հանդիպումը տեւել է 1 ժամ 37 րոպե։
Փարիզի Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչում Նովակ Ջոկովիչը կհանդիպի աշխարհի 11-րդ ռակետ, հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասի հետ, որը երրորդ շրջանում 7։5, 6։1 հաշվով հաղթեց արգենտինացի թենիսիստ Սեբաստիան Բաեսին։