ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցիչ Ուսամա Համդանը քննադատել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կոչը՝ ընդունելու Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման և զինադադարի վերաբերյալ նորացված առաջարկը: Ուսամա Համդանն այդ մասին ասել է Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում
«Մենք կհամաձայնենք իրականացնել միայն Բայդենի այն առաջարկը, որը մենք ընդունել էինք մի քանի ամիս առաջ», – հայտարարել է Համդանը։
Նրա խոսքով՝ իսրայելցիները չեն ընդունել Բայդենի առաջարկության մեջ ընդգրկված կետերը։
«Նեթանյահուի խոսքերը նորացված առաջարկին համաձայնելու վերաբերյալ մատնանշում են այն, որ ԱՄՆ-ի վարչակազմին չի հաջողվել նրան համոզել` ընդունելու նախկին համաձայնությունը»,- ասել է նա։
Համդանի կարծիքով՝ ԱՄՆ-ն «պարզապես ժամանակ է շահում, որպեսզի Իսրայելը շարունակի ցեղասպանությունը»։
ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ հրադադարի համաձայնագիրը պետք է հանգեցնի Գազայում պատերազմի վերջնական դադարեցմանը և իսրայելական զորքերի դուրսբերմանը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ էր արել ՀԱՄԱՍ-ին համաձայնել ամերիկյան առաջարկներին այն բանից հետո, երբ Իսրայելը տվել էր իր համաձայնությունը դրանց։
Բլինքենի խոսքով՝ Նեթանյահուն հաստատել է, որ Իսրայելն ընդունում է այն առաջարկը, որն ԱՄՆ-ն ներկայացրել է անցյալ շաբաթ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Դոհայում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ: