Մոծակի խայթոցի տենդն ու հետևանքները․ ի՞նչ է խորհուրդ տալիս ինֆեկցիոն հիվանդությունների դոցենտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինֆեկցիոն հիվանդությունները մարդկության ողջ պատմության ընթացքում հանդիսացել են կյանքի և մահվան անբաժանելի մասը։ Հակաբիոտիկների և պատվաստումների հայտնաբերումը բեկումնային եղան ինֆեկցիոն հիվանդություններից մահացության դեպքերի կտրուկ նվազման առումով, սակայն գիտատեխնիկական զարգացումը, իր բոլոր դրական հետևանքներով հանդերձ, ունեցավ նաև այնպիսի բացասկան հետևանք, ինչպիսին գլոբալ տաքացումն է։

Երկիր մոլորակի վրա ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը հանգեցնում է ինֆեկցիոն հիվանդությունների աշխարհագրական տարածման փոփոխության։ Այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք նախկինում գրանցվել են միայն տրոպիկական և սուբտրոպիկական երկրներում, այսօր արձանագրվում են աշխարհի տարբեր երկրներում։
Կովիդի համաճարակից հազիվ ուշքի եկած արդեն լսում ենք նոր վիրուսի մասին։ Ինչպես հայտնի է, Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդի 20 դեպք՝ 1 մահվան ելքով: Բոլոր հիվանդները (25-65 տարեկան) հոսպիտալացված են, նրանց վիճակը գնահատվում է միջինից մինչև ծանր:

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ինֆեկցիոն կլինիկայի բժիշկ, ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Ալվարդ Հովհաննիսյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշում է, որ Արևմտյան Նեղոսի տենդը վիրուսային վարակիչ հիվանդություն է, փոխանցվում է մոծակների, տզերի միջոցով, մարդուց մարդուն չի փոխանցվում:

Բժշկի փոխանցմամբ՝ այս վիրուսն առաջին անգամ անջատվել է 1937թ․-ին Ուգանդայում բնակվող հիվանդ կնոջից։ Սկսած 1960թ․-ից Եվրոպայում պարբերաբար գրանցվել են այս հիվանդության դեպքեր, երբեմն նույնիսկ բռնկումների ձևով։ «Հիվանդությունը մարդուն փոխանցվում է վարակված մոծակի խայթոցի հետևանքով, սովորաբար ընթանում է առանց ախտանիշների, հազվադեպ կարող է դիտվել հիվանդության ծանր ընթացք՝ առաջացնելով կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում՝ էնցեֆալիտ կամ մենինգիտ։ Ռիսկի խմբում են հիմնականում ուղեկցող, քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ (սիրտ-անոթային, օնկոլոգիական հիվանդություններ, շաքարային դիաբետ և այլն), մեծահասակները։ Հիվանդությունը դրսևորվում է բարձր ջերմությամբ, համառ գլխացավերով, փսխումներով, գիտակցության խանգարմամբ, տարածուն մկանացավերով, հոդացավերով, մարմնի ցանավորմամբ։ Հիվանդության բուժումը ախտանշանային է, յուրահատուկ հակավիրուսային բուժում, ինչպես նաև արդյունավետ պատվաստում գոյություն չունի»,-նշում է Ալվարդ Հովհաննիսյանը։

Բժիշկը նշում է, որ հիվանդությունն ախտորոշվում է արյան լաբորատոր հետազոտությամբ:

Արդյոք սա կարող է դառնալ 2-րդ կովիդ, բժիշկ-ինֆեկցիոնիստը քիչ հավանական է համարում, քանի որ վարակը մարդուց մարդ չի փոխանցվում, իսկ մոծակներն ակտիվ են միայն ամռան ամիսներին:

«Այժմ դեպքեր կան և ԱՄՆ-ում, և Եվրոպայում, և Ասիայում, իսկ մեր երկրում վտանգավոր տարածքներ են խոնավ ու շոգ վայրերը, բայց պետք է հաշվի առնել, որ մոծակները կարող են տեղափոխվել մի տարածքից մյուսը»,-ասում է Ալվարդ Հովհաննիսյանը։

Արևմտյան Նեղոսի Տենդ հիվանդությունից լավագույն պաշտպանվելու միջոցը, բժշկի փոխանցմամբ, մոծակների խայթոցից խուսափելն է, ինչը հնարավոր է՝ կրելով փակ հագուստ, կիրառելով միջատասպան ցանցեր և միջոցներ, չորացնելով ջրի հնարավոր աղբյուրները։

Ք. Մանուկյան




Լրահոս