Մերձավոր Արևելքը կյանքի համար ոչ պիտանի կդառնա կլիմայի փոփոխության պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կլիմայի փոփոխությունը Մերձավոր Արևելքը կդարձնի կյանքի համար ոչ պիտանի տարածաշրջան: Նման հրապարակում է արել Foreign Policy հանդեսը։

Պարբերականն ուշադրություն է հրավիրում այն ​​փաստի վրա, որ այս ամառ տարածաշրջանի երկրներում դիտվել են ծայրահեղ բարձր ջերմաստիճաններ։ Այսպես, հուլիսի կեսերին Դուբայում ջերմության ցուցիչը, այսինքն՝ մարդու օրգանիզմի կողմից ընկալվող ջերմաստիճանը, կազմել է ըստ Ցելսիուսի մոտ 62 աստիճան։ Հունիսի վերջին Սաուդյան Արաբիայում, մասնավորապես՝ մուսուլմանների սրբազան քաղաք Մեքքայում գրանցվել է Ցելսիուսի սանդղակով 51 աստիճանից բարձր ջերմաստիճան, ինչը հանգեցրել է Հաջջի ավելի քան 1300 ուխտավորի մահվան:

Հանդեսը պարզաբանում է, որ ջերմաստիճանի բարձրացումն ու ջրի պակասը հանգեցնում են տարածաշրջանի բնակչության միգրացիայի դեպի կյանքի համար ավելի պիտանի վայրեր, ինչպիսին Եվրոպան է։ Դա կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացման Մերձավոր Արևելքի սահմաններից շատ հեռու, ընդգծում է հրատարակությունը։

Օրինակ՝ Հյուսիսային Աֆրիկայի դեպքում, ըստ Համաշխարհային բանկի, մինչև 2050 թվականը 19 միլիոն մարդ, այսինքն՝ տեղի բնակչության մոտ 9 %-ը, կհեռանա վայրեր, որտեղ ջերմաստիճանն ավելի ցածր է, ջրի պաշարներն՝ ավելի շատ։

Հունիսի 5-ին Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է զեկույց, որի համաձայն 2024-2028 թվականներին Երկրի վրա ջերմաստիճանը կլինի 1,1–1,9 աստիճանով ավելի բարձր, քան 19-րդ դարի երկրորդ կեսի միջին ջերմաստիճանը, և շատ մեծ հավանականությամբ այդ ժամանակահատվածում կգերազանցվի ջերմային ռեկորդը, որը սահմանվել է 2023 թվականին:




Լրահոս