Հարավային Կորեան և ԱՄՆ-ն համատեղ զորավարժություններ են սկսել՝ ընդլայնելու օդային գործողությունների անցկացման հնարավորությունները: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը:
Ռազմաօդային ուժերի զորավարժություններին, որոնք կտևեն մինչև օգոստոսի 23-ը, կմասնակցի շուրջ 200 ինքնաթիռ, այդ թվում՝ հարավկորեական F-15K, FA-50 և KF-16 կործանիչներ, ինչպես նաև ամերիկյան F-16 և A-10 կործանիչներ։
Ինչպես նշում է Yonhap-ը՝ «սա առաջին դեպքն է, երբ դաշնակիցների կործանիչների մի քանի խումբ է մասնակցում շուրջօրյա օդային զորավարժություններին, որոնք անցկացվում են օդում, ցամաքում և ծովում»:
Զորավարժություններն ընդգրկում են վարժանքներ, որոնք նմանակում են պայմանական հակառակորդի ավիացիայի ներթափանցումը մասնակից երկրների օդային տարածություն, ինչպես նաև վարժանքներ՝ ուղղված հակաօդային պաշտպանության, օդային կալանման և օդային ազդարարման համակարգերի կարողությունների ամրապնդմանը:
Այս զորավարժություններն անցկացվում են ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ամենամյա ամառային Ulchi Freedom Shield զորավարժությունների շրջանակներում, որոնք սկսվել են օգոստոսի 19-ին և կտևեն մինչև օգոստոսի 29-ը։