Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) Պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան, որտեղ հանդիպում կանցկացնի ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Նրան կընդունի նաև Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Վարչապետի ինքնաթիռը ժամանել է «Վնուկովո-2» օդանավակայան: Լի Ցյանն այցելում է Ռուսաստան Միշուստինի հրավերով: Ակնկալվում է, որ այցի շրջանակներում կողմերը կքննարկեն համապարփակ գործընկերության զարգացման հեռանկարները, ուշադրություն կդարձնեն համագործակցության ընդլայնմանն էներգետիկայի բնագավառում, ավտոմոբիլային ճյուղում և այլ ոլորտներում, ինչպես նաև կստորագրեն մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր։
Չինաստանի Պետական խորհրդի վարչապետի այցը Մոսկվա տեղի է ունենում երկկողմ դիվանագիտական կապերի հաստատման 75-ամյակի տարում և կտևի մինչև օգոստոսի 22-ը։ Ինչպես նշել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինը, երկու պետությունների առաջնորդների ղեկավարությամբ չին-ռուսական հարաբերություններն այժմ պահպանում են «առողջ և կայուն զարգացումը՝ տեղի չտալով արտաքին միջամտությանը»։
Նա ընդգծել է, որ երկկողմ հանդիպումների այս մեխանիզմը կարևոր դեր է խաղում Չինաստանի և Ռուսաստանի միջև «պրագմատիկ և մշակութային-հումանիտար համագործակցության խթանման գործում»։
Սպասվում է, որ Լի Ցյանը Ռուսաստանից կմեկնի Բելառուս: