«Եթե Լավրովից նեղսրտելու առիթ ունենք, ապա միայն այն պատճառով, որ չի խոսել Ադրբեջանի պատասխանատվության մասին»․ քաղաքագետը՝ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ Ռուսաստանի համար դժվար է հասկանալը, թե ինչու է Երևանը սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածությունը։

Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանը կողմ է խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը, սակայն ինչը վերաբերում է Սյունիքի մարզի հաղորդակցություններին, ապա դրա համար, ցավոք սրտի, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժների ենթարկում պայմանավորվածությունը, որի ներքո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունն է։

Վերջինիս խոսքով՝ եռակողմ պայմանավորվածությունների «հիմքում դրվածն այսօր էլ մնում է լիովին արդիական»։

ArmLur.am-ն այս հարցով կապ է հաստատել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ․

-Պարո՛ն Սուրենյանց, Սերգեյ Լավրովի արած հայտարարություններն ի՞նչ են իրենցից ենթադրում, ի՞նչ կարող է այդ ամենը ենթադրել իրենից։

-Այն՝ ինչ ասել է, ըստ էության։ Ըստ ամենայնի նա հասկացել է, որ Հայաստանը չի կատարել հայտնի եռակողմ հայտարարության 9-րդ կետը։ Այստեղ, եթե մենք Լավրովից նեղսրտելու առիթ ունենք, դա միայն այն բանի համար, որ նա չի խոսել նաև Ադրբեջանի պատասխանատվության մասին, քանի որ բազմաթիվ կետեր էլ Ադրբեջանը չի կատարել։ Բայց այն, որ Հայաստանի իշխանությունն ինչ-որ փուլից սկսած որոշեց այդ 9-րդ կետը չկատարել, այդ մասին ես էլ 100 անգամ փաստել եմ, ավելին՝ նա գնաց նույնիսկ Արցախի զոհաբերության ճանապարհով, որպեսզի այսպես կոչված միջանցքային օրակարգը տրամաբանությունից հանի, բայց ինչպես տեսանք՝ չհաջողեց։

-Պարո՛ն Սուրենյանց, Դուք էլ Ձեր խոսքում անդրադարձաք եռակողմ պայմանավորվածություններին, անգամ դրան է անդրադարձել Լավրովը։ Արդյո՞ք շարունակում են արդիական մնալ այդ պայմանավորվածությունները։

-Ոչ թե արդիական են մնում, այլ ռուսական հարթակում բանակցություններ չկան և միայն այն փաստը, որ երեկ Ալիևը համաձայնություն տվեց բանակցությունները շարունակելու ռուսական հարթակում, ոչինչ չի խոսում այն մասին, որ այդ բանակցություններն այդ հարթակում վերսկսելու են, որովհետև Ադրբեջանն ամեն բան արել է, որ բանակցությունները տեղափոխվեն ուղղակի չմիջնորդավորված հարթություն, երբ որ միջնորդներ չեն լինի և ուժային դիզբալանսի պայմաններում ինքը Հայաստանին կթելադրի իր օրակարգը։ Հիմա այս պարագայում կասեք՝ ինչո՞ւ Ադրբեջանը համաձայնություն տվեց, քանի որ Ալիևը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը մերժելու է այդ միջնորդությունը։ Հետևաբար ես հիմա չեմ կանխատեսում, որ մոտ ապագայում ռուսական հարթակում հնարավոր է բանակցությունների վերսկսում։ Ներկայումս Ռուսաստանի նպատակն այլ է՝ թույլ չտալ արևմուտքի դերակատարության ուժեղացում տարածաշրջանում։ Գուցե դրան նա կարողանա հասնել, բայց մոտ ապագայում ես չեմ տեսնում հնարավորություն, որ բանակցությունները ռուսական հարթակ կարող են տեղափոխվել։

-Պարո՛ն Սուրենյանց, Լավրովի այս հայտարարություններից հետո շատերը կարծես թե, կոպիտ ասած՝ քարկոծում են վերջինիս, ի՞նչ եք կարծում, մի՞թե իր հայտարարություններն են պատճառը։

-Գերէմոցիոնալ, հաճախ՝ անմակարդակ մեկնաբանություններին անդրադառնալ չեմ ուզում։ Տրամաբանական չի քարկոծել մի երրորդ երկրի արտգործնախարարի, այն պարագայում, երբ այդ փաստաթղթի տակ դրված է քո պետության ղեկավարի ստորագրությունը։ Եթե անգամ Լավրովին վերապահում էլ կա՝ դա այն հարցում է, որ նա չի ընդգծել Ադրբեջանի պատասխանատվությունը մնացած կետերի չկատարման հարցում։ Սա՛ է, վերջ։

Աննա Սրապիոնյան




Լրահոս