ՈՎ ԴԱՐՁԱՎ ՀՀԽ ԱՆԴԱՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում Հայաստանի հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանն իր տված տասնյակ հարցազրույցներում շարունակ պնդում էր, որ ՀՀ հանրային հեռարձակողի խորհուրդը չպետք է ինքն ընտրի հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի գործադիր տնօրեններին, այլ պետք է վերականգնի անկախ մրցութային հանձնաժողովների պրակտիկան: Հիմնական պատճառաբանությունն այն է, որ այս խորհուրդն իր որոշումներում ազատ չէ, նրա անդամներից շատերն այս կամ այն կերպ փոխկապակցված են իշխող կուսակցության հետ, եւ խորհուրդը կատարում է «վերեւից» իջեցված հրահանգները: Դե իսկ մրցութային հանձնաժողովն անկախ է եւ կկայացնի զուտ մասնագիտական որոշում տնօրենների ընտրության հարցում:

 

Օգոստոսի 16-ին Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովն ապացուցեց, որ պարոն Խումարյանը սխալվում էր: Ոչ մի հանձնաժողով անկախ չէ իր որոշումներում: Գոնե այն դեպքերում, երբ խոսքը հանրային հեռարձակողների ղեկավարների կամ խորհրդի կազմի մասին է:

Այս մրցույթին մասնակցում էին 7 թեկնածու (օրենքի պահանջի համաձայն՝ բոլորը կանայք էին): Մրցույթում հաղթեց ոմն Իրինա Շահնազարյան, ով գիտաշխատող է մի մասնավոր գիտահետազոտական ինստիտուտում: Այնպիսի տպավորություն է, որ հանձնաժողովն առաջադրված թեկնածուներից ընտրել է նրան, ով ամենահեռուն է լրատվությունից, հեռարձակումից, հեռուստատեսությունից եւ ռադիոյից: Ըստ ՀՀ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 27-րդ հովածի (Խորհրդի իրավասությունները) 1-ին կետի, հանրային հեռարձակողի խորհուրդը, հետեւաբար նրա անդամներն ունեն 19 իրավասություն (ենթակետ): Ընտրված թեկնածուն ակնհայտորեն այս ենթակետերից որեւէ մեկում իրավասու չէ:

Իր աշխատանքային գործունեության ողջ կարճատեւ ընթացքում Շահնազարյանը երբեւէ չի առնչվել ո՛չ հեռուստատեսության, ո՛չ էլ ռադիոյի հետ: Գուցե նա անկրկնելի է «Ստալինյան մշակութային հեղափոխությունը 1920-ականների երկրորդ կեսին» իր հետազոտությունում, սակայն ո՞վ կարող է ասել, թե դա ի՜նչ կապ ունի հանրային հեռարձակման հետ: Ի՞նչ հիմունքներով է նա վաղը որոշելու հանրային հեռարձակողների լրատվական, մշակութային, մանկական, երաժշտական քաղաքականությունը:

Ի դեպ (N 1), տեղին է նշել, որ «անկախ» մրցութային հանձնաժողովի նախագահ, «Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ. Մատենադարան» հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանն ուղղակիորեն կապակցված է այն ինստիտուտի հետ, որտեղ աշխատում է Շահնազարյանը՝ լինելով նաեւ ինստիտուտի խորհրդի կազմում: «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի» ինտերնետային կայքի «գործընկերներ» էջում նշված է «Մատենադարանը», իսկ «ընկերներ» էջում՝ Արա Խզմալյանը: Անկախության ահա այսպիսի դրսեւորում:

Իհարկե, միամտություն կլինի պնդել, որ պարոն Խզմալյանը հանձնաժողովի անդամների վրա ճնշում է գործադրել՝ պարտադրելով ընտրել նրան: Ակնհայտորեն պարտադրանքը եկել է այլ աշխատավայրերից: Սակայն, գոնե արտաքին պատշաճությունը կարելի էր պահպանել:

Ի դեպ N 2: «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի» համահիմնադիր Վարդան Ազատյանը (Շահնազարյանի նախկին գործընկերն ու ղեկավարը) 2024 թվականի մայիսից Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորն է: Մրցութային հանձնաժողովի անդամ Սառա Նալբանդյանը՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը: Քույր (կամ էլ եղբայր) բուհերի այս երկու ռեկտորներն անկասկած ունեն շփման եւ հետաքրքրությունների եզրեր: Սակայն, իհարկե, սա էլ անտեսենք:

Ի դեպ N 3: ՀՀ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 25-րդ հովածի (Խորհրդի անդամների նշանակման կարգը եւ լիազորությունների դադարումը) 18-րդ կետում գրված է. «Մրցութային հանձնաժողովի նախագահի հրավերով նիստերին կարող են մասնակցել հեռարձակման ոլորտի մասնագետներ»: Իհարկե, օրենքը սա չի պարտադրում. այն ասում է՝ «կարող են»: Հաշվի առնելով, որ հանձնաժողովը ոչ միայն ժամանակավոր է, այլեւ ազատ, անկախ եւ պրոֆեսիոնալ, նրա նախագահը, հիշեցնենք՝ թեկնածուի աշխատավայրի «գործընկերն» ու «ընկերը», բնականաբար նպատակահարմար չի գտել նիստերին հրավիրել հեռարձակման ոլորտի որեւէ մասնագետի: Պարզ է, չէ՞, որ հանձնաժողովականներն իրենց ընտրությունը կատարել են՝ հաշվի առնելով թեկնածուների բացառապես մասնագիտական կարողությունները այդ նույն հեռարձակման ոլորտում: Պարզ է, չէ՞, որ նրանք հատկապես այս թեկնածուին ընտրել են խղճի մտոք եւ առաջնորդվել են միայն ու միայն նրա պրոֆեսիոնալ գործունեությամբ, հարուստ կյանքի փորձով, եւ «ստալինյան մշակութային հեղափոխության» վերլուծությամբ:

Ի դեպ N 4: Թե՛ այս եւ թե՛ հանրային ռադիոյի տնօրենի ընտրություններն ունեին ընդհանուր սցենար, երկու դեպքում էլ թեկնածուն ընտրվում է միանգամից եւ միաձայն՝ մեկ ձայնի բացառությամբ: Ռադիոյի պարագայում 6 անդամներից 5-ը կատարեցին «ազատ եւ անկախ» ընտրություն, այս դեպքում՝ 5-ից 4-ը:

Իրականում ամեն ինչ փայլուն է եւ տրամաբանական: Հանրային հեռարձակողի խորհրդի անդամները գտան իրենց արժանի գործընկեր. նույնքան սկզբունքային, նույնքան անկախ եւ նույնքան պրոֆեսիոնալ. երբ նրանք միաձայն (-1) քվեարկում էին, պետք է գիտակցեին, որ այդ ուղտը, նույնքան միաձայն, (-1) իրենց դռանն էլ է չոքելու:

 

 

 

 

ԿԱՐՈՂ Է ՀԱՍՆԵԼ ՄԱԿՐՈՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՆ

Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորած ֆրանսիական ձախակողմյան կուսակցությունը կփորձի օգտագործել խորհրդարանական քվեարկությունը՝ հասնելու նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականին, եթե նա չառաջարկի վարչապետի պաշտոնը Լյուսի Կաստեին, ասվում է կուսակցության հայտարարության մեջ.

Հուլիսի սկզբին ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը, որը ստացել է Ֆրանսիայի խորհրդարանում տեղերի հարաբերական մեծամասնությունը, համաձայնության է եկել վարչապետի թեկնածուի շուրջ՝ առաջադրելով Փարիզի ֆինանսական դեպարտամենտի ղեկավար Լյուսի Կաստեին։

 

 

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ

Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը կոչ է արել բարձրացնել պատրաստությունը՝ հետ մղելու ԿԺԴՀ-ի սադրանքները «գորշ գոտում», եւ պատրաստ լինել հիբրիդային պատերազմի Հյուսիսային Կորեայի դեմ: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Հարավային Կորեայի նախագահը նախազգուշացրել է, որ Հյուսիսային Կորեան կարող է փորձել բռնության եւ քարոզչության միջոցով սոցիալական անկայունություն ստեղծել հակամարտության վաղ փուլերում։

«Մենք պետք է ակտիվորեն մեթոդներ փնտրենք պառակտումը կանխելու եւ դիմակայության նկատմամբ մարդկանց վճռականությունը բարձրացնելու համար»,-հայտարարել է նա:

Օգոստոսի 19-ին երկրում սկսվել են Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի ամենամյա Ulchi Freedom Shield զորավարժությունները, որոնք տեւելու են մինչեւ օգոստոսի 29-ը։

 

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

«2015 թվականի միջուկային համաձայնագրի բոլոր կողմերը՝ ներառյալ հենց ամերիկացիները, ցանկանում են, որ համաձայնագիրը պատասխանատու կերպով վերադարձվի», ըստ իրանական Mehr գործակալության հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

«Հուսով ենք՝ նոր կառավարության օրոք Իրանի ժողովրդի իրավունքները կիրացվեն ըստ նախկինում ստորագրված համաձայնագրի»,- հավելել է դիվանագետը։

Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ստորագրվել է 2015 թվականին Իրանի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների եւ Գերմանիայի միջեւ:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին դուրս եկավ գործարքից, մինչդեռ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենն ազդարարեց, որ բաց է համաձայնագիրը երկարաձգելու համար։

Գործարքը վերականգնելու համար Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան Իրանի հետ 2021 թվականի ապրիլից բանակցություններ են վարում:

 

 

ՍՏԱՆՁՆԵԼ ԵՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ եւ «Իսլամական ջիհադ» խմբավորումները ստանձնել են Թել Ավիվում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը եւ սպառնացել նոր գրոհներ նախապատրաստել։ Այդ հայտարարությունը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական Telegram ալիքում։

Արմատականները հայտարարել են, որ այսուհետ կանոնավոր կերպով մահապարտ ահաբեկիչների մասնակցությամբ ահաբեկչություններ կկազմակերպեն Իսրայելի տարածքում «մինչեւ օկուպանտները չդադարեցնեն իրենց ագրեսիան քաղաքացիական բնակչության դեմ», ինչպես նաեւ, մինչեւ հրեական պետությունը «չդադարի պաղեստինցիներին փորձել վտարել իրենց տարածքներից»։

Զինյալներն Իսրայելի տարածքում ակտիվ ահաբեկչական գործողությունների վերսկսման եւս մեկ նախադրյալ են անվանել Իսրայելի իշխանությունների կողմից անցկացվող «մահափորձերի քաղաքականությունը» արմատական շարժումների պարագլուխների նկատմամբ։

Օգոստոսի 19-ին Իսրայելի ոստիկանությունը հաստատել է, որ օգոստոսի 18-ին Թել Ավիվում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն էր, եւ միջադեպի հետեւանքով զոհվել է ահաբեկիչն ինքը՝ Հորդանան գետի արեւմտյան ափի Նաբլուս քաղաքի բնակիչը։ Ռադիո Kan-ի տվյալներով՝ արմատականը մի քանի տասնյակ կիլոգրամ կշռող հզոր պայթուցիկ սարքը կրում էր մեծ ուսապարկի մեջ։ Հնարավոր է` նա պլանավորել էր գնալ սինագոգ կամ առեւտրի կենտրոն։ Պայթյունի հետեւանքով վնասվածքներ է ստացել Թել Ավիվի մի բնակիչ, որը տուն գնալու ճանապարհին էլեկտրահեծանվով անցնում էր այդ շրջանով։




Լրահոս