ԵՐԿՈՒ ԱՆՁ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականի օգոստոսի 15-ին Տավուշի մարզի Բերդ համայնքի Վարագավան բնակավայրի վարչական ղեկավարից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 5-րդ կետերով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական եւ վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաեւ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են նշված բնակավայրում կատարված զինված խուլիգանության եւ բռնությունների դեպքի քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, ովքեր նույն համայնքի բնակիչներ են: Վարույթի շրջանակում վարչական ղեկավարը տուժող է ճանաչվել եւ ցուցմունք տվել դեպքի հանգամանքի շուրջ:

 

Քննությամբ պարզվել է, որ Վարագավան գյուղի 28-ամյա եւ Բերդ քաղաքի 27-ամյա բնակիչները, ովքեր, քննության տվյալներով, բարեկամական կապեր ունեն, փորձել են ուժի գործադրման սպառնալիքով լուծում տալ Վարագավան բնակավայրում բնակվող իրենց մեկ այլ բարեկամի խնդիրներին եւ այդ նպատակով այցելել են բնակավայրի վարչական ղեկավարի գրասենյակ, հանդիպել նրա հետ։

Վարչական շենքում տեղի ունեցած հանդիպումը վերածվել է վիճաբանության եւ կռվի, որից հետո Վարագավան գյուղի 28-ամյա բնակիչը դիմել է փախուստի: Վարչական ղեկավարն իր ավտոմեքենայով հետապնդել է վերջինիս, որի ընթացքում Իջեւան-Բերդ հանրապետական նշանակության ավտոճանապարհին 56-ամյա տղամարդը, ով հանդիսանում է 27- ամյա երիտասարդի հորեղբայրը, ինչպես նաեւ նույն բնակավայրի 37-ամյա բնակիչը, վերջինիս կողմից վարվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, փակել են վարչական ղեկավարի ավտոմեքենայի ճանապարհը՝ այդպիսով փակելով նաեւ վերոգրյալ ճանապարհով երթեւեկությունը:

Այնուհետեւ, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հաշվի չառնելով, որ գտնվում են հանրապետական նշանակության ավտոճանապարհին եւ իրենց գործողություններով խոչընդոտում են երթեւեկությունը եւ անհանգստություն պատճառում ճանապարհով երթեւեկող, ինչպես նաեւ դեպքի վայրում հավաքված անձանց, նշված անձինք սկսել են հայհոյանքներ եւ սպանության սպառնալիքներ հնչեցնել վարչական ղեկավարի հասցեին եւ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, հարվածներ հասցրել նրան: Տեսնելով, որ ֆիզիկական ուժի գործադրմամբ չեն կարողանում ցանկալի մարմնական վնասվածքներ պատճառել նրան, 56-ամյա տղամարդը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից վերցրել է իր կողմից ապօրինի եղանակով ձեռք բերված, վիճաբանության ընթացքում վարչական ղեկավարին մարմնական վնասվածք պատճառելու նպատակով դեպքի վայր տեղափոխված հրազենը, փորձել է լիցքավորել, սակայն վերջինիս հաջողվել է խլել այն, որը հետագայում վարչական ղեկավարի կողմից ներկայացվել է իրավապահներին:

Այնուհետեւ, ցանկանալով ամեն կերպ հասնել իր նպատակին՝ 56-ամյա տղամարդը փորձել է վարչական ղեկավարին վնասվածքներ հասցնել դանակով՝ այդ ընթացքում շարունակելով հայհոյել, սպանության սպառնալիքներ հնչեցնել, որի արդյունքում խաթարվել է հասարակական կարգը եւ խոչընդոտվել է հանրապետական նշանակության ավտոճանապարհի երթեւեկությունը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեպքի օրը՝ ժամը 22:45-ին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում պետական սահմանը հատելու պահին 56-ամյա տղամարդը հայտնաբերվել եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Վերջինիս ձերբակալելու որոշում է կայացվել:

Միջնորդություն է ներկայացվել դատարան` վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Ավելի ուշ` օգոստոսի 16-ին, հանցանք կատարելու հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է նաեւ Բերդ համայնքի 37-ամյա բնակիչը:

Նախաքննությունը շարունակվում է:

ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

 

 

 

ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՄՈՐԸ ԿՅԱՆՔԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Շարունակվում է օրեր առաջ Երեւանի Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկում 65-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպքը տեղի է ունեցել սույն թվականի օգոստոսի 15-ին: Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը բնակարանում հայտնաբերել էր 65-ամյա կնոջ դի՝ սուր կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են բազմաթիվ անձինք, այդ թվում՝ հարեւանները, տուժողի ազգականները։ Նաեւ՝ առգրավվել եւ զննվել է շենքի մուտքը տեսանկարահանող սարքի հիշողության կրիչը։ Ձեռնարկված քննչական եւ ապացուցողական գործողությունների, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տուժողին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ հասցրել է վերջինիս 25-ամյա որդին: Մասնավորապես՝ 2024 թվականի օգոստոսի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, մորը՝ Գ. Կարապետյանին ապօրինի կյանքից զրկելու նպատակով, վերջինս գնացել է իր եւ ընտանիքի բնակության՝ Երեւան քաղաքի Բագրատունյաց փողոցում գտնվող շենքի մոտ, որտեղ տեղանքն ուսումնասիրելով եւ իր կողմից պլանավորված հանցավոր արարքը կատարելու համար նպաստավոր պահ ընտրելով՝ բարձրացել է բնակարան։ Այնտեղ, իր մորն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, կտրել նրա պարանոցը, որից հետո հանցագործության գործիք դանակը թողել է բնակարանի միջանցքում գտնվող պահարանի վրա եւ ժամը 09։40-ի սահմաններում դեպքի վայրից դիմել փախուստի։ Դեպքի հաջորդ օրը վերջինս ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 25-ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել եւ նրան մեղադրանք է ներկայացվել:

Վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 25-ամյա երիտասարդի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, այդ թվում՝ մեղադրյալի հոգեկան առողջության հետ կապված առկա տվյալներն ստուգելու ուղղությամբ, որի նպատակով իրավասու հաստատություններից պահանջվել են համապատասխան տվյալներ եւ բժշկական փաստաթղթեր։

 

 

14-ԱՄՅԱ ԵՐԵԽԱՅԻ ԵՆ ԱՌԵՎԱՆԳԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օոստոսի 18-ին իրավապահները տեղեկություններ են ստացել, որ Էջմիածնում երեք երիտասարդ անձինք 14 ամյա երեխայի են առեւանգել եւ տարել են գերեզմանատուն, որից հետո զանգահարել են հարազատներին ու հայհոյանք հնչեցրել։

Ավելի ուշ իրավապահների կողմից իրականացված ստուգումներով պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 19։00-ին, Մուսալեռ գյուղի տան բակերից մեկից 28-ամյա, 21-ամյա եւ 25-ամյա երիտասարդներն առեւանգել են Ա. Ս.-ի որդուն՝ Ս.Ս.-ին, նստեցրել են «Մերսեդես» մեքենան եւ տարել Մուսալեռ գյուղի գերեզմանատուն։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ առեւանգողները պնդում են, որ Ս.Ս.-ն գողացել է իրենց պատկանող «Այֆոն» մոդելի հեռախոսը, ու դա է դրդել նրանց գնալ այդ քայլին։ Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահներն առեւանգողների մի մասին փնտրում են։

 

 

15-ԱՄՅԱ ՏՂԱ Է ԴԱՆԱԿԱՀԱՐՎԵԼ

Արաբկիր վարչական շրջանում 15 տարեկան տղայի են դանակահարել: Պարզվել է, որ 52-ամյա Ս. Խ.-ն հանդիպել է Սունդուկյան փ. 2 հասցեի մոտ եւ իր որդու ոտքի մոտ թքելու համար դիտողություն արած Տ. Օ.-ից պարզաբանումներ է պահանջել, որից հետո բռունցքով հարվածել է։ 15-ամյա երեխան ձախ կողմից զգացել է ծակոց եւ Ս.Խ.-ի ձեռքին նկատել դանակ։

Իրավապահները քայլեր են ձեռնարկում Ս. Խ.-ին հայտնաբերելու ուղղությամբ։

 

18-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՄՈՏ ԹՄՐԱՄԻՋՈՑ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երեւանի գնդի 4-րդ գումարտակի ծառայողները օգոստոսի 17-ին՝ ժամը 23:55-ին, Վազգեն Սարգսյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա: Ուղեւորներից մեկը դրսեւորել է կասկածելի վարքագիծ, ապա պարեկների հարցին ի պատախան՝ հայտնել է, որ մոտը թմրամիջոց կա: Վարորդը եւ երկու ուղեւորները, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:

Անձնական խուզարկությամբ 18-ամյա ուղեւորի մոտ հայտնաբերվել են մոխրացված հետքերով կաթուցիչ եւ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

 




Լրահոս