Լուսանկարը՝ համացանցից
Սոֆիա Բաղրամյանը դարձավ Եվրոպայի մինչեւ 8 տարեկան աղջիկների արագ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր: Նա 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ կիսեց 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Ինչպե՞ս է աշխատող կանանց տրամադրվում հղիության եւ ծննդաբերության արձակուրդ:
Նարե Մարտիրոսյան (33 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Աշխատող կանանց տրամադրվում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդ՝ 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության), 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության, 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում: Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին եւ կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին: Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողին տրամադրվում է արձակուրդ` որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչեւ նորածնի 70 օրական (երկու եւ ավելի նորածին որդեգրելու կամ երկու եւ ավելի նորածնի խնամակալ նշանակվելու դեպքում` մինչեւ նորածինների 110 օրական) դառնալը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած աշխատողին (երեխայի կենսաբանական մորը) տրամադրվում է արձակուրդ երեխայի ծնվելու օրվանից մինչեւ նորածնի 70 օրական (երկու եւ ավելի նորածին երեխա ծնվելու դեպքում` մինչեւ նորածինների 110 օրական) դառնալը:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հայրության որոշման պետական գրանցման համար:
(Տիգրան Շմավոնյան 32 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայրության ճանաչման պետական գրանցման համար երեխայի մոր եւ երեխայի նկատմամբ հայր ճանաչող անձի համատեղ դիմումը կարող է տրվել երեխայի մոր հղիության ընթացքում, ծննդի պետական գրանցման ժամանակ կամ դրանից հետո: «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով՝ նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտի կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճռի հիման վրա հայրության ճանաչման պետական գրանցման համար դիմումը կարող է ներկայացվել բացառապես երեխայի ծննդի պետական գրանցումից հետո շահագրգիռ անձի կողմից: Հայրության ճանաչման պետական գրանցման համար ներկայացվում են՝
1) համատեղ դիմումի դեպքում՝ երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի եւ երեխայի մոր անձը հաստատող փաստաթղթերը,
2) երեխայի ծննդի գրանցման մասին վկայականը կամ ակտային գրանցման տվյալները, եթե հայրության ճանաչման գրանցումը կատարվում է երեխայի ծննդի պետական գրանցումից հետո,
3) երեխայի մոր հղիությունը հաստատող բժշկական տեղեկանքը, եթե հայրության ճանաչման մասին դիմումը ներկայացվում է մինչեւ երեխայի ծնվելը,
4) երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի անձը հաստատող փաստաթուղթը եւ երեխայի մոր բացակայության մասին իրավասու մարմնի տված փաստաթուղթը եւ երեխայի կենսաբանական հայր հանդիսանալու վերաբերյալ ԴՆԹ-ի որոշումը,
5) չափահաս անձի համաձայնությունը՝ իր նկատմամբ հայրություն ճանաչելու դեպքում,
6) տասը տարին լրացած երեխայի համաձայնությունը, եթե հայրության ճանաչման պետական գրանցման հետեւանքով նախատեսվում է փոխել նաեւ նրա անունը կամ ազգանունը,
7) «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճիռը եւ դիմողի անձը հաստատող փաստաթուղթը:
ՀՀ արդարադատության նախարարութուն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայրության ճանաչման պետական գրանցումը կատարվում է դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու նույն աշխատանքային օրը: