Մանկապարտեզի գույքը չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Կաթնաջուր համայնքում կառավարության 4-րդ հրատապ ծրագրով և 35 մլն դրամ ներդրմամբ կառուցվել է մանկապարտեզ: Այն շահագործման է հանձնվել նախորդ տարեվերջին, սակայն մինչ օրս, գույք չունենալու պատճառով,  չի գործում: Կաթնաջուրցի 30-ից ավելի փոքրիկներ կրկին զրկված են նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից:

Նշենք, որ մանկապարտեզը կառուցվել է պայմանով, որ գույքը ձեռք է բերվելու համայնքապետարանի հաշվին: Սակայն, ինչպես տեղեկանում ենք Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ` Կաթնաջուր համայնքի ունեցած միջոցները կբավականացնեն միայն մանկապարտեզի շրջակա տարածքը ցանկապատելու համար:

Գույքի հարցը լուծելու նպատակով  Կաթնաջուր համայնքի ղեկավար Արմեն Պապոյանը ստիպված դիմել է մի շարք կազմակերպությունների: Խնդրին միջամտել է նաև Լոռու մարզպետարանը` գույքով համալրելու խնդրանքով դիմելով Հայաստանի սոցներդրումների հիմնադրամին և «Շեն» կազմակերպությանը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի խոսքով` մանկապարտեզը շահագործման կհանձնվի ամենաուշը 2 ամսից: Եթե բարեգործական հիմունքներով նոր գույք ձեռք չբերվի, մինչև հարցին վերջնական լուծում տալը, ստիպված կլինեն ժամանակավոր մեկ այլ մանկապարտեզի հին գույքը տեղափոխել նոր մանկապարտեզ:

Կաթնաջուր համայնքի ղեկավարը նշում է, որ մանկապարտեզում մանկավարժների ու դաստիարակների պակաս չի լինի: Թեև մանակապարտեզը դեռ չի գործում, այնուամենայնիվ բնակիչներն ուրախ են. մանկապարտեզ ունենալը վաղեմի երազանք էր:

Ա. Բալայան

Լոռի




Լրահոս