ՀՀ 7 քաղաքացիներ ապօրինաբար զրկվել են ազատությունից, օրինական շենգեն վիզաների պարագայում նրանց թույլ չեն տալիս մուտք գործել Բուլղարիա և պահում են Սոֆիայի օդանավակայանի բանտախցերում՝ անմարդկային պայմաններում՝ զրկելով սննդից, ջրից, նվաստացնում են և հարցերն անպատասխան թողնում։
ArmLur.am-ի հետ զրույցում «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը պատմում է, որ իր հարազատաները նույնպես խնդրի զոհ են դարձել։
«Այս ամենից թրաֆիքինգի հոտ է գալիս, և այդ քաղաքացիների կյանքը վտանգի է ենթարկված։ Իմ ահազանգերի արդյունքում վերջապես 8 ժամ հետո նրանց տեսակցել է Բուլղարիայում ՀՀ դեսպանը և հիմա ընթանում են բանակցություններ: Խիստ անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա հղի Բուլղարիայի կառավարությանը՝ նշված դեպքերի շարունակականությունը կասեցնելու և ՀՀ տուժած քաղաքացիների նյութական ու ոչ նյութական՝ բարոյական վնասները փոխհատուցելու համար»,- ասել է նա:
Մովսես Արիստակեսյանի խոսքով՝ իր հարազատներն արդեն 12 ժամ է, ինչ գտնվում են օդանավակայանի խցում: Նա դիմել է ՀՀ վարչապետի աշխատակազմին, ԱԳՆ, Բուլղարիայում Հայաստանի դեսպանատանը: Նամակ ուղարկելուց 8 ժամ հետո դեսպանատնից նրան պատասխանել են, որ նամակը ուղարկեն անգլերեն կամ ռուսերեն:
Արիստակեսյանը նաև ընդգծեց, որ սա առաջին դեպքը չէ, և նման դեպքեր հաճախ են լինում։
ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել նաև ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։
Էմմա Մարտիրոսյան