ՎԱՐԱԿԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔԱՅԼԵՐ ՉԵՆ ԱՐՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոծակի խայթոցից մարդուն փոխանցվող West Nile (Արեւմտյան Նեղոսի տենդ) վիրուսի մասով մտահոգությունները շարունակվում են խորանալ, քանի որ 4 տասնյակից ավելի վարակվածներ կան արդեն Հայաստանում՝ եւ մեկ մահացության դեպք:

Թեեւ լուրեր կան, որ մահացածների թիվը ավելացել է, իսկ վարակվածներինը հասնում է մոտ 4 տասնյակի, սակայն պետական գերատեսչությունից պաշտոնապես այլ տվյալներ հաղորդեցին:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն՝ պարզելու, թե քանի մահվան դեպք է արդեն գրանցվել մոծակի խայթոցից փոխանցված վարակի հետեւանքով: «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ մեկ մահվան դեպք է գրանցվել, հիվանդն ունեցել է ուղեկցող մի քանի քրոնիկական հիվանդություն: «Հայաստանում գրանցվել է Արեւմտյան Նեղոսի տենդով վարակվելու դեպք, որը փոխանցվել է մոծակի խայթոցի միջոցով», – հայտնում է առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը։ Վարակման հետեւանքով մեկ մարդ մահացել է, եւս 20-ը հոսպիտալացվել են։ Կենտրոնը նշել է, որ վիրուսով վարակվածների 80%-ի շրջանում ախտանիշներ չեն զարգանում, սակայն 1%-ի դեպքում կարող են զարգանալ նյարդաբանական լուրջ բարդություններ՝ ինչպիսիք են էնցեֆալիտը կամ մենինգիտը։

Նկատենք՝ վարակի 1-ին կասկածելի դեպքը եւ մահվան դեպքը արձանագրվեցին դեռեւս օգոստոսի առաջին օրերին, սակայն այդ մասին առողջապահության նախարարությունը չի հայտնել: Հանրությունն այդ մասին իմացավ ընդամենը օրերս՝ լրատվամիջոցներում հրապարակված նյութերից, որում հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենը հաստատել էր մահվան դեպքի մասին տեղեկությունը։

Նկատենք, որ այս օրերին հասարակության շրջանում առկա անհանգստությունները, վախերը, կասկածները փարատելու համար նախարարությունը ոչինչ չի արել. ընդամենը մեկ օր առաջ՝ օգոստոսի 19-ին, հրապարակվել է զգուշացում. «Հայաստանում գրանցվել է Արեւմտյան Նեղոսի տենդով վարակվելու դեպք, որը փոխանցվել է մոծակի խայթոցի միջոցով, հայտնում է առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը։

Վարակման հետեւանքով մեկ մարդ մահացել է, եւս 20-ը հոսպիտալացվել են։ Կենտրոնը նշել է, որ վիրուսով վարակվածների 80%-ի մոտ ախտանիշներ չեն զարգանում, սակայն 1%-ի մոտ կարող են զարգանալ նյարդաբանական լուրջ բարդություններ, ինչպիսիք են էնցեֆալիտը կամ մինիգիտը»։

Իսկ վիրուսի տարածման մասով մամուլի ասուլիս ընդամենը երեկ է հրավիրվել, երբ, սկսած ամսվա սկզբից, պետք էր պարբերաբար հաղորդագրություններ, հարցազրույցներ, տարատեսակ հրապարակումներ լինեին՝ մարդկանց այս վարակի մասին իրազեկելու համար։

Սակայն առողջապահական քաղաքականությունը տապալած թիմը ոչ միայն դասեր չի քաղում հազարավոր մարդկանց կյանքեր խլած վարակիչ հիվանդություններին դիմակայելու իր տխուր փորձից, այլեւ նույն ամբարտավան ինքնավստահությամբ շարունակում է հանրային քաղաքականության իրականացումը՝ առանց այդ էլ սթրեսի, տագնապի մեջ ապրող հանրությանը նորանոր սթրեսների ենթարկելով, իրազեկման աշխատանքներ չկատարելով, անտեսելով վարակիչ հիվանդությունների համաճարակային հսկողությունը, չներգրավելով համապատասխան մասնագետներին։

Եթե առողջապահության նախարարությունում նախարարի եւ փոխնախարարների մեջ գեթ «կես բժիշկ» լիներ մասնագիտությամբ, ապա վարակի առաջին կասկածելի դեպքերի արձանագրումից հետո անհապաղ խորհրդակցություն կհրավիրեին՝ մոբիլիզացնելով հանրապետության բոլոր ինֆեկցիոնիստներին, փորձելով համատեղ քաղաքականություն մշակել, լսել կարծիքներ, որոշել անելիքներ։

Ինչ վերաբերում է իրավաբան նախարար Անահիտ Ավանեսյանին, ապա նա դատարաններում է պարտվում իր կայացրած որոշումների համար, ինչպե՞ս կարող է վարակիչ հիվանդության տարածումը կանխարգելել՝ որպես ոլորտի թիվ մեկ կառավարիչ։.

 

 

 

Արագածոտնի մարզպետն ինքն իր դեմ «հաղորդում» է տալիս. պետական աշխատանքին զուգահեռ նա բիզնեսով է զբաղվել: Չափազանց ազնի՞վ է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, թե՞ ծայրաստիճան անփորձ ու ոչ պրոֆեսիոնալ՝ դժվար է ասել, բաց նա իր պաշտոնական կենսագրության մեջ գրել է, որ 2013-2017 թվականներին, լինելով պետական ծառայող, աշխատելով ազգային վիճակագրության ծառայությունում, միաժամանակ 2010-2018 թթ. զբաղվել է բիզնեսով: Ծայրաստիճան հակաօրինական արարք, որի պատճառով բազմաթիվ ընդդիմադիրներ այժմ հալածվում են գործող իշխանությունների կողմից։ Կարձագանքի՞ այս` ապացույց որոնելու կարիք չունեցող ակնհայտ փաստին ՀՀ Հակակոռուպցիոն կամ կոռուպցիան կանխարգելելու կոչված որեւէ մարմին, թե՞ ոչ, դժվար է ասել, քանի որ կառույցներից մեկը ղեկավար չունի, մյուսը՝ քաղաքական ցուցում: «Ժողովուրդ» օրաթերթը ամեն դեպքում դիմեց ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին, ով մեզ հետ զրույցում բացատրեց. «Ես որեւէ անհամատեղելի աշխատանք չեմ կատարել։ Ազգային վիճակագրական ծառայության աշխատանքը համատեղել եմ իմ բիզնեսի հետ եւ ոչ մի անօրինական բան չեմ արել: Ժամանակի առումով էլ չէի կարող ինչ-որ բան անել. մեզ մոտ, նկատի ունեմ՝ վիճակագրական կոմիտեում, մարդահամար է անցկացվում, ժամանակավոր պայմանագրային աշխատողների են վերցնում, յուրաքանչյուր գյուղում մի քանի հոգի պահանջվում է»։ Ամենայն հավանականությամբ, Սերգեյ Մովսիսյանը պայմանագրային աշխատանք է իրականացրել պետական համակարգում՝ իր բիզնեսի հետ միաժամանակ, սակայն անգամ դա դժվարացավ բացատրել:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արաբկիրի թաղապետարանի պաշտոնատար անձանց կաշառքի գործով անցնող, Pink berry-ի սեփականատեր Լեւոն Սաֆարյանը օգոստոսի 23-ին,  ըստ ամենայնի, ազատ կարձակվի։ Բանն այն է, որ այս պահի դրությամբ նախաքննական մարմինը որեւէ միջնորդություն չի ներկայացրել դատարան՝ նրա կալանքը երկարաձգելու վերաբերյալ։ Ինչպես հայտնի է՝ կալանքի տակ գտնվող Լեւոն Սաֆարյանը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ քրեական գործով անցնող Գեւորգ Սաֆարյանի որդին է։ Հիշեցնենք, որ Արաբկիրի թաղապետարանի չարաշահումների գործով մեղադրյալներից 5-ի, այդ թվում` երկու պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս 3 անձանց նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

 

 

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը պաշտոնին նշանակվել է 2020 թվականի ապրիլի 13-ից: Նա անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի մասին հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մայիսի 31-ին: Փոխնախարարը պաշոնապես հայտարարագրել է, որ 2022 թվականին գնման եղանակով ձեռք է բերել բնակարան Երեւանի բազմաբնակարան շենքերից մեկում, ինչը հաշվետու տարվա վերջում պահպանվել է: Քրիստինե Ղալեչյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա չունի տրանսպորտային միջոց: ՏԿԵՆ-ի տեղակալի բանկային հաշիվների մնացորդներից մեկը տարվա սկզբում եղել է զրոյական վիճակում, իսկ տարվա վերջում դարձել է 66.180 դրամ: Մյուսը 285.345 դրամ է եղել, որը տարվա վերջում դարձել է 1 մլն 398 հազար դրամ: Ղալեչյանի՝ հաշվետու տարվա եկամուտը կազմել է 15 մլն 800 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրության գումարն է: Հիշեցնենք, որ Քրիստինե Ղալեչյանը «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագիրն էր ղեկավարում. նա «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատարն է, եւ, ըստ տարբեր տեղեկությունների, նախարարությունում այնքան էլ ընդունված կերպար չէ: Ավելին՝ հաճախ կոնֆլիկտներ է ունենում իր տարբեր աշխատակիցների հետ, որոնք նախարարին բողոքում են տեղակալի պահվածքից:

 




Լրահոս