Ի՞ՆՉ ՎԵՐԼՈՒԾԵՑ ԱՅՍ ԸՆԹԱՑՔՈՒՄ Դ. ՏՈՆՈՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 15 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել։ Վերջինս այս պահին ներկայացել է Հակակոռուպցիոն դատարան։

 

Դավիթ Տոնոյանը գրեթե երեք տարի կալանավորված էր «անպիտան հրթիռների» գործով։ Նախկին նախարարն այս գործով անցնող 7 մեղադրյալներից միակն էր, որ անազատության մեջ էր։ Դատարանը մերժել էր Տոնոյանի կալանքը փոխելու բազմաթիվ միջնորդությունները։

Ինքը՝ նախկին նախարարը, չի ընդունում մեղադրանքը, հայտարարել է, որ իր նկատմամբ «թավշյա քաղաքական հետապնդում է իրականացվում»։

Ստորեւ ներկայացնում ենք ՊՆ նախկին նախարարի հետ հարցազրույցը՝ մանրամասն:

-Խնդրում եմ քաղաքական հարցեր չտալ, քանի որ քաղաքական հարցերի չեմ պատասխանելու: Այս պահին ես դեռ այդքան էլ չեմ պատկերացնում… երկար ժամանակահատված է անցել, ես պետք է կողմնորոշվեմ, պետք է հասկանամ՝ ինչ է կատարվում:

-Պարո՛ն Տոնոյան, ԱԱԾ մեկուսարանում երեք տարի մնալուց հասկացաք, վերլուծեցիք:

-Իմիջիայլոց, դա ԱԱԾ մեկուսարանը չէր, դա Երեւանի արդարադատության նախարարությանն էր:

-Այդ ընթացքում վերլուծեցի՞ք, թե ինչու Նիկոլ Փաշինյանը Ձեզ հետ այդպես վարվեց, կամ այսօրվա իշխանությունը, եթե չեք ցանկանա քաղաքական հնչի հարցը, վերլուծեցի՞ք Ձեզ համար:

-Շատ մանրամասն:

-Ձեզ քաղաքական հալածյալ համարո՞ւմ եք, պարո՛ն Տոնոյան:

-Ես կրկնում եմ, որ ժամանակին իմ հայտարարած որեւիցե բառից չեմ հրաժարվում, եւ հիմա էլ յուրաքանչյուր բառիս տակ եւս մեկ անգամ կստորագրեմ: Սակայն մնացած հարցերի համար, քանի որ անդադար փոփոխություններ են կատարվում, այնպես կազմակերպենք, որ ես հասունացած լինեմ՝ որեւէ բան ասելու:

Ես կարծում եմ, որ անվտանգության ապահովման վերաբերյալ լուրջ խնդիրներ ունենք հիմա, որին պետք է լուծում տալ: Ես թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը ասում եմ, որ կարող եմ դրան մասնակից դառնալ, բայց ոչ քաղաքական նպատակներով:

-Ձեր մայրիկին տեսնելու վերաբերյալ ի՞նչ կասեք:

-Ես գնացի, մեկ անգամ մայրիկիս տեսա:

-Բայց դա դարձավ մեծ պատմություն:

-Ոչինչ, ես դուրս եկա, ոտքով գնացի մայրիկիս մոտ:

-Պատկերացնո՞ւմ էիք, որ դա կարող է մեծ պատմություն դառնալ: Այդ փաստով ԱԱԾ մեկուսարանի տնօրենի ազատեցին, քրեակատարողական ծառայության պետի ազատեցին, մեծ պատմություն դարձավ:

-Եկեք հիմա այդ հարցերին չպատասխանեմ, որովհետեւ նույնիսկ դատավորն է եղել Բարձրագույն դատական խորհրդի: Ինչը կապված է դատարանի հետ՝ չեմ մեկնաբանի, փոխարենը խնդրում եմ պահանջ, որ դատական նիստերը լինեն հրապարակային: Ես դա պահանջում եմ:

-Այսօր (խմբ.) նման պահանջ ներկայացնելո՞ւ եք:

-Դեռեւս այդ մասին հստակ չեմ մտածել, քանի որ չեմ զգացել լրատվական դաշտի աջակցությունն այդ հարցում: Եթե ցանկանում եք, որ նիստերը լինեն հրապարակային կարծում եմ՝ խնդիր չկա: Կան որոշ նիստեր, իհարկե, որոնք կարելի է փակել:

-Պարո՛ն Տոնոյան, Դուք Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք միակն էիք, որ իր «կաբինետում» նշանակվեցիք ու շատ դաժան պատժի արժանացաք՝ երեք տարի գտնվելով կալանքի տակ: Ինչո՞ւ: Ի՞նչն էր պատճառը, որ այդկերպ վարվեցին Ձեզ հետ:

-Ինչո՞ւ եք հարցնում, ուզում եք՝ խեղճանա՞մ: Ես գիտեմ՝ ինչու, սակայն չեմ ասի: Միայն թե հուսով եմ, որ նոր փորձաքննություն կնշանակվի: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ թե՛ գնման պահին, թե՛ գնումից երկար ժամանակ անց, թե՛ այսօր այդ հրթիռները պիտանի են կիրառության համար:

-Օդանավակայանում անցկացված դատական նիստերի ընթացքում էլ է դա ապացուցվել, այնպես չէ՞:

-Այնտեղ զննվել են պարզապես: Կարծում եմ՝ կասկած ունեցողների համար այդ կասկածները փարատվել են:

 

 

 

ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետխորհրդային տարածաշրջանի որոշ երկրներ «ցանկանում են Ռուսաստանից ինչ-որ բան վերցնել, բայց փոխարենը ոչինչ չտալ»։ Այս մասին նա ասել է ՀՏրրՌÿ հեռուստաալիքին տված հարցազրույցում։

 

«Բելառուսն ու Ռուսաստանը, փաստացի, նույն նավակի մեջ են։ Շրջվելու դեպքում երկուսս էլ կխեղդվենք՝ եւ՛ Ռուսաստանը, եւ՛ Բելառուսը։ Ինչո՞ւ թաքցնենք։ Մենք չենք սկսում խորամանկել՝ ինչպես մեր որոշ հետխորհրդային պետություններն են անում։ Նրանք ուզում են Ռուսաստանից ինչ-որ բան վերցնել, բայց փոխարենը՝ ոչինչ չտալով»,-ասել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ այդպես չի կարող շարունակվել, եւ պետք է միասնական լինել։

«Հեռու չէ այն ժամանակը, երբ դուք կգաք՝ նույն Ռուսաստանից աջակցություն եւ օգնություն խնդրելու։ Ուրիշ օգնող չկա։ Երբ Ղազախստանում ինչ-որ բան եղավ, ո՞ւմ դիմեցին, Չինաստանի՞ն, Հնդկաստանի՞ն, Պակիստանի՞ն։ Ո՛չ, Պուտինից օգնություն։ Եվ ՀԱՊԿ-ն այնտեղ ուժեր տեղակայեց, կես օր շարունակ մեր ինքնաթիռները վայրէջք էին կատարում այնտեղ, եւ ամեն ինչ իրենց տեղը դնում»,- հայտարարել է Լուկաշենկոն՝ շեշտելով, որ սա որպես նախատինք չի ասում։

Բելառուսի նախագահը վստահություն է հայտնել, որ արտակարգ իրավիճակների դեպքում ԱՊՀ երկրները կդիմեն Մոսկվայի ու Մինսկի օգնությանը։ Նա նաեւ կոչ է արել չխզել հետխորհրդային տարածաշրջանում կառուցված տնտեսական կապերը։

«Ի՞նչ է, Ղազախստանին կամ Ուզբեկստանին իրենց ապրանքներով սպասում են Ամերիկայո՞ւմ, թե՞ Եվրամիությունում։ Ո՛չ, նրանք խնդրում են Ռուսաստանում վաճառել դրանք։ Կա ընդհանուր շուկա։ Ինչո՞ւ կորցնենք այն, ինչ ունենք, եկեք ավելացնենք եղածը», – նշել է նա։

Լուկաշենկոն անդրադարձել է նաեւ Հայաստանի ղեկավարության քաղաքականությանը։

«Ո՞ւմ են պետք հայերը, բացի մեզնից։ Ոչ մեկին պետք չեն։ Թող զարգացնեն իրենց տնտեսությունը եւ սեւեռվեն նրա վրա, ինչ ունեն։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոնը չի լինի, եւ բոլորը կմոռանան Հայաստանի մասին»,-ասել է նա։

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ

«Դեռեւս ցանկություն չունեմ քաղաքականությամբ զբաղվելու». դատավարությունից առաջ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

«Խոսքն իշխանության համար պայքարի մասին է. քաղաքականության մեջ ես  եղել եմ 30 տարի, բայց անվտանգային քաղաքականության համար։ Ես երբեք իշխանության համար պայքարի մեջ չեմ եղել»,-ասաց Տոնոյանը։

«Անվտանգության ապահովման հետ կապված՝ պետությունը լուրջ խնդիրներ ունի հիմա, որոնց պետք է լուծումներ տան»,- հավելեց Տոնոյանը:

«Ես թե՛ իշխանությանը եւ թե՛ ընդդիմությանն ասում եմ՝ ես կարող եմ դրան մասնակից դառնալ, բայց ոչ քաղաքական նպատակներով»,-տեղեկացրեց նա։

Նշենք, որ օրեր առաջ Տոնոյանը 15 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց։

Հիշեցնենք, որ գրեթե երեք տարի նախկին նախարարը կալանավորված էր «անպիտան հրթիռների» գործով։ Այս գործով անցնող 7 մեղադրյալներից նա միակն էր, որ անազատության մեջ էր։ Դատարանը մերժել էր Տոնոյանի կալանքը փոխելու բազմաթիվ միջնորդությունները։

 

ՀՈՒՍՈՎ Է՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵԱՏՄ-ԻՑ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ

Մոսկվան հուսով է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից չի հրաժարվի ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պատճառով: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակում հիմնված են փոխշահավետ համագործակցության վրա, եւ Երեւանին ձեռնտու է ԵԱՏՄ-ում լինելը»,- ասել է Աղասանդյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ-ն «ընկել է Արեւմուտքի ծուղակը», որը միայն ներդրումներ, տեխնոլոգիաներ ու պայծառ ապագա է խոստանում, իսկ (մջբ.) «թե ինչ է ստացվում դրանից, բոլորը շատ լավ գիտեն»։

 

 

ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԵՐԵԽԱ Է ՈՒՆԵՑԵԼ

Նախկին ՔՊ-ական պատգամավոր Արգիշտի Մեխակյանը որդի է ունեցել։

Մեխակյանը ֆեյսբուքյան անձնական էջի story բաժնում լուսանկարներ է հրապարակել նորածնի հետ, ինչից ակնհայտ է, որ լրացել է երեխայի 40 օրականը։

Հիշեցնենք, որ նախկին ՔՊ-ական պատգամավորը ներկայումս հանդիսանում է Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավարը, իսկ իր մանդատը վայր է դրել 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմից հետո՝ նշելով, որ չի համակերպվում եղածի հետ։

Մանդատը վայր դնելուց հետո՝ նույն թվականի դեկտեմբեր ամսին Մեխակյանը վարչապետ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր Արմավիրի մարզպետի տեղակալ։

Նշենք, որ վերջինս ազատամարտիկ, լեգենդար հրամանատար Մեխակ Մեխակյանի որդին է, որի անունով Ջեբրայիլը կոչվել է Մեխակավան, եւ ով էլ Արցախն ազատագրողներից մեկն էր։

 

 




Լրահոս