«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոյեմբերին Բաքվում COP 29-ի շրջանակներում ականատես ենք լինելու Ադրբեջանի կողմից փաստերի ու իրադարձությունների նենգափոխման, միջազգային հանրության աչքում սեփական ցեղասպան դիմագիծը փրկելու, պատերազմական հանցագործություններից միջազգային ուշադրությունը շեղելու ադրբեջանական շոուին, որը, համոզված եմ, ուղեկցվելու է հայ ժողովրդի ու նրա արժանապատվությունը վիրավորող հերթական քայլերով»։

 

Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Ամեն դեպքում, նոյեմբերին Բաքուն հյուրընկալելու է միջազգային հազարավոր պատվիրակների, այդ թվում՝ բարձր ու բարձրագույն մակարդակի (պետությունների ու կառավարությունների ղեկավարներ)։

Խորհրդաժողովին մասնակցելու են միջազգային քաղաքական, իրավապաշտպան, բնապահպանական հարյուրավոր կազմակերպություններ, փորձագետներ, լրատմավիջոցների ներկայացուցիչներ։

Ադրբեջանական շոուն ամբողջացնելու համար դրան պակասելու է Հայաստանի Հանրապետության պաշտոնական մասնակցությունը, որի պարագայում Բաքվի բռնապետը իրեն ավելի հաստատուն կերպով կդիրքավորի իբրեւ տարածաշրջանային խաղաղությանն ու համակեցությանը միտված առաջնորդի։

Հայաստանի մասնակցությունը կօգնի լեգիտիմացնելու ադրբեջանական շոուն, նպաստելու այդ ցեղասպան երկրի միջազգային ընկալունակության բարձրացմանը։

Վերջերս Եվրոպական միության օրենսդիր եւ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում կարեւորել եմ COP 29-ին ընդառաջ Ադրբեջանի վրա միջազգային ճնշման ուժեղացումը, մասնավորապես՝ Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու պահվող այլ անձանց անհապաղ ազատ արձակման եւ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական օկուպացիոն ուժերի դուրս բերման համատեքստում։

Արդեն տեւական ժամանակահատված է, որ այս ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ է իրականացնում Հայ դատի համաշխարհային ցանցը։

Այս ուղղությամբ դրվատանքի արժանի աշխատանք է իրականացնում նաեւ Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ, մեր ժողովրդի մեծ բարեկամ Լուիս Մորենո Օկամպոն, ով հանդես եկավ նաեւ աշխարհասփյուռ հայությանն ուղղված կոչով։

Կարեւոր եմ համարում ընդգծել, որ Հայաստանի իշխանությունների հնարավոր մասնակցության եւ պարտվածի հոգեբանությամբ նրանց կանխատեսելի քաղաքական վարքի պայմաններում մեր այն գործընկերները, որոնք պատրաստակամություն են հայտնել մինչեւ COP 29-ը եւ դրա ընթացքում հանդես գալ հստակ դիրքորոշումներով, ունենալու են տրամաբանական կաշկանդվածություն դիրքորոշումների արտահայտման հարցում։

Ուստի, Հայաստանը ներկայացնող որեւէ պատվիրակություն չպետք է մասնակցի COP 29-ին, իսկ մասնակցելու դեպքում՝ պետք է հստակ բարձրաձայնի Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման, բռնի ուժով տեղահանության, իրականցրած ցեղասպան քաղաքականության եւ Բաքվի բանտերում պահվող ռազմագերիների անհապաղ ազատ արձակման մասին։

Հակառակ պարագայում Հայաստանի օրվա իշխանությունը հերթական անգամ կփորձի լեգիտիմացնել Բաքվի բռնապետի ագրեսոր եւ հակահայ քաղաքականությունը»,-գրել է նա:

 

 

 

ԿԽԶԵՆ ԿԱՊԵՐԸ ՌՈՒԵ-Ի ՀԵՏ

Ուկրաինայի Գերագույն ռադան քվեարկել է երկրի տարածքում Ռուս Ուղղափառ եկեղեցու (ՌՈւԵ) եւ նրա հետ կապված կազմակերպությունների արգելման օգտին։ Օրինագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ:

«Կողմ» է քվեարկել 265 պատգամավոր։ Ժելեզնյակի խոսքով՝ օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակումից 30 օր հետո։

«Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին կունենա 9 ամիս՝ ՌՈՒԵ-ի հետ կապերը խզելու համար», – գրել է խորհրդարանականը։

Օրենքի 5-րդ հոդվածը («Խղճի եւ կրոնական կազմակերպությունների ազատության մասին») լրացվում է ձեւակերպմամբ, որից հետեւում է, որ թույլ չի տրվում կրոնական կազմակերպությունների գործունեությունը, որոնք կապվում են եկեղեցու ազդեցության կենտրոնների հետ, որի ղեկավարող կենտոնը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։

6-րդ հոդվածի 16-րդ մասը լրացվում է այն կետով, որ խախտումների բացահայտման դեպքում կրոնական կազմակերպության գործունեությունը կարող է դադարեցվել դատական կարգով, ըստ գործադիր իշխանության կենտրոնական մարմնի հայցի, որն իրականացնում է կրոնի ոլորտի պետական քաղաքականությունը (կամ դատախազի հայցով)։

 

 

ՊԱՇՏՈՆԻՑ ՉԵՆ ՀԵՌԱՑՐԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ից հեռացված Թաթուլ Բաղդասարյանին հեռացրել են «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Մարտունու մասնաճյուղի տնօրենի պաշտոնից այն պատճառով, որ վերջինս իր իսկ աշխատասենյակում փորձել է կաշառք վերցնել՝ շուրջ 300.000 դրամ, ինչն էլ տեղում պարզել են  իրավապահները։

Հիշեցնենք, որ Թաթուլ Բաղդասարյանը եղել է «ՔՊ» կուսակցության անդամ, ով սոցհարթակներում ակտիվորեն կիսվում էր Նիկոլ Փաշինյանի բոլոր ելույթներով եւ գրառումներով, ինչպես նաեւ լուսանկարներ էր հրապարակում ՔՊ վերնախավի, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հետ:

Չնայած վերը նշված հանգամանքներին՝ 2024 թվականի մայիսի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Թաթուլ Բաղդասարյանին հեռացրել են ՔՊ կուսակցությունից։

Նաեւ հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ Թաթուլ Բաղդասարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Մարտունու մասնաճյուղի տնօրեն, 2023թ. հունիսի 5-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի 1-ին շենքի հասցեում գտնվող «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ Մարտունու մասնաճյուղի շենքում վիճաբանել էր մասնաճյուղի պահակ Արգիշտի Հարությունյանի հետ։

Վիճաբանության թեման եղել էր նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, ապա ֆիզիկական ներգործություն կատարելու դիտավորությամբ՝ երկու անգամ ապտակել էր վերջինիս դեմքին՝ պատճառելով նրան թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Թաթուլ Բաղդասարյանի հետ՝ պարզելու՝ արդյոք կաշառք վերցնելու համար են նրան հեռացրել «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Մարտունու տնօրենի պաշտոնից եւ ՔՊ խմբակցությունից։

Մեզ հետ զրույցում Բաղդասարյանն ասաց, որ իրեն չեն հեռացրել տնօրենի պաշտոնից, այլ կազմակերպությունն է լուծարվել, որտեղ հիմա էկո-պարեկներն են, այսինքն՝ կաշառքի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

 

 

ԱՄՆ-Ն՝ ԱՌԱՋՆՈՐԴ

Ամերիկայի նախագահ Ջո Բայդենը պնդում է, որ միայն Միացյալ Նահանգները կարող է լինել համաշխարհային առաջնորդ։

«Եվ սա կատակ չէ, ես բառացիորեն եմ ասում. ո՞վ կարող է ղեկավարել աշխարհը, բացի Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Ամերիկան հաղթում է եւ դա կլինի հօգուտ աշխարհի»,-հայտարարել է նա Չիկագոյում Դեմոկրատների ազգային համագումարում, որտեղ պաշտոնապես պետք է դառնար նախագահի թեկնածուն առաջիկա՝ նոյեմբերին կայանալիք ընտրություններում։ Սակայն համակուսակիցների ճնշման ներքո Բայդենը ստիպված եղավ հուլիսին դուրս գալ ընտրապայքարից՝ էստաֆետը փոխանցելով փոխնախագահ Քամալա Հարիսին։

Բայդենը հիշեցրել է նաեւ, որ Հանրապետական կուսակցությունից բարձրագույն կառավարական պաշտոնի թեկնածու Դոնալդ Թրամփը «Ամերիկան անվանում է ձախողված երկիր»։

«Մտածեք այն ուղերձի մասին, որը նա ուղարկում է աշխարհին, երբ խոսում է Ամերիկայի մասին՝ որպես ձախողվող երկրի մասին»,-նման ուղերձով է դիմել Բայդենն իր համաքաղաքացիներին:

 

ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը:

«Ոչ մեկին, ներառյալ՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին, թող չթվա, թե կարող են Հայաստանի Հանրապետության հետ խոսել այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանի հետ։ Մեր ազգի ու պետության բնորոշիչ հատկանիշներից մեկը եղել է ու կլինի արժանապատվության զգացումը, եւ մենք այն վաղ թե ուշ կվերականգնենք», – նշել է պատգամավորը:

 

ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 19-ին Թուրքիայի արտգործնախարարությունը X-ի սոցէջում «Մարդասիրական օգնության համաշխարհային օրվա» առիթով հայտարարություն է տարածել:

Հայտարարության մեջ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հերթական անգամ դատապարտել է Իսրայելի կողմից Պաղեստինի Գազայի հատվածում իրականացվող գործողությունները եւ ընդգծել, որ դրանց ընթացքում իսրայելական կողմը սպանում է անգամ UNRWA-ի աշխատակիցներին: (UNRWA – ՄԱԿ-ի Մերձավոր Արեւելքում Պաղեստինի փախստականների օգնության եւ աշխատանքների գործակալություն):

«Գազայում ավելի քան 40 հազար անմեղ պաղեստինցու (մեծամասնությունը կանայք եւ երեխաներ) սպանած Իսրայելը, չի տարանջատում նույնիսկ հումանիտար օգնություն տրամադրող աշխատակցիներիներին, կամավորներին, այդ թվում` UNRWA-ի  աշխատակիցներին եւ նրանց սպանելով՝ շարունակում է հանցագործությունները մարդկության դեմ»,- նշվել է գրառման մեջ:




Լրահոս