ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում կատարված նախաքննության արդյունքները։

 

Հիշեցնենք, որ չնայած կոռուպցիոն հանցագործությունները քննչական ենթակայության կարգով քննվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, սակայն բազմաթիվ դեպքերով ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է քննել նմանատիպ վարույթներ:

Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 1.003 քրեական վարույթ, որը 46-ով կամ 4,3%-ով քիչ է 2023թ. Առաջին կիսամյակի համեմատ։

Նշված 1.003 քրեական վարույթից 32-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ եւ 60 անձի վերաբերյալ ուղարկվել դատարան, 132-ը կարճվել է, որից 104-ը՝ ռեաբիլիտացնող, իսկ 28-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով։ 90 վարույթով ավարտվել են վարութային գործողությունները, 112-ն ուղարկվել է այլ մարմին, 37 վարույթ միացվել է, իսկ 600 վարույթ փոխանցվել է 2024թ. 2-րդ կիսամյակ:

Քննվող վարույթները վերաբերել են մասնավորապես՝

. պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող, այդ թվում՝ մասնավորեցման ոչ ենթակա գույքը հանցավոր տարբեր սխեմաներով վարձակալության տալուն կամ օտարելուն, հողամասերի ինքնակամ զավթմանը,

.  ուսումնական, բժշկական, համայնքային կամ պետական հաստատություններում աշխատակիցներին անաշխատ եկամուտներ հատկացնելու, կամ չկատարված ծախսերի, պետական պատվերի շրջանակներում չմատուցված ծառայությունների պայմաններում հավելագրումների եղանակով միջոցներ հափշտակելուն,

. առանձին հիմնարկներում ծառայությունների մատուցման գնման պայմանագրերով նախատեսված աշխատանքները չկատարված կամ թերի կատարված լինելու պայմաններում ամբողջ գումարմները փոխանցելով վատնում կատարելուն,

. ծառայության ձեռք բերման մրցույթների ընթացքում մրցույթի մասնակիցների միջեւ արհեստականորեն, պաշտոնական դիրքի չարաշահմամբ, անհավասար պայմաններ ստեղծելուն,

. առանձին համայնքներում քաղաքացիներից հավաքագրվող վարձավճարները, պաշտոնեական անփութության արդյունքում չմուտքագրելուն եւ հափշտակությանը,

. ուսումնական, պետական, համայնքային հաստատություններում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ հափշտակություններ, պաշտոնեական կեղծիքներ եւ փաստաթղթերի կեղծիքներ կատարելուն,

. պետական ոլորտային աջակցության ծրագրերի շրջանակներում չարաշահումներին,

. փողերի լվացմանը եւ այլն։

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով իրականացված մինչդատական վարույթի ընթացքում ավարտված քրեական վարույթներով պարզված՝ պատճառված գույքային վնասը, նախնական հաշվարկներով, կազմել է 7.446.326.000 ՀՀ դրամ, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է 675.420.000 ՀՀ դրամը։

Վերականգնվածից 657.630.000 ՀՀ դրամը եղել է պետությանը պատճառված վնասը, 9.798.000 դրամը՝ համայնքներին, 4.000.000 ՀՀ դրամը՝ իրավաբանական, իսկ 3.992.000 ՀՀ դրամը՝ ֆիզիկական անձանց պատճառված վնասը։

Ընդ որում՝ 2024թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործություններով վնասի վերականգնման ցուցանիշը ավելի քան 4 անգամ գերազանցում է 2023թ. նույն ժամանակահատվածի արդյունքները՝ (156.126.000 ՀՀ դրամ)։

Քրեական վարույթներով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ պատճառված վնասի մնացած մասի վերականգնումը եւս ապահովելու ուղղությամբ։

 

 

 

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԹՄՐԱՆՅՈՒԹԸ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 12-18-ը հանրապետության տարածքում հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 12 828 կգ կանեփի եւ 5 կգ կակաչի վայրի աճած զանգված:

«Տնամերձ 27 հողամասում հայտնաբերվել է կանեփի 1263 բույս:

Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է` 560 գրամ մարիխուանա, 4.18 գրամ մեթամֆետամին, 5 գրամ սփայս, 21.5 մլ մեթադոն եւ 62.12 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքի արդյունքում հայտնաբերվել են նաեւ տարբեր տրամաչափի 196 փամփուշտ, 3 ատրճանակ, 3 հրացան։

Միջոցառման շրջանակում հայտնաբերվել է 25 հետախուզվող:

«Կանեփ-կակաչ-2024» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

ԱՐԳԵԼՎԱԾ ԻՐԵՐ

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սեւան» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ փորձ է արվելու փաթեթի ներնետման միջոցով «Սեւան» քրեակատարողական հիմնարկ անցկացնել արգելված իրեր։

Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները վերոնշյալ տարածքային բաժնի ծառայողների հետ համատեղ օգոստոսի 19-ին՝ ժամը 09։50-ի սահմաններում, զննության են ենթարկել հիմնարկի ողջ տարածքը։ Արդյունքում՝ հիմնարկի մասնաշենքերից մեկին հարող խոտածածկի վրայից հայտնաբերել են փնտրվող փաթեթը՝ ամրացված թելով եւ լուսարձակող կրակայրիչով։ Փաթեթում առկա է եղել 2 բջջային հեռախոս։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ արգելված իրերի պատկանելիությունը բացահայտելու ուղղությամբ։

 

 

ՍՊԱՌՆԱԼԻՔ

Օգոստոսի 19-ին՝ ժամը 23:40-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ «Տոյոտա» մակնիշի տաքսի մեքենայի վարորդը 400 մետրի համար իրենից 1800 դրամ է պահանջել, որը ինքը չի տվել, սակայն դրանից հետո նա եկել է իր տուն եւ ատրճանակի սպառնալիքով վերցրել է 1400 դրամը:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի եւ Չարբախի բաժանմունքի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են վարորդի ինքնությունը: Երեւանի բնակիչ 33-ամյա երիտասարդը օգոստոսի 20-ի գիշերվա ժամը 2:10-ին Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է Շենգավիթի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ: Նա եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:

 

 

ՈՒՂԵՎՈՐԸ ԿԵՂԾ ԹՂԹԱԴՐԱՄ Է ԻՐԱՑՐԵԼ

Օգոստոսի 19-ին՝ ժամը 23:00-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Փոքր Վեդի գյուղում փողոցային առեւտուր անելիս իրեն վճարել են կեղծ դրամ: Հայտնել է նաեւ, որ վճարողները եղել են «Նիսան» մակնիշի մեքենայով եւ գնացել են դեպի Ջերմուկ:

Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է ահազանգի հետքերով:

Պարզվել է, որ գյուղմթերքի վաճառքի կետ մոտեցած մեքենայի վարորդը վճարել է 10 հազար դրամանոց եւ մթերքից բացի ստացել նաեւ 6750 դրամ մանրը։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բաժնի ծառայողները, համագործակցելով Արարատի մարզի պարեկների հետ, պարզել են վարորդի ինքնությունը. նա Երեւանի բնակիչ էր՝ 41-ամյա տղամարդ: Ահազանգից մոտ մեկուկես ժամ անց Երասխ-Երեւան ճանապարհի 26-րդ կմ-ին` Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում, վարորդն ու իր ուղեւորը` երեւանցի 45-ամյա տղամարդը, հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել են ոստիկանության Արարատի բաժին: Այստեղ պարզվել է, որ կեղծ թղթադրամն իրացրել է ոչ թե վարորդը, այլ ուղեւորը:

Անձնական խուզարկությամբ ուղեւորի դրամապանակում հայտնաբերվել է 17 հատ 10 հազար եւ 11 հատ 20 հազար դրամ անվանական արժեքով հուշանվեր թղթադրամ:

Հայտնաբերվածը փաթեթավորվել եւ տղամարդկանց հետ ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին: «Նիսանը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Հանգամանքները պարզվում են:

 

ԴԱՏԱԿԱՆ  ՈՐՈՇՈՒՄ

«Դատարանը ճանաչեց Հայաստանում պրո-թուրքական կուսակցության համագումարի ժամանակ իմ ձերբակալությունը, եւ ՁՊՎ-ում իմ 3-օրյա կալանքը համարեց ոչ իրավաչափ»։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը։

«Կրկին անգամ ես ապացուցեցի, որ իմ բոլոր գործողություներն օրենքի շրջանակներում են եւ ՈՉ մի անօրինական գործողություն չեմ կատարում։ Այս իշխանությունն ինձ ենթարկում է քաղաքական հետապնդման եւ ենթարկում է քաղաքական ճնշումների։ Այս իշխանությունը փուչիկ եւ շինծու գործերով փորձում է հանրության մոտ ինձ ներկայացնել որպես հանցագործ, այն դեպքում, երբ ես իմ օրինական գործողությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում չեղարկեցի պրո-թուրքական կուսակցության համագումարը»,- գրել է նա։

 




Լրահոս