Ինֆեկցիոն հիվանդությունները մարդկության ողջ պատմության ընթացքում հանդիսացել են կյանքի եւ մահվան անբաժանելի մասը։ Հակաբիոտիկների եւ պատվաստումների հայտնաբերումը բեկումնային եղան ինֆեկցիոն հիվանդություններից մահացության դեպքերի կտրուկ նվազման առումով, սակայն գիտատեխնիկական զարգացումը, իր բոլոր դրական հետեւանքներով հանդերձ, ունեցավ նաեւ այնպիսի բացասկան հետեւանք, ինչպիսին գլոբալ տաքացումն է։
Երկիր մոլորակի վրա ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը հանգեցնում է ինֆեկցիոն հիվանդությունների աշխարհագրական տարածման փոփոխության։ Այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք նախկինում գրանցվել են միայն տրոպիկական եւ սուբտրոպիկական երկրներում, այսօր արձանագրվում են աշխարհի տարբեր երկրներում։
Քովիդի համաճարակից հազիվ ուշքի եկած՝ արդեն լսում ենք նոր վիրուսի մասին։ Ինչպես հայտնի է՝ Հայաստանում արձանագրվել է Արեւմտյան Նեղոսի տենդի 20 դեպք՝ 1 մահվան ելքով: Բոլոր հիվանդները (25-65 տարեկան) հոսպիտալացված են, նրանց վիճակը գնահատվում է միջինից մինչեւ ծանր:
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ինֆեկցիոն կլինիկայի բժիշկ, ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Ալվարդ Հովհաննիսյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշում է, որ Արեւմտյան Նեղոսի տենդը վիրուսային վարակիչ հիվանդություն է, փոխանցվում է մոծակների, տզերի միջոցով. մարդուց մարդուն չի փոխանցվում:
Բժշկի փոխանցմամբ՝ այս վիրուսն առաջին անգամ անջատվել է 1937թ.-ին Ուգանդայում բնակվող հիվանդ կնոջից։ Սկսած 1960թ.-ից՝ Եվրոպայում պարբերաբար գրանցվել են այս հիվանդության դեպքեր, երբեմն նույնիսկ բռնկումների ձեւով։ «Հիվանդությունը մարդուն փոխանցվում է վարակված մոծակի խայթոցի հետեւանքով, սովորաբար ընթանում է առանց ախտանիշների, հազվադեպ կարող է դիտվել հիվանդության ծանր ընթացք՝ առաջացնելով կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում՝ էնցեֆալիտ կամ մենինգիտ։ Ռիսկի խմբում են հիմնականում ուղեկցող, քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ (սիրտ-անոթային, օնկոլոգիական հիվանդություններ, շաքարային դիաբետ եւ այլն), մեծահասակները։ Հիվանդությունը դրսեւորվում է բարձր ջերմությամբ, համառ գլխացավերով, փսխումներով, գիտակցության խանգարմամբ, տարածուն մկանացավերով, հոդացավերով, մարմնի ցանավորմամբ։ Հիվանդության բուժումը ախտանշանային է, յուրահատուկ հակավիրուսային բուժում, ինչպես նաեւ արդյունավետ պատվաստում գոյություն չունի»,-նշում է Ալվարդ Հովհաննիսյանը։
Բժիշկը նշում է, որ հիվանդությունն ախտորոշվում է արյան լաբորատոր հետազոտությամբ:
Արդյո՞ք սա կարող է դառնալ 2-րդ քովիդ, բժիշկ-ինֆեկցիոնիստը քիչ հավանական է համարում, քանի որ վարակը մարդուց մարդու չի փոխանցվում, իսկ մոծակներն ակտիվ են միայն ամռան ամիսներին:
«Այժմ դեպքեր կան ե՛ւ ԱՄՆ-ում, ե՛ւ Եվրոպայում, ե՛ւ Ասիայում, իսկ մեր երկրում վտանգավոր տարածքներ են խոնավ ու շոգ վայրերը, բայց պետք է հաշվի առնել, որ մոծակները կարող են տեղափոխվել մի տարածքից մյուսը»,-ասում է Ալվարդ Հովհաննիսյանը։
Արեւմտյան Նեղոսի տենդ հիվանդությունից պաշտպանվելու լավագույն միջոցը, բժշկի փոխանցմամբ, մոծակների խայթոցից խուսափելն է, ինչը հնարավոր է՝ կրելով փակ հագուստ, կիրառելով միջատասպան ցանցեր եւ միջոցներ, չորացնելով ջրի հնարավոր աղբյուրները։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԴՄ-Ի ՊԱՐՏԱԴԻՐ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋ
Պետական եկամուտների կոմիտեն աշխատանքային քննարկում է նախաձեռնել մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների իրականացման նոր կարգավորումների շուրջ, որին մասնակցել են ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ ֆիզիկական անձինք։ Այս մասին հաղորդագրություն է տարածել պետական եկամուտների կոմիտեն:
ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը եւ կոմիտեի մասնագետները հանդիպման մասնակիցներին ներկայացրել են ոլորտում սպասվող նոր կարգավորումները, մասնավորապես, օրենսդրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտնում 2024 թ. սեպտեմբերի 1-ից։
Օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումներ կարող են իրականացնել այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին։ Յուրաքանչյուր պատվերի իրականացման դեպքում նրանք պարտավոր են պատվիրատուին տրամադրել պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն (բացառությամբ՝ էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայության միջոցով ուղեւորափոխադրումներին)։ Սեպտեմբերի 1-ից վերջիններիս համար էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է։
Հանդիպման մասնակիցներին իրազեկվել է նաեւ, որ թեթեւ մարդատար ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումներ կարող են իրականացվել նաեւ էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայության միջոցով։ Այս դեպքում պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնը պատվիրատուին տրամադրում է էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը։
Այսպես, կանխիկ դրամով վճարումների դեպքում պետական տուրքը սահմանվել է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝
գ 2 տոկոսի չափով՝ 2024 թ.սեպտեմբերի 1-ից
գ 3.5 տոկոսի չափով՝ 2025 թ. հունվարի 1-ից
գ 5 տոկոսի չափով՝ 2026 թ. հունվարի 1-ից։
Անկանխիկ դրամով վճարումների դեպքում յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝
գ 1.5 տոկոսի չափով՝ 2024 թ.սեպտեմբերի 1-ից
գ 2.5 տոկոսի չափով՝ 2025 թ. հունվարի 1-ից
գ 4 տոկոսի չափով՝ 2026 թ. հունվարի 1-ից։
Պետական բյուջե վճարման ենթակա պետական տուրքի վերաբերյալ հայտարարությունը հարկային մարմին է ներկայացվում բացառապես էլեկտրոնային եղանակով՝ մինչեւ յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ։
Իսկ պետական տուրքը վճարվում է յուրաքանչյուր ամսվա համար:
ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածում` Բաղանիս-Այրումից վերեւ, սահմանազատման անվան տակ Ադրբեջանին նոր հանձնված տարածքից բարձր` բարձունքում ադրբեջանական զինուժը ռադիոաշտարակ է կանգնեցրել, որի կողքին մշտապես կանգնած է ռադիոհետախուզական սարքավորումներով հագեցած արծաթագույն «Կամազ» մակնիշի ավտոմեքենա։ Ադրբեջանն ուժեղացրել է Հայաստանի դեմ ռադիոհետախուզությունը։ Սահմանամերձ Ոսկեվանից Կոթի գնալիս, նաեւ միջպետական ավտոճանապարհով սահմանամերձ Բերդավանից Զորական գյուղ գնալիս, երբ վարորդները մեքենայում մագնիտոֆոն կամ հայկական ռադիոալիքներ են միացնում, եթերում միայն ադրբեջանական ռադիոալիքներ են լինում։
ԳԱՂՏՆԱԳՐՈՒՄ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2024թ. հուլիսի 23-ին որոշում է ընդունել Տավուշի մարզպետի աշխատակազմում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ։ Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, անդամներն են մարզպետարանի վարչությունների պետերը եւ իրավաբանական բաժնի պետը։ Ի՞նչ նպատակ է հետապնդում մարզպետարանում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված ցանկեր մշակելու որոշումը. գուցե Տավուշի մարզից Ադրբեջանին նոր տարածքներ են հանձնվելու։ Մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում ենք ուղել՝ Ադրբեջանին հանձնված տարածքների դիմաց պետական բյուջեից ինչքա՞ն գումար է նախատեսված Կիրանցի բնակիչներին փոխհատուցելու համար, ինչքա՞նն է նրանց արդեն տրվել, ի՞նչ սկզբունքով է որոշվել փոխհատուցման չափը։ Մարզպետարանից պատասխանել են. «Պահանջվող տեղեկատվությունը ենթակա չէ տրամադրման, քանի որ այն ունի գաղտնիության դրոշմագիր»
ԾՐԱԳԻՐԸ ՁԱԽՈՂՎԵԼ Է
Տավուշում 4 դպրոցի շենք է կառուցվում՝ Կիրանցում, Գանձաքարում, Բագրատաշենում, Դովեղում։ Սահմանամերձ Դովեղ գյուղի դպրոցի շինարարությունը շուրջ 5 ամիս է` դադարեցված է։ Շինարարությունը սկսվել է 2022թվականի վերջին, շինարարության ավարտի ժամկետի երկարաձգումից հետո այն պետք է ավարտվեր 2024 թվականի հունիսի կեսին։ Դպրոցի շենքը կառուցվում էր պետական բյուջեի 1 միլիարդ 218 միլիոն դրամ ֆինանսավորմամբ, շինարարությունը իրականացնում էր «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում ենք արել՝ ե՞րբ է գործարկվելու Դովեղի նորակառույց դպրոցը։ Մարզպետարանից պատասխանել են. «Դովեղի նորակառույց դպրոցի շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են կապալառուի ոչ պատշաճ աշխատանքների պատճառով»։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ